RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



ԹԲԻԼԻՍԻ

Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1155, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՆՈՐ ՏԻՏՂՈՍԸ

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը` Վրաստանի ԳԱԱ անդամ

Անվանի հայ գիտնական, Հայաստանի ԳԱԱ կազմում գտնվելու ամենամեծ ստաժ ունեցող ակադեմիկոս (1965 թվականից, իսկ թղթակից անդամ` 1956 թվականից) Սերգեյ Համբարձումյանն ընտրվել է Վրաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ:

«Հարգելի Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանն ընտրվել է մեր ակադեմիայի արտասահմանյան անդամ», - հաստատեց վրաստանյան ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Գեորգի Քվեսիթաձեն: «Այդ որոշումը մեր կողմից ընդունվել է միաձայն», - հատուկ ընդգծեց նա:

Հայ գիտության 91-ամյա նահապետի պատվավոր նոր տիտղոսը դարձավ նրա գիտական ակնառու ծառայությունների եւս մեկ հաստատումը: 2002 թ. Ռուսաստանի ԳԱ «Կիրառական մաթեմատիկա եւ մեխանիկա» հեղինակավոր հանդեսն այսպես է գրել մեկ տարի անց այդ ակադեմիայի արտասահմանյան անդամ ընտրված Սերգեյ Համբարձումյանի մասին. «Ամրության տեսության, անիզոտրոպ շերտավոր թաղանթների ու սալերի ամրության ու տատանումների, առաձգականության տարրամոդուլ տեսության, բարակ մարմինների էլեկտրամագնիսաառաձգականության հարցերի վերաբերյալ նրա աշխատությունները քաջ հայտնի են աշխարհում եւ էական ավանդ են համաշխարհային գիտությանը»:

Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի 1942 թ. շրջանավարտ Սերգեյ Համբարձումյանը 1959-71 թթ. գլխավորել է Հայկական ԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտը, 1971 թ. դարձել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի հիմնադիր տնօրենըՙ ղեկավարելով մինչեւ 1977 թ. (1992 թվականից սույն հաստատության պատվավոր տնօրենն է):

1971-74 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների ու մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար,1974-77 թթ.` ակադեմիայի փոխնախագահ, 1977-91 թթ.` Երեւանի պետական համալսարանի ռեկտոր:

1975-80 թթ. ակադեմիկոսն ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, 1979-89 թթ.` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989-91 թթ.` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, 1990-91 թթ.` Խ. Միության Գերագույն խորհրդի անդամ:

2000 թվականից ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի գիտական գլխավոր խորհրդատուն է:

Անվանի գիտնականը «Տիգրան Մեծ» շքանշանի 4 ասպետներից մեկն է` այդ պարգեւին նա արժանացել է անցյալ տարի Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, պարգեւատրված է նաեւ ԽՍՀՄ բարձրագույն` Լենինի, այլ հեղինակավոր պարգեւներով, ՌԴ Բարեկամության շքանշանով:

Վրաստանի ԳԱԱ-ն հիմնադրվել է 1941 թ. ԽՍՀՄ ԳԱ վրացական մասնաճյուղի եւ Թբիլիսիի պետական համալսարանի մի շարք գիտահետազոտական ստորաբաժանումների հիման վրա: Դրա արտասահմանյան անդամների թվում են Նոբելյան մրցանակակիրներ Նիկոլայ Բասովը, Ժորես Ալֆյորովը, Ահարոն Չեհանովերը, ինչպես նաեւ Վլադիմիր Ֆորտովը, Վիտալի Գոլդանսկին, Անատոլի Լոգունովը, Վիկտոր Սադովնիչին, Ժան-Պիեռ Մահեն, Նիկոլայ Լավյորովը, Լեո Բոքերիան, տարբեր երկրներից այլ խոշոր գիտնականներ:

Հայաստանի ու Վրաստանի ԳԱ համագործակցությունն ունի տասնամյակների պատմություն: Երկու երկրների կաճառներն ակտիվ շփումներ ունեն գիտությունների ակադեմիաների միջազգային ընկերակցության շրջանակներում:

Դրացի հանրապետության ԳԱ հիմնադիր (1941-72 թթ.) ու պատվավոր (1972-76 թթ.) նախագահ ակադեմիկոս Նիկոլայ (Նիկոլոզ) Մուսխելիշվիլին (1891-1976) 1961 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ պատվավոր ակադեմիկոս: Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908-96), որը 1947-93 թթ. անփոփոխ գլխավորել է Հայաստանի Գիտությունների ակադեմիան, իսկ հետո դարձել է դրա պատվոր նախագահը, մտավ ՎԽՍՀ ԳԱ պատվավոր ակադեմիկոսների շարքը 1979 թվականին:

Այդ ավանդույթը շարունակվեց նաեւ հետխորհրդային տարիներին: ՀՀ ԳԱԱ 1993-2006 թթ. նախագահ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը (1923-2010) 2002 թ. ընտրվել է Վրաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ: Իր հերթին, այդ ակադեմիան 1986-2005 թթ. ղեկավարած Ալբերտ Թավխելիձեն (1930-2010) 2003թ. դարձավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Հայկական ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում 2002 թ. շնորհվել է Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ