RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 854, Տպվել է` 96, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՆ ՈՒ ՕՈՒԼՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Երեկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական եւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների միջեւ ստորագրվեց համագործակցության նոր աստիճան ենթադրող հուշագիրըՙ «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում:

«Կրթական ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները կազմակերպչական եւ ֆինանսական մեծ ներդրում են պահանջում, որոնք ապահովելու դեպքում հնարավոր կլինի կյանքի կոչել դրանք»,-նշեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը :

Կնքված հուշագիրը ենթադրում է ուսանողների, դասախոսական անձնակազմի եւ կրեդիտների փոխանակում ուսումնական պրակտիկայի ոլորտում, համատեղ հետազոտական գործունեություն, կրկնակի բակալավրական, մագիստրոսական, դոկտորական աստիճան շնորհող կրթական ծրագրեր:

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ընդգծեց` բուհում ամենակարեւոր օղակը եղել, կա եւ մնում է ուսանողը, ապա առաջարկեց երկու համալսարանների միջեւ 2014 թվականին իրականացնել ուսանողների փոխանակման ծրագիր:

Ռուբեն Միրզախանյանը Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունենին համարեց ֆիննական կրթական նորագույն համակարգի հիմնադիրներից մեկը, ապա սիրով ընդունեց նրա` Օուլուի համալսարանում հյուրընկալվելու հրավերը:

Լաուրի Լայունեն մեծ պատիվ համարեց հուշագրի ստորագրումը` այն դիտարկելով երկու բուհերի համագործակցության առաջին փուլի ամփոփման եւ հետագա զարգացման փաստաթուղթ, որն ամպայման կիրագործվի. «Ստորագրված համաձայնագիրը ենթադրում է ոչ միայն ուսանողների ուսումնառության գործընթացի կազմակերպում, այլեւ դասախոսական անձնակազմի փոխանակում, որը հնարավորություն կտա համատեղ կազմակերպել ակադեմիական դասընթացներ, իրագործել հետազոտական նախագծեր եւ ինչու ոչ` մշակել երկու պետությունների եւ բուհերի կողմից ճանաչվող համատեղ գիտական աստիճաններ շնորհելու ծրագիր»:

Լաուրի Լայունեն շնորհակալություն հայտնեց համագործակցող կողմերին, ապա նշեց` երկու բուհերի համագործակցությունը թերեւս կյանքի չկոչվեր, եթե չլիներ Օուլուի համալսարանի կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա-Լիզա Կորկեամակին: Օուլուի ռեկտորը անկեղծացավ` եռամյա համագործակցության ընթացքում իրենք եւս եղել են սովորողի կարգավիճակում. Օրինակ, կրթության ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Վեսա-Մատտի Սարենիուսը ուսումնասիրել է հայոց լեզուն եւ հայկական մշակույթը: Ի դեպ, վերջինս ներկաներին ողջունեց հայերեն:

Հանդիպման ավարտին համագործակցող բուհերի ներկայացուցիչները փոխանակեցին շնորհակալագրեր եւ հուշանվերներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում անցկացվող Հայկական պետական մանկավարժական եւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների համագործակցային ծրագիրն ամփոփող աշխատաժողով-կոնֆերանսը, որի բացմանը ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա երեք տարի առաջ մեկնարկած ծրագիրը համարեց ոլորտում շոշափելի ձեռքբերումներով աչքի ընկնող ամենահաջողված ծրագիրը:

««Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագիրը պետք է դառնա կրթական ոլորտի յուրաքանչյուր մասնակցի սեփականություն, ոչ թե կատարած աշխատանքի հաշվետություն: Սա բովանդակություն է, որ պետք է ներդրվի այլ բուհերում եւսՙ եվրոպական լավագույն կրթական չափանիշներին համապատասխան դասավանդման մեթոդաբանություններ, առարկայական ծրագրեր, կրթության որակի ապահովման ժամանակակից գործիքներ ունենալու համար. դրանք են ժամանակակից որակյալ կրթության բաղադրիչները»,-ասել էր Արմեն Աշոտյանըՙ հույս հայտնելով, որ երկու բուհերի միջեւ սկիզբ դրված համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում:

Նախարարն անդրադարձել էր նաեւ ծրագրի արդյուքներինՙ նշելով, որ բացի արտաքին ֆինանսական եւ բովանդակային աջակցությունից, Մանկավարժական համալսարանը համագործակցել է աշխարհի լավագույն բուհերից մեկի հետ, որի կրթական մոդելը Եվրոպայի մանկավարժության բնագավառում դասական օրինակ է: Խոսելով ծրագրի շրջանակում Օուլուի համալսարանի ձեռքբերումների մասինՙ Արմեն Աշոտյանը վստահեցրեցՙ օտարերկրյա գործընկերների համար նույնպես այս համագործակցությունը միջազգայնացման հաջողված ծրագիր էր:

«Ծրագրի ընթացքը գնահատում ենք օգտակար եւ արդյունավետ. համագործակցության եւ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են պրակտիկայի կազմակերպման նոր մոդելներ, տարբեր առարկաների գծով նոր ծրագրեր, մեթոդական մոտեցումներ եւ ուսումնական գործընթացի բարեփոխման այլ բաղադրիչներ»,-ողջույնի խոսքում նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՙ հավելելով, որ գործընկեր բուհերի մասնագետների փոխայցելություններն անգնահատելի եւ արդյունավետ նշանակություն կունենան ոչ միայն այդ համալսարանների, այլեւ երկու երկրների կրթական համակարգերում:

«Ֆինլանդիայում ուսուցիչը միշտ էլ հարգված մասնագիտություն է եղել. մենք ունենք ուսուցիչների պատրաստման, կրթության իրականացման գործում հինավուրց ավանդույթներ: Մեր երկրի տնտեսական հաջողությունների հիմնական մասը հենց կրթական համակարգի հզորությունն է եղել, ներկայումս մեր երկիրը հենված է հենց գիտելիքի ապահովման վրա, իսկ բարձր որակի կրթության երաշխիքը դասախոսի որակն է»,-ասաց Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունենՙ հավելելով, որ ներկայիսՙ գլոբալիզացիայի ժամանակաշրջանում բոլոր համալսարաններին անհրաժեշտ են գործընկերներՙ արդյունավետ համագործակցություն ունենալու համար:

Լաուրի Լայունեն ընդգծեց, որ համագործակցության ընթացքում երկու բուհերի համար առանցքային են եղել որակի ապահովումը, արդյունավետ կառավարումն ու թափանցիկության սկզբունքերը եւ խիստ կարեւորվել վերապատրաստման դասընթացների իրականացումը, որն անմիջականորեն կապված է ֆակուլտետի եւ համալսարանի աշխատանքների հետ:

Օուլուի ռեկտորն ընթերցեց նաեւ Ֆինլանդիայի կրթության եւ գիտության նախարարի ուղերձը, որում նա իր ուրախությունն է հայտնում համագործակցության արդյունքում երկու համալսարաններում կատարված փոփոխությունների վերաբերյալ եւ առաջարկում համագործակցել առավել լայն շրջանակներում:

Ծրագրի իրականացմանն աջակցելու համար Լաուրի Լայունեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստեան Աեդոյին պարգեւատրեց Օուլուի համալսարանի շքանշանով, իսկ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանինՙ բրոնզե մեդալով:

«Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի ֆինանսական աջակցություն ցուցաբերած Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստիան Աեդոն վստահեցրեցՙ ծրագրով նախատեսված դրույթները իրագործելու դեպքում ներկայիս բարեփոխումների տեսանկյունից Մանկավարժական համալսարանը կդառնա լուրջ մրցակից:

Աշխատաժողով-կոնֆերանսի աշխատանքները շարունակվեցին զեկուցումների ձեւաչափով. կրթության ոլորտի փորձագետները ներկայացրին բովանդակային բարեփոխումներն ու իրականացված աշխատանքները:

Ի դեպ, «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում անցկացվող Ֆինլանդիայի Օուլուի եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանների համագործակցային ծրագիրն ամփոփող աշխատաժողով-կոնֆերանսի աշխատանքները կշարունակվեն նաեւ այսօր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ