RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1371, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՄԵԿՈՒԿԵՍ ԺԱՄ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ, ՀԵՏՈ` ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԱՌՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը տեւել է 1,5 ժամ: Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւանում է` Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Առանձնազրույցից հետո երկու նախարարները մամուլի ներկայացուցիչների հետ չեն հանդիպել, չնայած Դավութօղլուն «կարճատեւ հարցուպատասխան» է ունեցել թուրք լրագրողների հետ, ընդ որում, որ այդ հարցուպատասխանին մասնակցել են միայն թուրք լրագրողները, Դավութօղլու որոշումն է եղել:

Մինչ Երեւան այցելելը Դավութօղլուն հայտարարել էր, թե ինքը Երեւան է գալիս` «Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անկեղծ նպատակներով»: Որ այդ ցանկությունները, մեղմ ասած, անկեղծ չեն, ապացուցվեց այն հանգամանքով, որ երբ Դավութօղլուն արդեն Հայաստանի ճանապարհին էր եւ պատրաստվում էր վայրէջքի, Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական թերթը տեղեկություն հաղորդեց, որ «Թուրքական պատմագիտական ընկերությունը թուրքական համալսարաններից պահանջել է այն ուսանողների, ասպիրանտների անունները, աշխատանքների վերնագրերը եւ կոնտակտները, ովքեր ուսումնասիրություններ են կատարում Հայկական հարցի վերաբերյալ` սպառնալով կրթաթոշակից զրկել բոլոր նրանց, ովքեր դարասկզբին կատարված իրադարձությունները կփորձեն ներկայացնել որպես Ցեղասպանություն»: Հետեւաբար, Դավութօղլուն իր վերոհիշյալ հայտարարությամբ ոչ թե անկեղծանալու ցանկությամբ էր տոգորված, այլ ուղղակի հերթական անգամ շահարկում էր հայ-թուրքական մերձեցման գործընթացը եւ իր իսկ հեղինակած սադրանքն էր շարունակում: Սադրանքը, հիշեցնենք, այն էր, որ Դավութօղլուն որոշ ժամանակ առաջ հարցազրույց էր տվել թուրքական մամուլին, որտեղ հայտարարել էր. «Հայաստանի կառավարությունը տվել է դեռեւս բանավոր համաձայնություն, որ պատրաստ է առնվազն երկու շրջան վերադարձնել Ադրբեջանին»:

Նույն հարցազրույցում Դավութօղլուն Հայաստանի կողմից երկու շրջանի «վերադարձը» բավարար նախապայման էր դիտարկում, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Ավելի ուշ Դավութօղլուն հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ. «Ես Հայաստան կմեկնեմ ու կմասնակցեմ այնտեղ մեկնարկող Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին, եթե Հայաստանը համաձայնի հանձնել առնվազն երկու շրջան Ադրբեջանին»:

Այս հայտարարությունից հետո Դավութօղլուն ասաց, որ ինքը Երեւան է գալիս «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անկեղծ ցանկությամբ», եւ եկավ Երեւան:

Անցած համարում արդեն տեղեկացրել ենք, թե ինչպես դիմավորեցին Թուրքիայի ԱԳ նախարարին Երեւանում: Հայաստանում Դավութօղլուն մի շարք հատկանշական հայտարարություններ, այդուհանդերձ, արեց: Մասնավորաբար Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիսավորությամբ ավարտեց իր իսկ ձեռնարկած սադրանքը. Նա ուղղակի հերքեց, թե ինքը մինչ Երեւան գալը ԼՂ հակամարտության հետ կապված «որեւէ լրատվամիջոցի հարցազրույց է տվել»: Այսինքնՙ ոչ Դավութօղլուն, ոչ էլ թուրքական ԱԳ նախարարությունից որեւէ օղլու որեւէ լրատվամիջոցի այս թեմայով հարցազրույց չեն տվել: Սա նշանակում է, որ Հայաստանում օրեր շարունակ հրապարակվող վերլուծություններն ու փորձագիտական գնահատականները, թե «Հայաստանի կառավարությունը համաձայնել է հանձնել առայժմ երկու շրջան», ուղղակի անհիմն են, սուտ եւ սադրանքի ազդեցությունից ծնված: Հետո Դավութօղլուին թուրք լրագրողները հարցրել են իր եւ Նալբանդյանի հանդիպման մասին: Թուրքիայի ԱԳ նախարարն այս առումով ասել է. «Միակ կարեւորությունը, որ ունեցավ երեւանյան հանդիպումը, երկու նախարարների տեսակցությունն էր: 4 տարի առաջ, ցյուրիխյան ստորագրումից հետո, առաջին անգամ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները, ներկայացուցիչները հանդիպեցին: Այսքանը»: Մենք էլ, իհարկե, կբավարարվեինք «այսքան»-ով, եթե Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը, ինչպես նշեցինք, 1,5 ժամ տեւած չլիներ: Նկատենք, որ Նալբանդյան-Դավութօղլու տեսակցությունը ոչ թե հանդիպում է եղել երկու նախարարների միջեւ, ինչը ենթադրում է, որ կարող է եւ տեղի ունենալ դռնբաց ռեժիմով կամ ընդլայնված կազմով, այլՙ առանձնազրույց, ինչը պարտադիր ենթադրում է որ տեսակցությունը եղել է դռնփակ, առանց վկաների, ուրեմն գաղտնի օրակարգով: Բայց ի՞նչ օրակարգ կարող են ունենալ Հայաստանն ու Թուրքիան այսօր, թվում է` ոչ մի: Իսկ այդ պարագայում ինչպե՞ս կարելի է 1,5 ժամ խոսել մեկի հետ, ում հետ ո՛չ հստակ հարցերի օրակարգ ունես, ո՛չ ընդհանուր բարեկամական եզրեր, ո՛չ էլ առանձնապես մտերիմ հարաբերություններ: Ստացվում է, որ Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխից 4 տարի հետո, ինչպես հատուկ շեշտել է Դավութօղլուն, միմյանց հետ շատ խոսելու բան ունեն, օրակարգ կա, եւ գաղտնի օրակարգ է:

Եվ մինչ այս օրակարգը կբացահայտվի, մեզ մնում է միայն հավելել, որ նախքան Դավութօղլուին ընդունելը եւ նրա հետ զրուցելը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց. «Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որեւիցե նախապայմանների: Ուստի թուրքական կողմի փորձերը` կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել, ապարդյուն են եւ անիմաստ»: Միջազգային հանրության դիրքորոշումը հնչեցրեց ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին: Ամերիկացի դիվանագետը նախ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան, եւ որ դա իրենք դիտարկում են որպես Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության հնարավորություն, ապա եւ շեշտել է. «Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային եւ Հայաստանինՙ վավերացնել արձանագրությունները եւ իրականացել սահմանների բացմանն ուղղված իրական քայլեր»: Ուշադրություն դարձնենք, որ Պսակին ամենեւին էլ չի ընդգծում, որ արձանագրությունները պետք է վավերացնել եւ սահմանները բացելուն ուղղված իրական քայլեր պետք է անել առանց նախապայմանների: Այս երկու դիրքորոշումներից հետո Ահմեդ Դավութօղլուն հնչեցրել է իրենը` թուրքականը, որն անվանենքՙ դասախոսություն սառույցի մասին: Թուրքիայի ԱԳ նախարարը երեկ հայտարարել է. «Մենք չենք ընդունում բռնի տեղահանություն, դա ուղղակի անմարդկային արարք է: Արդար հիշողությամբ է, որ կարող ենք կոտրել դիմադրող գիտակցությունը: Այժմ, փորձելով հալեցնել սառույցը` կարող ենք մնալ սառույցի տակ: Հիմա, համարենք` սահմանը բացեցինք, բայց եթե վաղը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ սկսվի, մենք ստիպված ենք լինելու նորից փակել այն: Այո, ամենադժվարը սառույցը հալեցնելն է, քանի որ դա անելիս մի նոր պատերազմ կարող է սկսվել: Ուրեմն եթե փորձենք միանգամից հալեցնել սառույցը, ապա այն կկոտրվի, եւ մենք կմնանք նրա տակ: Բացի սրանից, մենք ասում ենք` արդար հիշողություն: Սրանով ուզում ենք ասել, որ ինչ եղել է, եկեք դա հիշենք: Միայն այդ պարագայում կհասկանանք, որ թուրք-հայկական հարաբերությունները գերմանա-հրեական հարաբերությունների նման անցյալ չունեն: Մենք յուրաքանչյուր փողոցում մի ընդհանուր կետ ունենք: Նորից եմ ուզում ասել` այդ տեղահանությունը ես բոլորովին սխալ արարք եմ գտնում: Իթթիհատականների (երիտթուրքերի) արարքը ճիշտ արարք չէր, անմարդկային էր...»:

Միայն մեկ հավելում, կոնկրետ ժողովրդին իր բնակության հիմնական վայրից բռնի տեղահանելը, ինչը հայերիս պարագայում, փաստորեն, ընդունում է թուրք ԱԳ նախարարը, էլի նշանակում է Ցեղասպանություն: Չենք կարծում, որ Ահմեդ Դավութօղլուի բարձր գիտելիքները` հատկապես սառույցի, այն կոտրելու ժամանակի ու ընթացքի վերաբերյալ, թույլ չեն տալիս, որ հասկանա դա, այն, որ կոնկրետ ժողովրդի բռնի տեղահանությունը, ինչը, եթե բռնի է, ուրեմն զուգակցվել է նաեւ սպանություններով, պարտադրանքով, կոչվում է Ցեղասպանություն, որն, այո` անմարդկային է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ