RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Ազգային

Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐԳԱՍԱԲԵՐ ՈՒՂԻ

ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաստակաշատ պատմաբան-հայագետ, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի ծննդյան 85-ամյակի առթիվ

Գիտամշակութային մեծ նվաճումներով աշխարհին հայտնի մեր ժողովուրդը աչքի է ընկել վառ անհատականություններով ու նվիրյալներով, որոնք անմնացորդ ծառայել ու ծառայում են իրենց հայրենի երկրին ու ժողովրդին: Այդ մարդկանց համար հաստատուն ու հանրօգուտ նկարագիր ունենալը գոյատեւումի երանելի իմաստ է: Նման բարձր հատկանիշներով է օժտված կատարյալ հայի ու քաղաքացու տիպար, հասարակական-քաղաքական գործիչ, գիտակրթական համակարգի տաղանդավոր կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը:

Նա ծնվել է 1928թ. դեկտեմբերի 8-ին Գորիսում: Քաղաքի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալասարանի պատմության ֆակուլտետը եւ գերազանց առաջադիմությամբ ավարտել 1952-ին: 1959թ. Հ. Սիմոնյանը մեկնում է Մոսկվա եւ ընդունվում Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիա, որն ավարտում է 1962թ. եւ այնտեղ էլ նույն տարում պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա ու հրատարակում իբրեւ առաջին գիտական աշխատություն: Գալով Երեւանՙ նա աշխատանքի է անցնում ՀԿԿ Կենտկոմի կուսպատմության ինստիտուտումՙ որպես ավագ գիտաշխատող: 1990-1991թթ. վարել է ՀՀ ԳԱԱ-ի պատմության եւ տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը, իսկ 1991-1994թթ. եղել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ:

1994-2007թթ. հանդիսացել է ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, միաժամանակ 1999-2003 թվականներին ղեկավարելով Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնը: Տարբեր ժամանակներում Հ. Սիմոնյանը եղել է շրջանային եւ քաղաքային խորհուրդների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ Կենտկոմի անդամ: Նա հասարակական ակտիվ աշխատանքներ է կատարելՙ լինելով բազմաթիվ գիտական խորհուրդների, գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների կազմում, հանդիսացել է Հայաստանի ժողովրդական համալսարանների հանրապետական խորհրդի, Հայաստանի մտավորականության խորհրդի նախագահ եւ այլն:

1960-թվականներին Սիմոնյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը հայկական սփյուռքն էր, հատկապես այնտեղ գործող հայ քաղաքական ուժերը, նրանց գործունեությունը, փոխհարաբերությունները, Խորհրդային Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: 1968թ. հրատարակվում է նրա «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» գիրքը: 1970-ական թվականների սկզբներից Սիմոնյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում եղել են քաղաքական-փիլիսոփայական բնույթի հարցերը: Նա ընթերցողներին է ներակայացնում ծավալուն մենագրություններՙ «Ինդուստրյալ հասարակության տեսությունները» (1973թ.), «Արդի բուրժուական գաղափարախոսության քննադատական ուրվագծեր» (2 հատորով, 1977թ.), «Գիտատեխնիկական հեղափոխությունը եւ նրա սոցիալական հետեւանքները» (1982թ.) եւ այլն: Այդ աշխատություններում տրվում են բուրժուական գաղափարական մի շարք ուղղությունների ծագման ու զարգացման պատմությունը, դրանց հետագա փոխակերպումների փուլերն ու սոցիալ-դասակարգային էությունը: Գիտական մեծ արժեք է ներկայացնում 1980թ. հրատարակած «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը եւ քաղաքականությունը» ուսումնասիրությունը, որում հանգամանորեն բացահայտված են այդ գաղափարախոսության հիմնական բաղադրիչներըՙ օսմանիզմ, իսլամիզմ, պանիսլամիզմ, թուրքիզմ, պանթուրքիզմ: Հանգամանորեն վերլուծելով հատկապես պանթուրքիզմի էությունը (ծայրահեղ շովինիզմ եւ մարդատյաց ռասիզմ)ՙ հեղինակը կատարել է կարեւոր եզրահանգումներ:

Գիտնականը միաժամանակ շարունակում է Հայաստանի եւ Անդրկովկասի կոմունիստական շարժման պատմության վերաբերյալ հադես գալ բազմաթիվ հրապարակումներով, եղել է «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (Երեւան), «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր» (Թիֆլիս) կոլեկտիվ աշխատությունների ստեղծողներից մեկը եւ ընդհանրապես այդ տարիներին համարվում էր նշված թեմատիկայի խոշոր մասնագետներից մեկը Անդրկովկասում:

1970-ականների վերջերից Հ. Սիմոնյանի գիտական ուսումնասիրությունների միակ բնագավառը դառնում է հայագիտությունը: 1991թ. լույս է տեսնում նրա «Թուրք- հայկական հարաբերությունների պատմությունից» մենագրությունը: Մի շարք հրապարակումներից հետո (1996թ.) երկու ստվարածավալ գրքերով ընթերցողների սեղանին է դրվում «Անդրանիկի ժամանակը» մեծարժեք աշխատությունըՙ գրված հայ ազգային-ազատագրական շարժման լայն համայնապատկերի վրա: Մենագրությունում առաջին անգամ շրջանառվում են հարյուրավոր նորահայտ արխիվային փաստաթղթեր եւ նյութեր: Աշխատությունը միանգամայն նոր խոսք է ազգային հերոսի կյանքի ու մարտական անցած ուղու մասին: Շարունակելով հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության խորքային պեղումներըՙ Հ. Սիմոնյանը ստեղծում է «Ազատագրական պայքարի ուղիներում» հինգհատորանոց աշխատությունը, որի առաջին 2 հատորները լույս են տեսել 2003թ., իսկ մյուս 2-ըՙ 2009 եւ 2010թթ., հինգերորդՙ վերջին հատորըՙ 2013թ.: Ժամանակաշրջանի համաշխարհային իրադարձությունների լույսի ներքո այդ հատորներում բացահայտված են 1905-1914թթ. հայոց պատմության նորանոր շերտեր: Հազարից ավելի էջեր ընդգրկող յուրաքանչյուր հատորում օգտագործվել են բազմաթիվ աղբյուրներՙ ՀՀ Ազգային արխիվի, Մատենադարանի, ազգային գործիչների անձնական արխիվների բազմաթիվ նյութեր, ժամանակի մամուլում զետեղված փաստեր, որոնց մեծ մասը առաջին անգամ է շրջանառության մեջ դրվում: Հ. Սիմոնյանը վերլուծել եւ համակողմանիորեն քննության է առել 20-րդ դարասկզբից մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմն ընկած ժամանակահատվածում Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները եւ կատարել արժեքավոր եզրահանգումներ: Արժեւորելով ականավոր գիտնականի մեծածավալ հինգհատորյակըՙ անհրաժեշտ է նշել, որ բոլոր հատորներն էլ աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ, գիտական խորաթափանցությամբ, փաստական հարուստ նյութերի բազմակողմանի վերլուծությամբ, կատարված եզրակացությունների տրամաբանությամբ ու գիտական նորույթով: Հայ ազատագրական պայքարին նվիրված այդ 5 հատորները կատարվել են հեղինակին բնորոշ բարեխճությամբ ու գիտական բարձր պատասխանատվությամբ: Պատմական փաստերի վերլուծության հիման վրա կատարված ինքնուրույն դատողությունները, անհրաժեշտ եզրակացություններն ու առաջարկները խիստ արդիական են, ունեն քաղաքական կարեւոր նշանակությունՙ հատկապես պատմությունից դասեր քաղելու առումով:

Դեռեւս 2009թ. ապրիլին, երբ լրանում էր Կիլիկիայի հայերի ջարդերի 100-ամյակը, այդ առիթով լույս տեսավ գիտնականի «Կիլիկիահայերի կոտորածները» արժեքավոր ծավալուն մենագրությունը, որն իր վրա բեւեռեց պատմաբանների եւ առհասարակ ընթերցող հասարակության ուշադրությունը: Ինչպես տեսնում ենքՙ նշանավոր գիտնականի կեսդարյա վաստակը ծանրակշիռ է եւ ուսանելի:

1970թ. Հ. Սիմոնյանը պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, իսկ մեկ տարի անց ստացել է պրոֆեսորի կոչում: Գիտության մեջ ներդրած ավանդի համար 1986 թվականին նա ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1996թ.ՙ իսկական անդամ:

Հայ ժողովրդի նորագույն ազգային-ազատագրական շրջանի պայքարի առաջին իսկ օրերից Հ. Սիմոնյանը արցախցիների կողքին էր: Քաջատեղյակ լինելով Կովկասյան Հայաստանը բաժան-բաժան անելու պատմությանըՙ նա իր գրչով ճշմարտությունը հաղորդում էր ժողովրդին: Չեն մոռացվել այդ տարիների նրա տասնյակ հոդվածներն ու հրապարակային ելույթները, որոնք խանդավառում էին մարդկանց: Լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորՙ նա հեղինակել եւ քննարկման է ներկայացրել որոշումների բազմաթիվ նախագծեր: Այդ տարիների պատմության շատ վավերագրեր ու նյութեր, որոնք արտացոլում են քաղաքական գործչի ու գիտնականի գործունեությունը, պահպանվում են ՀՀ Ազգային արխիվում (տե՛ս «Հ. Սիմոնյանի ֆոնդ»):

1964թ. Հ. Սիմոնյանը դասավանդել է ԵՊՀ պատմության եւ փիլիսոփայության ֆակուլտետներում, հանրապետության ուրիշ բուհերում, գիտական զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Բաքվում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլուրՙ ըստ արժանվույն ներկայացնելով հայրենի գիտության նվաճումները: Նրա գրվածքներից մի քանիսը լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում:

Ակադեմիկոս Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը բացառիկ ունակություններով օժտված անհատականություն է: Զարմանք է պատճառում նրա աշխատասիրությունը: Նա մտավորականի բարձր տիպար էՙ պարզ, անկեղծ ու բարյացակամ:

Սրտանց շնորհավորելով բազմավաստակ ու մեծանուն գիտնականին ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ, ցանկանում ենք նրան արեւշատություն, նորանոր հաջողություններ եւ բեղուն ստեղծագործական աշխատանք, ազգանվեր նոր իրագործումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ