RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1256, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս են Ադրբեջանում սիրաշահում օտարազգի խորհրդարանականներին

Ստորեւ թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացնում ենք անգլիական «Գարդիան» թերթում տպագրված Ջեյմի Դովարդի եւ Շառլոտ Լատիմերի հոդվածը, որն արտատպել է «Արմինյըն_Միրոր Սփեքթեյթըր» շաբաթաթերթը նոյեմբերի 30-ի համարում:

«Հանկոք» անկախ առեւտրական կազմակերպությունը գործում է առաջնակարգ Մեյֆեր հասցեում եւ շքեղ ճաշկերույթներով պատվում է տարբեր կուսակցությունների քաղաքագետներին: Անկախ առեւտրական կազմակերպություն հորջորջված «Ադրբեջանա-եվրոպական ընկերությունը» կանոնավոր հաճախականությամբ եվրոպական եւ այլ երկրների խորհրդարանականների եւ կառավարական պաշտոնյաների համար կազմակերպում է շրջագայություններ դեպի նախկին Խորհրդային Միության հանրապետություններ, որտեղ հարգարժան հյուրերը իջեւանում են բարձրակարգ հյուրանոցներում:

Բաքու այցելող Եվրոխորհրդի անդամները արքայական վերաբերմունքի են արժանանում: Նրանցից մեկի փոխանցմամբ. «Դրանք իսկական արձակուրդներ են, որոնց ընկերակցում են նաեւ թանկարժեք նվերներ, մեծ մասամբ մետաքսյա թանկարժեք գորգեր, ոսկյա կամ արծաթյա իրեր, խմիչքներ, խավիար եւ փող: Բաքվում ամենասովորական նվերը երկու կիլոգրամ խավիարն է»:

Բայց մարդու իրավունքների պաշտպանների կարծիքովՙ վերոնշյալ ընկերության «խավիարային դիվանագիտությունը» նպատակ ունի սոսկ բարձրացնելու աշխարհի ամենաինքնակալ երկրներից մեկի հեղինակությունը հատկապես ներկա ժամանակներում, երբ այն չափազանց վարկաբեկված է ընտրախախտումների եւ ընդդիմադիր կուսակցությունների ու լրագրողների հանդեպ ցուցաբերված դաժան վերաբերմունքի պնդումներով:

Ընկերությանը մեղադրում են երկրի էլիտար ընտանիքների խոսափող լինելու համար, որոնց ձեռքերում են կուտակված նավթի եւ հանքարդյունաբերության տարբեր ճյուղերի շահաբաժինները: Ընկերության նախագահն է Թալե Հեյդարովը, լոնդոնաբնակ որդին Քեմալեդդին Հեյդարովի, որը արտակարգ իրադարձությունների նախարարն է, նախագահ Իլհամ Ալիեւի մտերիմը եւ, ըստ ոմանց, Ադրբեջանի ամենաազդեցիկ անձնավորությունը: «Արտաքնապես Թեասը (Teas) անկախ կազմակերպություն է, բայց այն փաստը, որ Թալե Հեյդարովն է դրա նախագահը, հարցեր է առաջ քաշում այդ ընկերության անաչառության եւ նպատակների վերաբերյալ», նշում է «Գլոբալ Ուիթնես» խմբավորումից Թոմ Մեյնը:

Ընկերությունն առնվազն 71.740 ֆունտ ստեռլինգ է ծախսել կուսակցության անդամներիՙ Ադրբեջանում շրջագայությունների վրա, նաեւ 9.700 ֆունտ ստեռլինգՙ Լեյբորիստական կուսակցության անդամների հյուրընկալությունների վրա: Ադրբեջանըՙ «Տրանսփերընսի ինտերնեյշընլ» կազմակերպության կողմից ճանաչված է որպես աշխարհի ամենակոռումպացված երկիրը:

2011-ի մայիսին այդ ընկերության ծախսերով խորհրդարանականներից եւ լորդերից կազմված մի պատվիրակություն հինգ օրով այցելեց Ադրբեջան: Դրանից անկախ, նույն տարում, բարոնուհի Էքըլանսն ու դերկոմս Էքըլսը, որոնք Եվրոխորհրդի պառլամենտական ասամբլեայի (PACE) անդամ են, նույնպես ընկերության ծախսերով այցելեցին Ադրբեջան: PACE-ն, ի դեպ, Ադբեջանի ընտրությունները վերահսկող կազմակերպություն է:

Ավելորդ է նշել, որ նման չնաշխարհիկ ընդունելություններ կազմակերպվում են երկրի առաջին ընտանիքների իմացությամբ: Համաձայն ամերիկյան դեսպանատնից դուրս թափանցած մի հաղորդագրությանՙ «ենթադրվում է, որ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան էական պլաստիկ վիրահատության է ենթարկվել արտասահմանում: Նա եւ իր երկու դուստրերը 2008-ի սեպտեմբերին հյուրընկալվել են ԱՄՆ-ի երկրորդ տիկին Լին Չեյնին: Նախքան նրա ժամանելը թիկնապահներից մեկը հարցրել է կամացուկ, թե երեքից ո՞րն է մայրը: Դեսպանատան աշխատակիցներից մեկը որոշ ժամանակ մտածելուց հետո ասել է, թե տրամաբանական տարբերակով երեւի մեջտեղում կանգնողն է երկու դուստրերի մայրը»:

Արքայազն Էնդրուն Ադրբեջան հաճախակի այցելուներից մեկն է: Իսկ անցյալ տարի վարչապետ Կամերոնը Ալիեւին ընդունեց Դաունինգ սթրիթի իր ռեզիդենցիայում:

Ընկերությունը ազդեցիկ հարաբերություններ ունի նաեւ Մեծ Բրիտանիայի գործարար շրջանակներում: Նրա կազմակերպությամբ անցյալ ամիս բարձրակարգ առեւտրական մի կոնֆերանս անցկացվեցՙ խթանելու բրիտանական ներդրումները Ադրբեջանում:

Բայց մեկնաբանները հարց են առաջ քաշում, թե Բրիտանիան այդ երկրի մարդու իրավունքների հարցերո՞վ պետք է զբաղվի, թե՞ նավթային ծառայություններով:

«Ադրբեջանի կառավարությունը զբաղված է այլախոհությունը սահմանափակելու միտումնավոր եւ վիրավորական մարտավարությամբ», նշված է սեպտեմբերին հրապարակված «Հյումըն Ռայթս Ուոչի» զեկույցում: «Միջազգային համաներում» կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններինՙ վերջ տալ խոսքի ազատության իրավունքի դեմ գնալուն, այն բանից հետո, երբ մի լրագրող եւ մի գրող բանտարկվել էին կառավարությանը քննադատելու մեղադրանքով:

PACE պատվիրակության մաս կազմող բրիտանացի խորհրդարանականները, որոնք վերահսկել են Ալիեւի երրորդ նախագահական ընտրարշավը, հասկանալի պատճառներով համաձայն չեն նման ձեւակերպումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ