RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1239, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՉԻ՞ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈՒՅՍԵՐԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Երբ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն դեկտեմբերի 5-ին Կիեւում հայտարարեց, որ մտադիր է մասնակցել Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երեւանյան գագաթաժողովին, ադրբեջանական մամուլում կարծիքներ հնչեցին, որ նա այդպիսի որոշում ընդունել է ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ «ունեցած խորհրդատվություններից հետո»:

Ակնարկվեց, որ Դավութօղլուն Մամեդյարովին հանդիպել է վերջինիս եւ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանի «գրեթե 4 ժամ տեւած դեմ առ դեմ բանակցություններից հետո»: Ինքը` Մամեդյարովը, APA պաշտոնական գործակալությանն ասել էր, որ Էդվարդ Նալբանդյանի հետ «առաջին անգամ քննարկել են կոնկրետ հարցեր», բայց «չի կարող ասել, թե ինչպիսի, քանի որ կա բանակցությունների գաղտնիություն»:

Հետեւել էր Թուրքիայի ԱԳ նախարարի հայտնի հայտարարությունը «Հայաստանին մեկուսացումից դուրս բերելու ցանկության» մասին, որը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արդարացիորեն բնութագրել է «սադրիչ»:

Ավելի վաղ, մինչդեռ, ադրբեջանական կողմից զգուշավոր «լավատեսություն» էր արտահայտվել, թե «հնարավոր է` ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նույնպես մասնակցի ՍՏՀ կազմակերպության երեւանյան գագաթաժողովին, եւ չի բացառվում, որ Երեւանում կայանա Դավութօղլու-Նալբանդյան-Մամեդյարով եռակողմ հանդիպում»:

Թուրքական կողմն այդքան «լավատես» չէր, բայց Անկարայի «դիվանագիտական աղբյուրներից» Բաքվի «Զերկալո»-ի մեկնաբանին հայտնի էր դարձել, որ «Երեւանում չի բացառվում Դավութօղլու- Նալբանդյան երկկողմ հանդիպման հավանականությունը»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաեւը տեղեկացրել է, որ «Ադրբեջանը կմասնակցի ՍՏՀ կազմակերպության երեւանյան գագաթաժողովին»: Հարեւան երկիրը, սակայն, ներկայացված կլինի ԱԳՆ տնտեսական համագործակցության բաժնի պետ Շովգի Մեհթիզադեի մակարդակով:

Որ Ադրբեջանը Երեւան է գործուղում ԱԳՆ երկրորդական պաշտոնյայի, վկայում է, որ պաշտոնական Բաքուն լուրջ սպասելիքներ չունի Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի «միջնորդական առաքելությունից»: Այլ կերպ ասած, Երեւանում Դավութօղլուին չեն պատրաստվում լսել ոչ հայ-թուրքական, ոչ ղարաբաղյան կարգավորման թեմայով:

Դավութօղլուն Երեւան կայցելի, եթե, իհարկե, մինչ այդ Թուրքիան այլ որոշում չընդունի, միայն իբրեւ ՍՏՀ կազմակերպության անդամ երկրի արտգործնախարար: Իսկ Բաքվում հույս էին փայփայում, որ «կհաջողվի ստեղծել ղարաբաղյան կարգավորման «անջատ բանակցային ձեւաչափ», որտեղ գլխավոր կլիներ Թուրքիայի դերակատարությունը»:

Ընդսմին, ակնարկվում էր, որ Թուրքիային «նման առաքելություն վերապահել է ԱՄՆ-ը` որպես ներկա փուլում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր մոդերատոր»: Պարզվում է, Ադրբեջանում շտապել են «չծնված տղային Արեւշատ անվանակոչել»: Իլհամ Ալիեւի վարչախումբն այնքան է կորցրել հետաքրքրությունը ՍՏՀ կազմակերպության հանդեպ, որ խնդրել է, որ իր փոխարեն եկող տարի այնտեղ նախագահություն ստանձնի Բուլղարիան:

Դավութօղլուն, այսպիսով, հերթական անգամ միջազգայնորեն հեղինակազրկվել է: Եվ դա կարող է ավելի ծանրացնել թուրք-ադրբեջանական առանց այն էլ ոչ այնքան անամպ հարաբերությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ