RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1242, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՇՏԱՑՆՈ՞ՒՄ Է ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ասոցիացման համաձայնագրի ի չիք դառնալուց հետո կարեւոր են մնացել Հայաստանի համար ցավոտ խնդիրները. ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ, մարդու իրավունքներ:

Հայաստանը հապշտապ պատրաստվում է մտնել Մաքսային միություն, եւ որոշ հայտարարությունների համաձայն` փաստաթղթային հիմքը դրա համար պատրաստ կլինի արդեն մինչեւ հաջորդ տարվա փետրվար: Մինչդեռ ակնհայտ է, որ Եվրոպական միության հետ համագործակցությունից զրկվելն էլ չի մտնում հայաստանյան իշխանությունների օրակարգ, թեեւ սա այն պարագան չէ, երբ մի ձեռքով երկու ձմերուկ կարող ես բռնել: Այսինքն` Հայաստանն իրականում ստիպված կլինի ընտրել եւ ընտրել ոչ համատեղելի իրողությունների միջեւ:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում էր` մասնակցելու Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության 14-րդ նիստին, մինչդեռ համագործակցություն ասվածի ամենամեծ, նշանակալի եւ հեռանկարային հատվածը մնաց կեսճանապարհին` հաշվի առնելով չնախաստորագրված Ասոցիացման համաձայնագիրն ու դրա զգալի մասը կազմող խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն առնչվող փաստաթուղթը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ ԵՄ պատվիրակությունը գլխավորել են ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը եւ Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հայաստանի արտգործնախարարի նախագահությամբ անցած նիստում քննարկվել է երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվել են այս տարի կատարված աշխատանքները, «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության զարգացումներըՙ Վիլնյուսի գագաթաժողովի համատեքստում, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությունը, այդ շրջանակներում Եվրոխորհրդի-Եվրոմիության համագործակցությունը: Նիստին անդրադարձ է կատարվել նաեւ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Ըստ Նալբանդյանիՙ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:

«Հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների եւ առաջընթացի վրա, մենք ցանկանում ենք զարգացնել ԵՄ-ի հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն արտացոլված է Վիլնյուսյան գագաթաժողովի` Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաեւ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ մեր փոխանակած նամակներում», նշել է Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը եւ դատական համակարգի կատարելագործումը, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարումը, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստան-Եվրոպական միություն ընդհանուր օրակարգի կարեւոր բաղադրիչներն են, եւ ԵՄ-ի շարունակական աջակցությունը կարող է գործիք հանդիսանալ` Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով:

Նալբանդյանը հիշեցրել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրերը անցել են վավերացման գործընթացը եւ ուժի մեջ կմտնեն 2014թ. հունվարից: Պարզվում է ավելին. Հայաստանը ակնկալում է մեկնարկել Եվրոմիության հետ համապատասխան գործընթացՙ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ, որը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

Միեւնույն ժամանակ կարեւորվել է Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին կից արձանագրության ստորագրումը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանին` մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի եւ համագործակցելու ԵՄ տարբեր գործակալությունների հետ: Հայաստանը նաեւ շահագրգիռ է ԵՄ-ի հետ խորացնել ոլորտային համագործակցությունը, քայլեր ձեռնարկել առավել բարենպաստ միջավայրի կայացման համարՙ ներդրումների խրախուսման եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայման նպատակով:

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությամբ, որ մատուցվել է «ԵՄ-Հայաստան. նոր համատեքստ` գործընկերությունն առաջ տանելու նույն վճռականությամբ» վերտառությամբ, տեղեկացվում է, որ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում եվրոհանձնակատար Ֆյուլեն այս հանդիպումը տարբեր է որակել նախորդների համեմատությամբ` քննարկումների բովանդակության առումով` ելնելով Հայաստանի միջազգային նոր հանձնառություններից: «Այն, ինչ նույնն է մնացել, մեր ցանկությունն ու վճռականությունն էՙ շարունակել սերտ հարաբերություններ ունենալ եւ դրանք առաջ տանել արդեն իսկ ձեռք բերվածի հիման վրա», ասել է Ֆյուլեն :

Նրա խոսքերովՙ Եվրոմիությունը վերահաստատել է երկկողմ հարաբերությունների հիմքերը վերանայելու անհրաժեշտությունը, որը փաստացի կնշանակի թարմացնել Հայաստան-ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների պլանը: ԵՄ-ը, միեւնույն ժամանակ, ողջունելով արդեն իսկ արված բարեփոխումները, խրախուսել էՙ ավելացնել ջանքերը որոշակի ոլորտներում, մասնավորապես` ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ, մարդու իրավունքներ եւ հիմնարար ազատություններ, բարեփոխումներ արդարադատության ոլորտում:

Ֆյուլեի մատուցմամբՙ ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր բովանդակությունն ուրվագծվել է, մնում է սկսել աշխատել այն դարձնել իրականություն: «Հայաստանը կարող է հենվել ԵՄ-ի շարունակական աջակցության վրա` քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բարելավման հարցում», նշել է Ֆյուլեն, ընդգծելով, որ դեկտեմբերի 9-ի հանդիպմանը հատուկ ընդգծում է արվել քաղաքացիական հասարակության դերակատարության առումով:

Այս համատեքստում էլ հատուկ աջակցություն կտրամադրվի Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական ազգային պլատֆորմին` հզորացնելու պլատֆորմի դերն ու բարեփոխումների մոնիտորինգը: «Կառավարությանը կոչ ենք անում ապահովել, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների, մասնավորապես կանանց իրավունքների ակտիվիստների որեւէ ահաբեկում չլինի», շեշտել է Ֆյուլենՙ հավելելով, որ այդպիսի ահաբեկումների որոշ օրինակներ պետք է հետաքննվեն, ահաբեկիչներն էլ կանգնեն դատարանի առաջ:

Կարելի է ասել, որ չնայած Հայաստանի հետ մեղմ են վարվել, բայց չեն մոռացել անդրադառնալ հայկական իրականության համար ցավոտ թեմաներին, շեշտադրմամբ, որ Եվրոմիությունն այսուհետեւ այդ հարցերում առավել կոշտ կարող է գտնվել, իսկ ԵՄ-ի նման մոտեցումն, իր հերթին, կարող է առավել մեծ ակտիվության հիմք դառնալ նույն ակտիվիստների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ