RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Ազգային

Տեղադրվել է` 2013-12-10 18:15:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 943, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԿԱՐԻՆԻ ՆԱՀԱՆԳԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ

ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆ, «Նորավանք» ԳԿՀ հայագիտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ

Պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատությունը հեղինակի տասնյակ տարիների հետազոտությունների արդյունք է: Այն հիմնարար հետազոտություն է հիշյալ ժամանակահատվածում Արեւմտյան Հայաստանի Կարին նահանգի սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրադրության եւ հատկապես ժողովրդագրության վերաբերյալ:

Հիմնվելով հարուստ նյութի վրա (արխիվային, վիճակագրական տվյալներ, ճանապարհորդական հուշեր, հայազգի եւ օտար հետազոտողների աշխատություններ եւ այլն) հեղինակը գրքում անդրադառնում է պատմական մի շարք կնճռոտ հարցերի:

Նահանգի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրադրությանն անդրադառնալիս հեղինակը լուսաբանում է օսմանյան իշխանությունների վարած քաղաքականությունը ինչպես ողջ Արեւմտյան Հայաստանի, այնպես էլ նրա մի զգալի մասը կազմող Կարինի նահանգի նկատմամբ: Համոզիչ կերպով աշխատությունում ցույց է տրվում, որ Օսմանյան կայսրության գերնպատակը նահանգի հայաթափումն էր եւ նրա ժողովրդագրական պատկերի փոփոխությունը հօգուտ մուսուլմանական տարրի (թուրքեր, քրդեր, չերքեզներ եւ այլք): Մատնացույց անելով այդ ուղղությամբ օսմանյան իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունըՙ հեղինակը ուշադրություն է հրավիրում դրա իրականացման հիմնական եղանակներիՙ կոտորածների, արտագաղթի եւ կրոնափոխության վրա:

Քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ գործադրվող բռնություններն ու ասպատակությունները, որոնք սովորական երեւույթ էին Օսմանյան կայսրությունում եւ ավելի էին սաստկանում վերջինիս թուլացմանը եւ քայքայմանը զուգընթաց, ահագնալի դրսեւորումներ էին ստանում անկայունության եւ ցնցումների ժամանակահատվածներում: Ըստ այդմՙ նախքան 1894-96 թթ. համիդյան ջարդերը հեղինակը մատնանշում է հայկական կոտորածների երեք խոշոր դրվագներՙ կապված 1828-1829 թթ., 1853-1856 թթ. եւ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմների հետ:

Անդրադառնալով 1894-96 թթ. հայկական կոտորածներինՙ հեղինակը մատնանշում է Արեւմտյան Հայաստանում հաստատված մուսուլմանական տարրերի, հատկապեսՙ քրդերի կործանարար դերը, ինչպես նաեւ ցույց է տալիս օսմանյան իշխանությունների նենգ քաղաքականությունը, որոնք իբր թե քրդերին հայերից պաշտպանելու պատրվակով նրանցից ստեղծում էին համիդիե գնդեր եւ դրանց միջոցով իրականացնում հայկական ջարդերը:

Հայկական կոտորածների թեման շոշափելիս հեղինակը չի շրջանցում նաեւ ժամանակի մեծ տերությունների վարած քաղաքականությունը եւ դրա բացասական ազդեցությունը հայ ժողովրդի պատմական ճակատագրի վրա: Ցույց է տրվում, որ Հայկական հարցը դարձնելով միջազգային դիվանագիտության առարկա, մեծ տերությունները այն ծառայեցնում էին իրենց շահերինՙ գործնականում անտարբեր մնալով հայ ժողովրդի տառապանքների հանդեպ: Այդ կերպ, ինչպես ցույց է տրվում աշխատության մեջ, նրանք ոչ միայն չէին պաշտպանում արեւմտահայությանը վերահաս աղետից, այլեւ նպաստում էին հայկական կոտորածներին:

Ինչ վերաբերում է արտագաղթին եւ կրոնափոխությանը (իսլամացմանը), ապա հեղինակը գրքում լուսաբանում է դրանց նպաստող գործոնները: Վերջիններիս շարքում կարեւոր տեղ են զբաղեցնում ուսումնասիրության առարկա ժամանակաշրջանում թուրքական պետության հետամնացությունը, անիշխանությունն ու քաոսը եւ պետական մակարդակով հայերի նկատմամբ իրականացվող հալածական քաղաքականությունը:

Հեղինակը, մասնավորապես, կենտրոնանում է այն հարցի վրա, թե ինչ եղանակներով էր նահանգում իրագործվում հայ գյուղացիների հողազրկման քաղաքականությունը: Դրա գլխավոր միջոցը իսլամական կրոնապետության կարգավիճակ ունեցող Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների վրա դրվող բազմազան հարկերն էին: Հեղինակը գրքում թվարկում եւ մեկնաբանում է այն հարկատեսակները, որոնք վճարում էին կայսրության քրիստոնյա հպատակները: Պարզվում է, որ հայերը օսմանյան պետությանը ստիպված էին վճարել անհեթեթության հասնող այնպիսի հարկատեսակներ, ինչպիսք էին, օրինակ, ամուսնանալու հարկը կամ քրդերի հետ հաշտ ապրելու հարկը:

Հեղինակը ցույց է տալիս, որ անասելի չափերի հասնող հարկագանձումների կողքին հայերի հողազրկման հարցում կարեւոր դեր էր խաղում նաեւ վաշխառությունը: Ծանր վիճակում հայտնված հայ գյուղացին հաճախ ստիպված էր լինում մուսուլմաններից բարձր տոկոսներով պարտք վերցնելՙ գրավ դնելով իր գույքը: Այսպիսով, հարկերը, ինչպես նաեւ վերցված պարտքերը վճարել չկարողացող հայ գյուղացուց խլվում էր նրան պատկանող հողակտորը, եւ նա ստիպված էր լինում արտագաղթել երկրից: Հայերին պատկանող հողատարածությունները անցնում էին թուրքերին, քրդերին, չերքեզներին եւ մուսուլման մյուս տարրերին:

Ժողովրդագրական եւ այլ խնդիրների կապակցությամբ գրքում դիտարկումներն իրականացվում են մի քանի մակարդակներովՙ ողջ Կարինի նահանգի, նրա գավառների, գավառակների եւ առանձին գյուղերի ու քաղաքների:

Ուսումնասիրելով նահանգի բնակչության վերաբերյալ բազմաթիվ աղբյուրներից վերցված տվյալներըՙ հեղինակը դրանց համեմատության, համադրության եւ վերլուծության միջոցով քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, գավառակ առ գավառակ եւ տալիս է հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ իր տվյալներըՙ դրանք հարաբերակցության մեջ դնելով նահանգի մյուս էթնիկ տարրերի (քրիստոնյա եւ մուսուլման) թվաքանակի հետ: Գրքում մերկացվում է Օսմանյան կայսրության վիճակագրական քաղաքականությունը, որը միտված էր նահանգի հայ բնակչության թվաքանակի արհեստական նվազեցմանը:

Բացի ժողովրդագրական պատկերից` գրքում արտացոլված են նաեւ Կարինի նահանգի հայաբնակ գյուղերի ու քաղաքների հայկական դպրոցներն ու եկեղեցիները, խանութներն ու արհեստանոցները, բնությունը, աշխարհագրությունը, բուսական եւ կենդանական աշխարհը, բնակչության զբաղմունքը, անվանումների ծագումնաբանությունը, ուշագրավ պատմական անցքեր եւ այլն:

Ընդհանուր հայոց պատմության համատեքստում գրքում ներկայացվում է նաեւ ինչպես ողջ Կարինի նահանգի, այնպես էլ նրա գավառների ու գավառակների համառոտ պատմությունը:

Աշխատությունն ունի ինչպես տեսական-ճանաչողական, այնպես էլ կիրառական նշանակություն: Տեսական-ճանաչողական նշանակությունը հայրենաճանաչության մեջ է, քանի որ գիրքը ընթերցողին արժեքավոր տեղեկություններ է տալիս 19-րդ դարի երկրորդ կեսին պատմական Կարինի նահանգի, այնտեղ տիրող իրադրության, ինչպես նաեւ ծավալվող գործընթացների մասին: Կիրառական առումով աշխատությունը նշանակալի է հայկական ջարդերի եւ Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կրած մարդկային եւ նյութական վնասի գնահատման տեսակետից, որը կարող է օգտագործվել միջազգային քաղաքական եւ իրավական գործընթացներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ