RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-10 18:15:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1116, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԻՆՉՊԵ՞Ս ԿՓՈԽՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տոկոսադրույքի իջեցում, ծախսերով նվազեցվող տոկոսադրույք, թե՞ մեկ այլ լուծում կգտնվի

Փոքր բիզնեսի համար այլընտրանքային համարվող նոր` շրջանառության հարկ կոչվող հարկատեսակը, որ ուժի մեջ մտավ այս տարվանից, ամենայն հավանականությամբ փոփոխություններ կկրի: Կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ այդ հարցինՙ ասելով, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների հարկման համակարգի հնարավոր վերանայումը պետք է կատարվի համակարգային ձեւով:

Գործարարներին միավորող կազմակերպություններից մեկի նախագահ Գագիկ Մակարյանը ավելի վաղ խոսել էր շրջանառության հարկի տոկոսադրույքի վերանայման մասին` ներկայիս 5 եւ 3,5 տոկոսի փոխարեն առաջարկելով սահմանել 2 տոկոս:

Մի քանի օր առաջ էլ Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC ) ստացանք տեղեկատվություն, որից կարելի է եզրակացնել, որ հավանական են ՓՄՁ-ների հարկման փոփոխությունները: Սակայն թե ինչպիսի՞ն կլինեն այդ փոփոխությունները, տոկոսադրույքը կիջեցվի՞, թե՞ հիմնավորված ծախսերով հնարավոր կլինի նվազեցնել շրջանառության հարկը, դեռեւս հայտնի չէ:

IFC-ի տեղեկատվության մեջ մասնավորապես նշվում է, որ կառույցն իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը շրջանառության հարկի օրենքի մշակման գործընթացում, որի նպատակն է եղել ՓՄՁ-ներին առաջարկել հարկման ռեժիմի այլընտրանքային տարբերակ:

Ըստ IFC-ի հետազոտության արդյունքներիՙ փոքր բիզնեսը իր իրացման շրջանառության մոտավորապես 10 տոկոսը ծախսում էր հարկային համապատասխանության վրա: Հետեւաբար, շրջանառության հարկի ներմուծման հիմնական նպատակներից էր բիզնեսի համար այդ ծախսերի շեշտակի կրճատումը, մասնավորապեսՙ ծախսերի հաշվառման պահանջը վերացնելու միջոցով: «Հարկային հաշվառման պարզեցված ընթացակարգերի նպատակներից մեկն էր` նպաստել բիզնես միջավայրի բարելավմանը Հայաստանում», ասված էր այդ տեղեկատվության մեջ:

Միեւնույն ժամանակ IFC-ից տեղեկանում ենք, որ շրջանառության հարկի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների շրջանակներում, Հայաստանի մի շարք մարզերում, ՓՄՁ-ների հետ հանդիպումների ժամանակ, վերջիններս առեւտրի ոլորտի համար սահմանված 3,5 տոկոս դրույքաչափը համարել են բավականին բարձր: Նրանք առաջարկել են օրենքում սահմանել դրույթ, որը հնարավորություն կտա ծախսերը օրենքով սահմանված կարգով հիմնավորելու դեպքում կիրառելու շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափ:

Տեղեկացնելով այս մասինՙ IFC կողմից մեզ տրամադրված տեղեկատվության մեջ նաեւ նշվում է, որ ներկայումս քննարկվում է շրջանառության հարկի ազդեցության գնահատման իրականացումը, պարզելու համար, թե այս հարկատեսակի ներմուծումը նպաստե՞լ է «նոր ՓՄՁ-ների ստեղծմանը կամ ոչ ֆորմալ դաշտում գործող ՓՄՁ-ների անցմանը դեպի օրինական դաշտ»:

Վերադառնալով այն հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կարող է կրել շրջանառության հարկը, առաջին հայացքից կարող է ճիշտ համարվել տոկոսադրույքների փոփոխությունը, քան թե ծախսերով նվազեցվող տոկոսադրույք կիրառելը: Եթե այս հարկատեսակը ներմուծվել է փոքր բիզնեսին ավելորդ հաշվառման եւ հաշվապահության ծախսերից ազատելու համար, ապա ծախսերով նվազեցում կիրառելը հետ կվերադարձնի փոքր բիզնեսի համար այդ ծախսերը: Շրջանառության հարկի` ծախսերով նվազեցված դրույքաչափ պահանջում են հիմնականում միջին բիզնեսի ներկայացուցիչները, քանի որ տարբեր, երբեմն տվյալ սուբյեկտի գործունեության հետ կապ չունեցող ծախսային փաստաթղերով հնարավոր էր դառնում նվազեցված ցույց տալ շահույթի չափը եւ ավելի քիչ հարկեր վճարել: Հետեւաբար, եթե նպատակն այն է, որ ՓՄՁ-ներն ավելի քիչ հարկեր վճարեն, ապա նախընտրելի է դրան գնալ օրինական ճանապարհով` դրույքաչափերի նվազեցմամբ: Սակայն շրջանառության հարկի ներմուծման հետ առաջ եկած մեկ այլ խնդիր այս դեպքում չի լուծվում:

Շրջանառության հարկի դեպքում, ՓՄՁ-ներին այլեւս շահագրգռված չեն իրենց գործընկերներից հաշիվ-ապրանքագրեր, կտրոններ եւ անդորրագրեր պահանջել, դրանով իսկ խախտելով փաստաթղթաշրջանառության շղթան եւ նպաստելով խոշոր բիզնեսի ստվերային գործունեությանը: Այս տեսանկյունից դիտարկելու դեպքում ճիշտ կարող է համարվել նվազեցվող տոկոսադրույք կիրառելը, քանի որ ՓՄՁ-ները արդեն իրենց ծախսերը հիմնավորող փաստթղթերը կպահանջեն իրենց գործընկերներից:

Հնարավո՞ր է արդյոք գտնել այնպիսի տարբերակ, որ եւ փոքր ու միջին ձեռնարկություննները զերծ մնան ավելորդ հաշվապահությունից, եւ փաստաթղթաշրջանառությունը ամբողջական լինի, կերեւա առաջիկայում, երբ կառավարությունը կքննարկի գործարարներից, միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված առաջարկները եւ կամփոփի պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալները այս ոլորտում առկա իրավիճակի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ