RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1194, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՆԱՄԱԿՙ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԵՐԿՐԻՑ

«Հուշերիս հետ» անտիպ գրքից ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում քրոջս աղջկաՙ Աշխենիՙ 1988 թ. դեկտեմբերի 13-ի նամակը Երեւանից, 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, առանց մեկնաբանության:

ՎԱՀԱՆ ԲԱՀԱՐՅԱՆ, Լոս Անջելես

«Սիրելի մորեղբայր, չցանկանալով գրում եմ քեզ այս նամակը: Ձեռքս չի գնում անգամ գրիչ բռնելու: Այս ահավոր եւ սոսկալի դժբախտությունը փշրվեց մեր գլխին որպես լրացում մեր ժողովրդի 9 ամիս կրած տառապանքի ու զրկանքի, ոտնահարման ու արհամարհանքի: Ինչ ասեմ, խոսք անգամ չեմ գտնում քեզ նկարագրելու, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում:

Կներես, նախ ասեմ, որ մենք բոլորս, Արամիկը (Աշխենի տղան) գյուղում է, տատիկի ու մամիկի մոտ, անվնաս ենք: Երեւանում երկրաշարժ կոչվող այդ գեհենը ուներ 6-6,5 բալ ուժգնություն, ավերածություններ չկան, մարդկային զոհեր քիչ կան, այն էլ նրանք, ովքեր եղել են այդ օրհասական քաղաքներում ու գյուղերում:

Ամեն ինչ մեզ մոտ տարերային ու անկազմակերպ է, շունը տիրոջը չի ճանաչում, կատարյալ քաոսի այս պայմաններում, ահավոր դժբախտության բեռի տակ ոչ մեկի աչքից արցունք չի թափվում: Էլ ոչ մեկին ուժ չի մնացել անգամ արտասվելու: Ամբողջ աշխարհը մեզ ձեռք մեկնեց օգնության: Ինքնաթիռներ են գալիս աշխարհի բոլոր ծայրերից, ցավակցական հեռագրեր են ստացվում այնպիսի երկրներից, որոնք երեւի այս դեպքերի հետ կապված են առաջին անգամ լսում հայի անունը: Ճակատագրի ինչիպիսի՜ ծաղր...:

Այո, կկառուցվեն մեր երեք քաղաքներն ու կվերականգնվեն 180 գյուղերն ու ավանները, ցավոք սրտի, մարդկային կյանքերը վերադարձնել հնարավոր չէ: Երեկ Время-ով ցույց էին տալիս մի գյուղ (չլսեցի անունը), որտեղ զոհվել էին բոլոր երեխաներն ու երիտասարդությունը, մնացել էին կուչ եկած մի քանի տատիկ-պապիկ, եւ մի կին ներկայացնում էր այս ամենը: Չենք ուզում նայել դաժան վայրերից ռեպորտաժները (հաղորդումները), բայց չենք կարողանում: Աստված պահի մեր ազգին ավելի մեծ արհավիրքներից:

Անկոտրում Արցախ աշխարհը, որն ինքն է կարոտ մեր օգնությանը, մեզ օգնելու համար 700412 հաշվին արդեն փոխանցել է 3 միլիոն 700 հազար ռուբլի, ուղարկել է իր ողջ տեխնիկան, ինչ որ ունի... ինչպիսի անարդարություն:

Մի քանի վայրկյանների ընթացքում ոչնչացել է Լենինականի 80 տոկոսը, Սպիտակը ամբողջությամբ հավասարվել է գետնին, մի փոքր լավ է վիճակը Կիրովականում, որտեղ բնակելի շենքերից փլուզվել են 180-ը, չհաշված հիմնարկություններ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն:

Մենք բոլորս լավ ենք, սովորական: Սիլվայից 2 օր առաջ հեռագիր էր եկել, շատ էր վախեցել: Արայիկի (Աշխենի ամուսինը) տրամադրությունը տեղը չէ, մոտ 17 հոգի զոհվել եւ կորել են Լենինականում (քրոջ 2 թոռը, մորաքրոջ թոռը, հորեղբոր 2 տղաները ընտանիքներով եւ այլն):

Նույնիսկ ցավակցական խոսքերն են կորցրել իրենց իմաստը: Պատմում են, որ Լենինականում երբ հարազատի դիակն են գտնում, ուրախությունից չգիտեն ինչ անեն: Մարդիկ արժանի չեն անգամ դագաղի, ինչպիսի սոսկալի ճակատագիր: ... լսել ենք, որ դուք էլ շատ մեծ օգնություն եք կազմակերպում տուժածների համար:

Աստված պահի կենդանի մնացածներին, տա Աստված, որ մեր խեղճ ազգը չխելագարվի 9 ամիսների ընթացքում իր տեսածներից...

Լավ էՙ մեզ մոտ շատ ցուրտ չէ, դեռ ձյուն չկա, եւ արդեն 6-րդ օրն է աղետի, բայց դեռ շատ ու շատ մարդիկ գիշերում են խարույկների մոտ: Հարյուրհազարներով մնացել են անօթեւան:

Քեռի ջան, չեմ կարողանում գրել: Փորձում եմ ուրիշ-ուրիշ բաների մասին գրել, բայց չի ստացվում: Չեմ ուզում իմ այս գուժկան-նամակով քո հոգեկան աշխարհն էլ տակնուվրա անել... Համբուրում եմՙ Աշխեն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ