ԷԴՈՒԱՐԴՈ ՏՈԲՈ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱՔՆՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐ Է» ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ DINERS CLUB-ի նախագահն ու «Արարատբանկի» վարչության նախագահը երեկ հայտարարեցին Հայաստանում նոր միջազգային վճարային քարտի թողարկման մասին: Հայաստանում այսօրվանից կթողարկվեն նոր միջազգային վճարային` DINERS CLUB քարտեր: Սկզբնական շրջանում կթողարկվի երկու տեսակի այդպիսի քարտ` պրեմիում տեսակի սեւ քարտ եւ կլասիկ քարտ: Այս մասին երեկ DINERS CLUB-ի Հայաստանում գործունեություն սկսելու կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսիում հայտարարեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը : Հայաստանի համար նոր վճարային քարտերն աշխարհում հանրաճանաչ են եւ նախատեսված են հիմնականում այն մարդկանց համար, ովքեր շատ են ճամփորդում: DINERS CLUB քարտապանները ստանում են բազմաթիվ արտոնություններ եւ զեղչեր օդանավակայաններում, ռեստորաններում, ունենում են ապահովագրություն, դրանց շնորհիվ «հասանաելի է դառնում տարբեր երկրների մշակույթը, եւ այս դեպքում Հայաստանի մշակույթն է հասանելի դառնում աշխարհում»: Այս քարտերով հնարավոր կլինի առեւտուր անել 180 երկրներում, ավելի քան 1000 առեւտրային կետերից: «Արարատբանկը» Հայաստանում առաջինն է թողարկելու DINERS CLUB վճարային քարտեր, իսկ համագործակցությունը այս վճարային համակարգի հետ բանկը սկսել է 2 տարի առաջ: DINERS CLUB INTERNATIONAL-ի նախագահ Էդուարդո Տոբոն վստահություն հայտնեց, որ համագործակցությունը «Արարատբանկի» եւ հայկական մյուս բանկերի հետ անպայման կբերի դրական արդյունքների եւ զարգացումների: «Հայաստանը թաքնված թանկարժեք քար է այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն եղել այստեղ», իր տպավորությունը մեր երկրից հայտնեց Էդուարդո Տոբոն: Նա բացառիկ հնարավորություն համարեց, որ Հայաստանում ապրող 3 մլն-ից բացի, 7 մլն հայեր են ապրում աշխարհի այլ երկրներում: Ըստ Էդուարդո Տոբոյիՙ Հայաստանում թողարկվող պլաստիկ քարտերը կկոչվեն DINERS CLUB ARMENIA: Այսինքն, թողարկվող քարտեր ունեցողները դառնում են համակարգի հայկական ակումբի անդամ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս վճարային համակարգը հիմնված է երեք հիմնասյուների վրա` սնունդն ու խոհանոցը, ճամփորդությունը եւ ամենօրյա ծախսերը: Այս ուղղություններով վճարումներ կկատարվեն Հայաստանում, իսկ հայկական DINERS CLUB-ի քարտապանները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի մշակույթին, խոհանոցին, գեղատեսիլ վայրերին: Ասուլիսի վերջում «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է Հայաստանում թողարել 5 հազար DINERS CLUB քարտեր, որոնց սպասարկման վճարը կգտնվի այլ վճարային քարտերի գոլդ եւ դասական տեսակների վճարների միջակայքում: |