RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1191, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԻՍԿ ՈՒՐԻՇ Ո՞Վ ՑԱՆԿԱՑԱՎՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ...

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի հայտարարության շուրջը աղմուկն ակնհայտորեն հիշեցնում է մի բաժակ ջրում փոթորկի, որն արդեն երեք ամիս բարձրացնում են իրենց եվրոպական արժեքների հետեւորդներ համարողները: Հավանաբար նրանք հույս ունեն, որ մեկ-երկու տասնյակով փողոցներում բղավելով կամ սոցիալական ցանցերում հայհոյելով կհամոզեն Հայաստանի բնակչության մեծ մասինՙ համաձայնել իրենց մոտեցումներին, կամ որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը ինչ-որ շրջադարձ էր մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ: Սակայն ոչ առաջինը տեղի կունենա, ոչ էլ երկրորդն է իրականությանը համապատասխանում:

Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշումը տրամաբանական շարունակությունն էր Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական գործընկերության, որը սկսվել եւ շարունակվում է անկախության ձեռքբերումից անմիջապես հետո` 1992-ից: Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ իրենց ավանդն են ներդրել այս գործընթացում եւ չեն սխալվել, քանի որ այլընտրանք Հայաստանը պարզապես չունի: Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում գտնվող մեր երկիրը, ինչպես որեւէ փոքր երկիր, պետք է ընդգրկվի որոշակի խոշոր ուժային կենտրոնի անվտանգության համակարգում, եւ, Ռուսաստանից բացի, ոչ մի այլ գերտերություն կամ ուժային կենտրոն, մասնավորապես Եվրոմիությունը, դա մեզ չի առաջարկել: Չկրկնենք, պարզապես նշենք, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես էինք հաջողելու առանց Ռուսաստանի Թուրքիայի հետ սահմանը պաշտպանել եւ Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին դիմանալ:

Սա թերեւս լիովին բավարար է, որ համարենք այս ավելի քան 20 տարվա արտաքին քաղաքականությունը արդարացված եւ մեր ազգային-պետական շահերին համապատասխանող: Սա գիտակցում է Հայաստանի ժողովուրդը որպես հավաքական հանրույթ, եւ թեկուզ հենց այս պատճառով Ռուսաստանին բոյկոտելու կամ այդ երկրի ծառայություններից հրաժարվելու կոչերին բնակչության գերակշիռ մեծամասնությունը կշարունակի վերաբերվել այնպես, ինչպես հիմա, այսինքն` անտարբերությամբ:

Սակայն, բացի անվտանգության նկատառումներից, առկա են նաեւ տնտեսական լուրջ պատճառներ, որոնք ավելի հստակ դարձան Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած այցի ժամանակ:

Առաջին լուրջ գործոնը` ռուսաստանյան ներդրումները Հայաստանում գերազանցել են 3 մլրդ դոլարը: Եվրոինտեգրման ջատագովներից որեւէ մեկը կարո՞ղ է նշել մեկ այլ երկիր, որ այդքան ներդրումներ է կատարել Հայաստանում: Շտապեմ կանխել այլ հարց, եղե՞լ է մեկ այլ երկիր, որ ցանկություն է հայտնել այդքան ներդրումներ կատարել հենց նույն ոլորտներում, որտեղ ներդրումներ են կատարել ռուսական ընկերությունները: Եվրոմիության երկրներից քիչ թե շատ նշանակալի ներդրումներ են կատարել միայն ֆրանսիական ընկերությունները` ջրամատակարարման եւ հեռահաղորդակցության ոլորտներում, որոնք անհամեմատելի են ռուսական ներդրումների ծավալների հետ: Որտե՞ղ են ուրեմն եվրոպական ընկերությունները, ինչո՞ւ չեն ցանկանում Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցել, գազամատակարարման ցանց ստեղծել, երկաթուղի կառավարել, էլեկտրական ցանցեր արդիականացնել եւ այլն: Երբ խոսում ենք, թե «ամեն ինչ տվեցինք ռուսներին», երբեւէ մտածո՞ւմ ենք, իսկ ուրիշ ո՞վ ցանկացավ 90-ականներին ամբողջությամբ փոշիացված այդ ամենը ձեռք բերել եւ վերականգնել` միլիարդների ներդրումներ կատարելով: Չկային նման ցանկացողներ, հիմա էլ չկան եւ չէին էլ լինելու նաեւ ԵՄ-ի հետ ասոցիացումի պարագայում: Անգամ երաշխավորված շահույթ ապահովող նոր ատոմակայանի համար եվրոպական ընկերությունները չեն պատրաստվում ներդրումներ կատարել, եւ միայն Ռուսաստանն է ցանկություն հայտնել ներդրումներ կատարել եւ բաժնեմաս ունենալ: Հայաստանը ԵՄ-ի համար փոքր եւ սահմանափակ շուկա է, առանց լուրջ հումքային պաշարների, դրան էլ ավելացրածՙ առանց երկաթուղային հաղորդակցության, հետեւաբար, մեր երկրի հանդեպ լուրջ հետաքրքրություններ ԵՄ-ն եւ նրա ընկերությունները չունեն:

Հաջորդ, թերեւս առավել կարեւոր հանգամանքը Ռուսաստանի կողմից մատակարարվող էներգակիրներն են` գազ եւ միջուկային վառելիք: Երբ գազի գինը բարձրանում է, սկսում ենք դժգոհել, թե ինչո՞ւ է Ռուսաստանը նման քայլի դիմում, թեկուզ շարունակելով մյուս երկրներից ավելի էժան գազ մատակարարել, իսկ նույն «ակտիվիստները» նույն հիստերիկությամբ բղավում են թե՛ գազի գնի բարձացման ժամանակ, թե՛ այդ բարձրացումը կանխելուն կոչված Հայաստանի` Մաքսային միության անդամացելու ժամանակ: Այսինքն, չենք ցանկանում, որ գազը, էլեկտրաէներգիան, տրանսպորտը եւ դրա հետ կապված այլ ռեսուրսները թանկանան, բայց միաժամանակ էժան գազը մատակարարողին ասում ենք «նեոգաղութարա՞ր»: Այսինքն, միության մեջ մտնելը համարում ես անկախության կորուստ, բայց չես ցանկանում քո ընկալած «անկախությունն» ունենալու համար ավելի թանկ վճարե՞լ: Մի քանի տասնյակը չգերազանցող բողոքարարները չե՞ն հասկանում, որ այդպես չի լինում ոչ միայն Հայաստանի եւ Ռուսաստանի դեպքում, այլեւ ընդհանրապես, այդ մարդիկ ընդհանրապես ունա՞կ են մտածելու այս հարցերի շուրջը, թե՞ նրանց ունակություննեը սահմանափակվում են միայն ձայնի ուժգնության մեջ:

Շահարկումների հերթական փուլն է սկսվելու «Հայռուսագազարդի»` Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը Ռուսաստանին անցնելու առնչությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությոնը հայտարարել էր, թե սուբսիդավորելու է գազի գնի բարձրացումը: Խոսքը տարեկան 150 մլն դոլարի մասին է: Ռուսական կողմին հայկական բաժնեմասի փոխանցումը, սակայն, ոչ միայն մատակարարվող գնի տարբերության սուբիսդավորման արժեքն է, այլեւ ապագայում Ռուսաստանից մատակարարվող գազի անփոփոխ գին ունենալունը: Այսինքն, գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը կփոխի միայն այն դեպքում, եթե դա փոխվի նաեւ Ռուսաստանի բնակչության համար: Հիմա չե՞նք ցանկանում, որ այդպես լինի, թե՞ նախընտրում ենք առանց գազի, «դեպի բարիկադներ» գոռալով եւ ոստիկանների հետ բախվելով տաքանալ: Ի վերջո, հենց նույն ԵՄ-ն գազի այլընտրանքային աղբյուրներ որոնելու ճանապարհին է, քանի որ Ռուսաստանից գազը ստանում է շուկայական, այսինքնՙ բարձր գնով:

Եվ վերջապես, անգամ այն հարցում, որտեղ ԵՄ-ն ուներ շատ ավելի լուրջ լծակներ ապացուցելու համար, որ Հայաստանը որեւէ նշանակություն ունի իր համար, ըստ էության գործնական ոչինչ չարեց: Դա Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամական մոտեցումն է ու նրա կողմից մեր երկրի հետ սահմանը փակ պահելը: Եվրոմիության հետ անդամակցության բանակցություններ վարող Թուրքիայի առջեւ ԵՄ-ի պաշտոնյաները երբեք հստակ պահանջ չդրեցինՙ վերացնել Հայաստանի շրջափակումը եւ դադարեցնել թշնամական գործողությունները: Կարո՞ղ էին դա անել` անկասկած, բայց չցանկացան: Հայաստանը չուներ այն արժեքը նրանց համար, որ ինչ-ինչ պահանջներ դնեին Թուրքիայի առջեւ: Անգամ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին ԵՄ-ի անդամ չհանդիսացող Շվեյցարիայի միջնորդությամբ եւ առավելապես ԱՄՆ-ի դրդմամբ: Այսքանից հետո ի՞նչ լուրջ ակնկալիքներ կարող ենք ունենալ մեզ հուզող կենսական նշանակության հարցերի առնչությամբ Եվրոմիությունից: Բացարձակապես ոչինչ, բացի եվրոպական արժեքներին, ժողովրդավարական չափանիշներին հետեւելու մեր գործողություններից, ինչի մասին նշվեց այդ կառույցի եւ Հայաստանի համատեղ հայտարարությամբ: Ի դեպ, դա եւս մեկ վկայություն է, որ անկախությունը կորցնելու մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Ոչ լիարժեք անկախ երկրի հետ ԵՄ-ն որեւէ համատեղ հայտարարությամբ հանդես չէր գա եւ ինտեգրման բանակցություններն էլ չէր շարունակի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ