RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Արձագանքներ

Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1043, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

ԱԼՖՐԵԴ ԿԶԱՐԹՄՅԱՆ, ԱԱԾ պահեստի փոխգնդապետ

Նախորդ 3 համարներում «Ազգ»ը լայն անդրադարձումներ ունեցավ ընդհանրապես «բժշկական տուրիզմի» ասպարեզում գոյություն ունեցող չարաշահումների եւ ի մասնավորի Հայաստանից Գերմանիա բուժման գործում միջնորդների գործունեության մասին: Նույն թեմայինՙ բոլորովին տարբեր փորձառությամբ, անդրադարձ է կատարել մեր ընթերցողներից Ալֆրեդ Կզարթմյանը, որի նամակը, ուղղված խմբագրությանը, հրատարակում ենք ստորեւ:

Վերջերս Ձեր թերթի 3 համարներում («Ազգ», 27, 28, 29 նոյեմբերի 2013 թ.) կարդացի մի պատմություն, կապված մեր հայրենակիցներից մեկի Գերմանիայում կազմակերպված բուժման հետ: Ակամա հիշեցի մեր ընտանիքի հետ կապված մոտ 2 տարի առաջ տեղի ունեցած պատմությունը:

Հակիրճ ներկայացնեմ տեղի ունեցածը:

Երեխաներիս ծնվելուց հետո (32 տարի առաջ) կնոջս կրծքագեղձերից մեկում մնացել էր մաստոպատիա գոյացություն, որի մասին մենք վաղուց գիտեինք: 2012 թ. փետրվարին կինս իմացել էր, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում է գտնվում գերմանացի հայտնի վիրաբույժ Զոնը եւ այցելել էր նրան: Վերջինս մեկ օրվա ընթացքում կազմակերպեց բոլոր հետազոտությունները եւ հաջորդ օրվա համար նշանակեց վիրահատություն (դրա հաջորդ օրը նա պետք է մեկներ): Պարզվեց, որ կնոջս կրծքագեղձում առկա է 2,5-3 սմ չափսի գոյացություն, բայց ոչ չարորակ:

Վիրահատությունից հետո Զոնը ինձ ասաց, որ ոչ մի լուրջ բան չկա, եւ կինս մի քանի օրից կարող է մեկնել Սանկտ Պետերբուրգՙ դստեր մոտ: Զոնի մեկնելուց 2-3 օր հետո մեր հայ բժիշկներից մեկն ասաց, որ կնոջս մոտ ինչ-որ բան էն չէ եւ պետք է սպասենք բիոպսիայի պատասխանին:

Եվ այդպես սկսվեց իմ եւ կնոջս նկատմամբ հոգեբանական ճնշումը:

Հիվանդանոցում 6 օր մնալուց եւ դրանից էլ 4 օր հետո ես այցելեցի Բժշկական համալսարանի տարածքում գտնվող հետազոտությունների կենտրոն (ղեկավարՙ դոկտոր, պրոֆեսոր Կանայան) եւ վերցրի բիոպիսայի պատասխանը:

Այստեղ սկսվեց ինձ համար անհասկանալի եւ կասկածելի մի պատմություն: Երիտասարդ բժիշկ ամուսինները, որոնց ասելով իրենք անցել են համապատասխան պատրաստություն Զոնի գերմանական կլինիկայում, տվեցին իրենց եզրակացությունը, որի համաձայն վերցրած նյութի մեջ առկա են չարորակ ուռուցքին բնորոշ միկրոօրգանիզմներ: Հենց սկզբից նրանց պահվածքը ինձ կասկածելի թվաց: Այդ եզրակացության տակ չկար կենտրոնի ղեկավար պրն Կանայանի ստորագրությունը: Ես մտա նրա առանձնասենյակ եւ ասացի այդ մասին: Պրն Կանայանը պատասխանեց, թե այդ ամուսնական զույգի գործունեությանը ինքը չի խառնվում (երեւի թե չէին թողնում) եւ այդ եզրակացությանը ինքը ծանոթ չէ:

Դրանից հետո «Նաիրի» կենտրոնի մի աշխատակցուհի, որը կոորդինացնում էր կապը գերմանական կլինիկայի հետ, սկսեց համոզել մեզ, որ շատ արագ, 10-15 օրվա ընթացքում, պետք է կազմակերպել կնոջս բուժումը Զոնի կլինիկայում, Գերմանիա: Ես նրան բացատրեցի, որ իմ մեջ հիմնավոր կասկածներ կան, որ բիոպսիայի պատասխանը «սարքված» է, եւ այդ ամենը տրվում է գերմանական կլինիկան «հիվանդներով» ապահովելու համար: Այդ տիկինը պատասխանեց, որ իմ ասածը հնարավոր է, բայց սա այդ դեպքը չէ: (Թեեւ, պետք է ասեմ, ոչ մի պատճառ կամ տվյալ չունեմ գերմանացի բժշկին կասկածելու նմանօրինակ գործարքների մասնակցելու մեջ):

Նա անընդհատ շեշտում էր, որ եթե հիմա մենք չհամաձայնենք բուժումը Գերմանիայում կազմակերպել, ապա շուտով կլինեն անդառնալի հետեւանքներ: Դրանից հետո ես այցելեցի հանրապետությունում հայտնի երկու դոկտոր, պրոֆեսորների, որոնք, ուսումնասիրելով բոլոր փաստաթղթերը, եզրակացրին, որ ոչ մի վտանգավոր բան չկա:

Անցել է արդեն մոտ 2 տարի, որի ընթացքում որեւէ բժշկական միջամտություն, որեւէ դեղահաբ կինս չի ընդունել եւ ապրում է հանգիստ կյանքով:

Ժամանակին վերոհիշյալի մասին ես փորձեցի իմ մտահոգությունները կիսել երիտասարդ տարիների իմ ընկերոջ, այդ ժամանակվա առողջապահության նախարար Ա. Քուշկյանի հետ, սակայն վերջինս խուսափեց հանդիպել ինձ հետ: Միգուցե նա մտածում էր, որ այդ ձեւով ես փորձում եմ լուծել վիրահատության ինչ-ինչ ֆինանսական հարցեր:

Ասեմ, որ վերեւում նշված վիրահատության բոլոր ծախսերը կազմել են 1.500.000 դրամ, սակայն դա կարելի էր անել ընդամենը 200-300 հազար դրամի սահմաններումՙ Երեւանի համապատասխան այլ կլինիկաներում:

Նշեմ նաեւ, որ բոլոր վճարումների դիմաց որեւէ փաստաթուղթ չի տրամադրվել, հետեւաբար, այդ գումարներից որեւէ հարկ չի վճարվել:

Կարծում եմ, որ այս ոլորտի վրա պետք է լուրջ ուշադրություն դարձնեն առողջապահության նախարարության պատասխանատուները եւ կարգավորեն կասկածելի բոլոր գործընթացները: Շատ միամիտ մարդիկ, ընկնելով հոգեբանական ճնշումների տակ, նույնիսկ վաճառում են իրենց բնակարանները եւ կատարում տասնյակ հազար դոլարների հասնող անիմաստ ծախսեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ