RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1734, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԻՆՉ ԿՀԵՏԵՎԻ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻՆ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան զուգահեռվեց Ուկրաինայում չափազանց լարված դրությամբ, որտեղ նախագահ Յանուկովիչն արդեն իրարամերժ հայտարարություններ է անում, որտեղ խոսում են արդեն արտակարգ դրություն մտցնելու մասին, եւ որտեղ ժամ առ ժամ վիճակն ավելի դժվար վերահսկելի է դառնում: Այդ բոլորն ի վերջո հավանաբար իր անդրադարձն ունեցավ Հայաստան Պուտինի այցի վրա` կարճ այցն առավել արագացված դարձնելով եւ ՌԴ նախագահի չմասնակցությամբ հայ-ռուսական բարեկամության հուշարձանի բացմանը: Չնայած` հնարավոր է, որ Պուտինի համար առավել սկզբունքային մոտեցում է եղել իր այցը սկսել հենց Գյումրիից, որպես ռուսական ռազմաբազա տեղակայող տարածքից, ինչը, կարելի է ասել, պետական այցի առումով մի փոքր ստվերում է միջպետական արարողակարգը, բայց չէինք ուզենա վարվել այնպես, ինչպես ապուրի մեջ մազ որոնողներն են վարվում` մատնացույց անելով Պուտինի ու Սարգսյանի չհամբուրվելը Գյումրիի օդանավակայանում: Ի վերջո` արարողակարգերից ու ձեւից ավելի բովանդակությունն է կարեւոր: Իսկ իրեն հարկավոր հայտարարություններն ի վերջո Պուտինն արեց` մի քիչ ոչ պաշտոնական ելույթով, նախագահ Սարգսյանի մի օրինակի առիթով Գյումրիում հավաստելով, որ Հարավային Կովկասից Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ, ամրանալու է տարածաշրջանում` հիմնվելով տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի հետ բարեկամակական հարաբերությունների վրա: Ու մի ուրիշ համատեքստում էլ ասելով, որ մեծացնելու է ռազմական ներկայությունը Հայաստանում:

Դե իսկ Պուտինի հետ եկած մարդաշատ ռուս պաշտոնեությունը եւս ի տեղի ու ժամանակի ելույթներ է ունեցել Գյումրիի խորհրդաժողովում` հիշեցնելով Հայաստանի ստանալիք օգուտները ՄՄ մտնելու, եւ առհասարակ, Ռուսաստանի հետ համագործակցության պարագայում, այդ թվում` հատուկ սակագնով Հայաստանին վաճառվող գազի մասին չի մոռացվել, ու Հայաստանին եւս հիշեցրել են պարտավորությունների մասին:

Արդյո՞ք ողջ հայ ժողովրդի եւ նրա իշխանությունների սուվերեն ընտրությունն էր Մաքսային միությանն անդամակցելը, ինչպես որ Պուտինն է կարծում: Կամ արդյոք արագ փոփոխվող աշխարհում հարկավոր նոր մոտեցումները կարելի է միայն գտնել Մաքսային միությունում, ինչպես նախագահ Սարգսյանն էր ասում իր ելույթում, եւ ուր /ՄՄ/ մուտքի համար Հայաստանն արագացված աշխատում է: Եվ որքանո՞վ են հատկապես արդյունավետ Հայաստանին տրվող արտոնությունների եւ առավելությունների կիրառման այն մեխանիզմները, որոնց շնորհիվ գուցե Հայաստանի տնտեսությունն այդպիսով կկենսունականա իսկապես, ու իսկապես Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության շատ մեծ ծավալներով Հայաստանը դուրս կգա դժվար վիճակից: Սա էլ հետո տեսնելու բան է` այժմ միայն ոգեւորությունն է տեսանելի, որը հնարավոր չէ բռնել եւ շոշափել: Դրան գումարվում են ուկրաինական զարգացումները, որոնք ընդհանրապես կարող են խանգարել Մաքսային միության կազմավորմանը, ու դա մեզնից կախված բան չէ: Բայց եւ չենք կարող չհարցնել` իսկ, ասենք, նույն Ռուսաստանն ուզո՞ւմ է տեսնել տնտեսությունը կարգի բերած եւ ուրիշներից չկախված Հայաստան:

Իսկ թե ի՞նչ տեսակի այց էր Պուտինի այցը` պետակա՞ն, պաշտոնակա՞ն, թե՞ աշխատանքային, այդպես էլ արարողակարգից հնարավոր չեղավ գլխի ընկնել (չնայած պաշտոնապես կոչվում էր պետական այց, բայց դա իսկապես երկրորդական է): Մանավանդ` հավանաբար Պուտինի ուղեղը զբաղված էր Ուկրաինայում տեղի ունեցողով, որը խորապես նրան չմտահոգել չէր կարող:

Իսկ որ ցուցարարներ կային Երեւանի փողոցներում` է, դա նորմալ է, ուզած գաղափար կողմնակիցներ ու հակառակորդներ ունի, Պուտինի այցի դեմ բողոքողներին եւս կարելի է հասկանալ: Նրանք իրենց բողոքը հիմնավորում են մտահոգություններով, որ ՄՄ մտնելով Հայաստանն ինքնիշխանությունը չկորցնի, ու Պուտինը կամ ինչ-որ վերպետական կառույց կդառնան մեր երկրին թելադրողը: Ու որ ցուցարարները հիշել էին 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ կնքվեց Հայաստանը խորհրդայնացնելու հայ-ռուսական պայմանագիրը` աչքը տեսածից է վախենում, ու ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարին էլ թող հայտնի լինեն մեր մտահոգությունները, ի՞նչ կա այդտեղ: Ու պետք չէր այդպես ջղաձգվել, ինչպես մեր ոստիկանությունն էր ջղաձգվում, ակտիվիստների ու լրագրողների բերման ենթարկելով. եղա՞վ, է, թող Պուտինն էլ տեսնի, որ Հայաստանում եւս մտահոգություններ ու մտահոգվողներ կան:

Ցուցարարների ու ոստիկանների բախումները բոլորովին ադեկվատ չէին հայաստանյան ընդհանուր տրամադրություններին ու հարիր չէին մեզ` ոչ ցուցարարներին բերման ենթարկելու, ոչ էլ վերջիններիս ոչ համարժեք պահվածքի առումով: Իսկ թե ո՞վ էր հրահրում երեկվա բողոքի վիճակները, դա երկրորդական է, բոլոր դեպքերում ոստիկանությունն է պատասխանատու իրավիճակի համար, ով օրվա երկրորդ կեսի հայտարարությամբ արդարանում էր, թե երթի ժամանակ իրավախախտում կատարածները ոչ թե ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից` վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով բերվել ոստիկանություն եւ ազատ արձակվել: Ընդդիմադիրների հաշվարկներն ու մտահոգվածությունը բերման ենթարկվածների վերաբերյալ այլ տեղեկատվություն էր պարունակում:

Բոլոր դեպքերում Պուտինի այցը Հայաստանի համար տարածաշրջանային նշանակություն ունի` Հայաստանի հետագա ուղու, տնտեսության զարգացման, անվտանգության առումով, ու ավելի ուշ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած բանակցություններում եւ համատեղ մամուլի ասուլիսում հնչածի մասին այս առումով դեռ կանդրադառնանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ