RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



ԱԴՐԲԵՋԱՆ

Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1469, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ»

Վ. Ա.

Երեկ, մինչ ՌԴ նախագահ Պուտինը կժամաներ Հայաստան, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ուղեւորվել է Հարավային Կորեա: «Դա հերթական այց չէ, այլՙ ուղեւորություն, որը կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը», գրել է virtualaz.org-ը` Իլհամ Ալիեւի որոշումն ուղղակիորեն պայմանավորելով Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմահենակայանի արդիականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:

«Այդ իրավիճակում Ադրբեջանը էլ ավելի ուժեղանալու հերթական քայլն է կատարում»,- մանրամասնել է ադրբեջանական լրատվամիջոցը եւ հիշեցրել, որ Հարավային Կորեայից զենք-զինամթերք գնելու Ադրբեջանի մտադրությունը նախկինում հանդիպել է այդ երկրի արտգործնախարարության դիմադրությանը, որը պաշտպանական գերատեսչությանը խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ Հարավային Կովկասի հետագա ռազմականացմանը մասնակցելու քայլերից:

Արդյոք իրավիճա՞կ է փոխվել, պաշտոնական Սեուլը դադարե՞լ է Ադրբեջանի չափազանց ռազմականացումից զգուշանալ` որեւէ տեղեկություն հայտնի չէ: Ադրբեջանական լրատվամիջոցն ուղղակի բաց գրել է, որ պաշտպանության նախարարը մեկնել է Հարավային Կորեա` «բազմամիլիարդանոց գործարքի շուրջը բանակցելու»:

Աղբյուրը, սակայն, զենքի եւ զինամթերքի նոր խմբաքանակ ձեռք բերելու Ադրբեջանի նպատակադրվածությունը չի բացատրում Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությամբ: Նշվում է, որ Ադրբեջանը «մտադիր չէ միանալ Մաքսային միությանը եւ «նոր ԽՍՀՄ»-ի վերականգնման` եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման ծրագրերին»:

Այս իմաստով virtualaz.org-ը ենթադրում է, որ եթե «Սեուլում բանակցությունները հաջող ընթացք ունենան, ապա Ադրբեջանը կարող է դիրքերն ամրապնդել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի հանդեպ»: Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայում պատվիրել «երկու փոքրածավալ սուզանավ»:

Այս տեղեկությունները շրջանառվել էին, երբ հայտնի էր դարձել, որ Իրանը սեփական արտադրության սուզանավ է ջրարկել Կասպից ծովում` նպատակ ունենալով ուժեղացնել նավթագազային հանքավայրերի պաշտպանությունը: Համանման քայլեր ձեռնարկել են մերձկասպյան բոլոր երկրները, այդ թվում` Ռուսաստանը, որ արդիականացրել է Կասպից ավազանում գործող իր նավատորմիղը:

Չափազանց ուշագրավ է, որ այս օրերին վերստին իրավիճակը լարվել է իրանա-ադրբեջանական ցամաքային սահմանում: Դեկտեմբերի 1-ին Լենքորանի սահմանային հատվածում գրանցվել է փոխհրաձգություն, Ադրբեջանի սահմանապահ զորքերի մի մայոր սպանվել է, մի փոխգնդապետ եւ եւս մի սպա` վիրավորվել:

Նախապես տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանախախտների ուղղությամբ, սակայն հետո եղան ակնարկներ, որ միջադեպը տեղի է ունեցել երկու կողմերի սահմանապահների միջեւ: Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարն այդ առթիվ ադրբեջանական կողմին կշտամբել է, որ խախտվել է սահմանային միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ չտարածելու երկկողմ պայմանավորվածությունը:

Այսպիսով, Ադրբեջանը նպատակ ունի Հարավային Կորեայի հետ թարմացնել զենք-զինամթերքի առուվաճառքի հարցով բանակցությունները, որպեսզի «կարողանա պաշտպանել իր արդարացի շահերը»: Ի՞նչ ավարտ կունենան բանակցությունները, կընդառաջի՞ Սեուլը Բաքվի խնդրանքին, թե՞ այնտեղ դարձյալ կգերիշխի առողջ տրամաբանությունը, պարզ կդառնա Ադրբեջանի պաշտպանության նախարարի հարավկորեական «տուրնեի» ավարտի վերաբերյալ հարեւան երկրի արձագանքներից:

Բայց առանց այդ էլ կարելի է եզրահանգել, որ Իլհամ Ալիեւի վարչախումբը կարող է վտանգավոր զարգացումներ սադրել հատկապես Կասպից ծովի ավազանում, որտեղ, ըստ երեւույթին, էներգակիրների պաշարների շուրջը մրցակցությունը գնալով ավելի կատաղի է դառնալու...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ