RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1304, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՆԱՊԱՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԴՂՅԱԿ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս տարվա հոկտեմբերի 2-ի համարում մենք պատմել էինք 60-ամյա գյումրեցի տիկին Թամարա Վարդանյանի մասին: Հիշեցնենք, որ տառապանքը դեմքին այս կինը եկել էր մեր խմբագրություն` պատմելու իր կյանքի պատմությունը: Մասնավորաբար, տիկնոջ կրտսեր դուստրը փախել էր Տաջիկստան, ամուսնացել տաջիկի հետ, ինքը` տիկին Թամարան, որ այդ ժամանակ Մոսկվայում հրուշակեղենի արտադրամասի սեփականատեր էր, գնացել է դստեր հետեւից, բայց Դուշանբեում սկսվել են նրա տառապանքները. կինն իր փեսայի ազգականների, տաջիկ ոստիկնապետի կողմից ենթարկվել է բռնությունների, նրանք խլել են տիկնոջ փաստաթղթերը, պահել անազատության մեջ, որից հետո տիկին Թամարային հաջողվել էր փախչել ու հատելով երեք պետական սահման (փաստորեն` անօրինական) հասնել Հայաստան: Տաջիկստանում Թամարա Վարդանյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ հափշտակելու մեջ (100 հազար ամերիկյան դոլար): Արդեն հայրենիքում տիկին Թամարային ոստիկանությունը մեղադրում է «անօրինական կերպով Հայաստանում բնակվելու» մեջ, որոշ ժամանակ կինն անցկացնում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: Ի վերջո տիկին Թամարան դատարանի որոշմամբ ճանաչվում է ՀՀ քաղաքացի, այսինքնՙ ոստիկանության մեղադրանքը համարվում է անհիմն: Հոկտեմբերի երկուսի մեր համարում այս պատմությունը կանգ էր առել այնտեղ, որ նախատեսվում էր վարչական վերաքննիչ դատարանում ոստիկանության հայցի բողոքարկումը: Մենք խոստացել էինք անդրադառնալ այս պատմությանն ավելի ուշ:

Այսպիսովՙ նոյեմբերի 12-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը` Ա. Աբովյանի նախագահությամբ եւ Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան կազմով, որոշում է կայացնում` մերժել ոստիկանության բողոք-հայցն ու Թամարա Վարդանյանին ճանաչել ՀՀ քաղաքացի:

Տիկին Թամարան, արդեն մի քիչ ուրախ դեմքով, կրկին այցելեց մեր խմբագրություն: Նա պատմեց, որ այս ընթացքում լուր է ստացել Տաջիկստանից, թե աղջիկն այնտեղ մահացել է. «Ամուսինն ու տեգրը ծեծել են, սպանել»: Հետո, սակայն, այս տխուր լուրը հերքվել է. տիկին Թամարան իմացել է, որ աղջիկը հիմա հոգեբուժարանում է, որտեղ հայտնվել է ծեծի ենթարկվելուց հետո: Տաջիկստանում Թամարա Վարդանյանի նկատմամբ քրգործը չի կարճվել, նա շարունակում է գտնվել հետախուզման մեջ, եւ այդ իրավիճակում կմնա, քանի դեռ կամ նրա հանդեպ հարուցված մեղադրանքը անհիմն չի ճանաչվել, կամ տիկին Թամարան չի վճարել 100 հազար ԱՄՆ դոլարի մնացած մասը (շուրջ կեսը տիկինն արդեն վճարել է): Այժմ, սակայն, երբ Վարդանյանը ճանաչվել է ՀՀ քաղաքացի, Հայաստանից նրան հնարավոր չի լինի արտաքսել, քանի որ քաղաքացիները արտաքսման ենթակա չեն սեփական հայրենիքից:

«Ես իմ հայրենիքում եմ ուզում ապրել: Ուզում եմ ազատվել այս ամենից ու ապրել եմ ուզում: Ուզում եմ դստերս, թոռներիս նաեւ այստեղ բերել, որ հայկական կրթություն ստանան», ասում է տիկին Թամարան եւ օգնություն խնդրում, խոստանալով, որ ինքն անպայման կվերադարձնի: Նա նաեւ երախտապարտ է Կանանց ռեսուրսների կենտրոնին` ի դեմս նախագահ, իր իսկ խոսքերով, «հրաշք մարդ» Լաուրա Ահարոնյանի եւ հենց այս կենտրոնից փաստաբան Լուսինե Մինասյանին, ով լրիվ անվճար է աշխատել` դատարանում պաշտպանելով տիկին Թամարայի շահերը: Տիկին Թամարան երախտապարտ է նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը ոչ միայն գումարով է օգնել տիկնոջն, այլեւ խոստացել է ապահովել աշխատանքով: Այս ընթացքում նա մի շարք մեծահարուստների էլ է դիմել, որոնցից մեկը, տիկնոջ խոսքերով նրան ասել է. «Անապատի վրա դղյակներ չեն կառուցում»

«Ես ուզում եմ ապրել», ասաց եւ հեռացավ տիկին Թամարան մեր խմբագրությունից, իսկ մենք պարզապես ասում ենք` իրոք, ամեն մի գիշեր ունի լուսաբաց, եւ ինչպես տիկին Թամարան ասաց. «Անապատի վրա կարելի է դղյակներ կառուցել»:

Հենց նրա խնդրանքով էլ այս հոդվածը վերնագրում ենք` «Անապատի վրա կառուցված դղյակ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ