RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-11-27 23:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴՙ ՀԱՄԱՐ 40 ԵՐԹՈՒՂԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Այս տարվա հունիսին չինական արտադրության մեկ տասնյակ նոր ավտոբուսների ներկրումը եւ համար 1 ուղեւորատար երթուղում դրանց արդեն սովորական դարձած երթեւեկությունը Գյումրիում խիստ ուրախացնող նորություն էին, այստեղ ներքաղաքային ավտոբուսային երթուղիների վերականգնման առաջին կարեւոր քայլը: Օրերս բերված եւս վեց նույնպիսի ավտոբուսներով վերագործարկվել է նաեւ համար 40 երթուղին, որը ձգվում է «Անի» թաղամասից Շիրակացի փողոցով մինչեւ շուկա, ավտոկայան եւ հետադարձ ուղղությամբ: Այս երթուղու սպասարկումը դադարեցվել էր ամիսներ առաջ, նախկին ավտոբուսային համակազմի (ՊԱԶ ավտոբուսներ) հնացածության պատճառով: Ինչպես հունիսին առաջին ավտոբուսների դեպքում, այնպես էլ այժմՙ սկզբնական մի քանի օրերին, մինչեւ ամսվա վերջ, տրանսպորտային ընկերությունը ուղեւորներին սպասարկում է անվճար:

Նոր ավտոբուսների երթեւեկության կազմակերպմանը զուգընթաց այս տարի քաղաքի համապատասխան փողոցների նորոգման բավական աշխատանք կատարվեց, հիմնանորոգված-ասֆալտապատվածների թվում է նաեւ համար 40 երթուղու ճանապարհին ընկած Շիրակացու փողոցի մի մասը: Թերեւս կարեւոր է, որ դրված լավ սկիզբը հետեւողական շարունակություն ունենա, նորանոր փողոցների հիմնանորոգումն ու նոր երթուղիների վերագործարկումն առաջիկա տարիներին զուգահեռաբար շարունակվեն:

Եթե տարիներ առաջ քաղաքում տրոլեյբուսներն ու ավտոբուսներն էին «խանգարում» գծատերերի ավելացող միկրոավտոբուսների աշխատանքին, ապա այժմ, բնականաբար, հակառակն է տեղի ունենում, եւ առաջանում են մրցակցային եւ ուղեւորների սպասարկման շահերից բխող վերաբաշխման, կարգավորման խնդիրներ: Համար 40 ավտոբուսի ճանապարհի մի զգալի մասում զուգահեռ գործում են նաեւ միկրոավտոբուսային երեք-չորս երթուղիներ, եւ առաջին իսկ հայացքից կարելի է նկատել, օրինակ, հանդիպող 22 համարի միկրոավտոբուսների վարորդների անթաքույց կոշտ «մրցակցությունը»: Մյուս կողմից, կան շատ փողոցներ, որոնք նախկին ավտոբուսային երթուղիների չգործելու պատճառով արդեն բավական ժամանակ մնում են առանց հասարակական տրանսպորտի:

Նոր, ժամանակակից ավտոբուսները, արժանապատիվ տրանսպորտը նաեւ նոր մշակույթ են բերում իրենց հետ, ինչու չէՙ նաեւ մարդկանց քիչ-քիչ դարձնում ավելի քաղաքավարի, բարեկիրթ ու... բարի: Այս տարիների թոհուբոհում մենք նման շատ բաներ կարծես մոռացել ենք: Մեր փոքրիկ կիսաշրջայցի ընթացքում ավտոբուսից անվճար օգտվող ուղեւորները կարծես «մոռանում էին» կամ գուցե հարկ չէին համարում իջնելիս վարորդին մի հասարակ շնորհակալություն հայտնել, իսկ հայտնողին, մեզ հանդիպած երկու դեպքում էլ, վարորդը չէր արձագանքում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ