RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1486, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գ. ՂԱՐԻԲՅԱՆ, ՀՀԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր

Մարդկային կապիտալի տեսությունը կայացել է 20-րդ դարի 60-ական թվականներին, ամերիկացի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Թ. Շուլցի եւ Հ. Բեքքերի կողմից: Նշվեց, որ մարդկային կապիտալը արդյունքն է այն ներդրումների, որոնք ներառում են մարդու առողջությունը, կրթությունը եւ աշխատուժի որակավորման բարձրացումը: Ընդգծվեց, որ մարդկային կապիտալը ավելի արժեքավոր է, քան բնական եւ կապիտալային ռեսուրսները:

Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի վերարտադրության առումով անհանգստացնող է նախ բնակչության ծնելիության մակարդակի նվազման միտումը: Այդպես, վերջին 20 տարիներում ծնունդների թիվը 1000 կնոջ հաշվով 209-ից իջել է 28-ի, կրճատվել է 7,5 անգամ: Եթե ծնելիության գումարային գործակիցը մինչեւ 1990թ. ապահովում էր Հայաստանի Հանրապետության բնակչության ընդլայնված վերարտադրությունը եւ տատանվում էր 2,2-2,3 շրջանակներում, ապա 1995-2011 թվականներին հայտնվեց 1,2-1,6 սահմաններում, որը չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրությունը: Հարցումները եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնելիության մակարդակի անկման վրա, բացի բնակչության զանգվածային աղքատությունից, սոցիալ-հոգեբանական ծանր վիճակից, ազդել են նաեւ արտագաղթի (միգրացիայի) հետեւանքով ընտանիքում տեղի ունեցող ժողովրդագրական եւ բարոյա-հոգեբանական նեգատիվ փոփոխությունները: Պատահական չէ, որ հենց 1990-ական թվականներից հետո հանրապետությունում գրանցվեցին 3 անգամ ավելի քիչ ամուսնություն եւ 6 անգամ ավելի ամուսնալուծություն: Ժողովրդագրական տեղի ունեցող զարգացումները հետազոտողները հաշվարկել են, որ այդ միտումները շարունակվելու դեպքում, եթե պահպանվեն տարբեր ձեւերով արտագաղթի ժամանակակից ծավալները, 20 տարի հետո հանրապետության բնակչությունը կկազմի ընդամենը 1 միլիոն 200 հազար մարդ: Դա արդեն երկրի համար աղետ է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցածր են բնակչության վերարտադրության եւ նրա առողջապահությանն ուղղված պետական հատկացումները: 2005թ. դրանք կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 1,5%-ը, երբ ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում հասել է 4-8%-ի: Դրանով է բացատրվում, որ հանրապետությունում առողջապահության ոլորտի աշխատողների միջին ամսական աշխատավարձը ամենացածրերից է: Դրա հետեւանքով շարունակում են մեծ լինել կոռուպցիոն ռիսկերը եւ անարդյունավետ մնալ պետական կամ մասնավոր ապահովագրությամբ բուժումը:

Մարդկային կապիտալի կորուստները աճելու միտում ունեն հատկապես սիրտ-անոթային եւ չարորակ նորագոյացությունների արագ զարգացումների հետեւանքով: Ցավալի է, որ այդ հիվանդությունների տարիքը երիտասարդանալու միտում ունի: Դրան նպաստել են նաեւ պահանջվող առողջապահական ծառայությունների համար մեր աղքատ բնակչության վճարունակ ցածր հնարավորությունները: Տնային տնտեսությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին նվազել են ընտանիքների կողմից բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարումները: Այդպես, 2011թ. ՀՀ տնային տնտեսությունների կողմից բժշկական ծառայությունների համար կատարած վճարումները կազմել են ընտանիքի ամբողջական ծախսերի 7,6%-ը` 2009թ.-11,2%-ի դիմաց: Վիճակը հատկապես վատ է գյուղերում: Գյուղում բնակիչը մեկ ամսում առողջապահության վրա ծախսում է ընդամենը 537 դրամ: Մյուս կողմից, եթե տնային տնտեսությունը բուժման համար հարկադրված մեծ ծախսեր է կատարում, ընտանիքը կարող է հայտնվել աղքատության գծից ներքեւ: Տնային տնտեսությունների հետազոտություններից պարզվել է, որ հանրապետության տնային տնտեսությունների 6%-ն աղքատ է դարձել առողջության վերականգնման համար ընտանիքի բյուջեից վճարումներ կատարելու հետեւանքով:

Վերջին 20 տարիներում մարդկային կապիտալի վերարտադրության ընդհանուր համակարգում մեծ կորուստներ ունեցավ նաեւ կրթական համակարգը, կրթական կապիտալը: Հիշենք, որ 1920թ. սկսած Խորհրդային Հայաստանում կրթությունը, այդ թվում նաեւ նախադպրոցական կրթությունը, մեծ զարգացում ստացավ: Մարդկային զարգացման ընդհանուր ինդեքսում, կրթության ինդեքսով Հայաստանը առաջավոր տեղ գրավեց: Հայաստանը հայտնվեց Սովետական Միության ամենաառաջնակարգ տեղերում: Ավելին, ձեւավորվեց բարոյա-քաղաքական եւ հայրենասիրական մեծ արժեքներով օժտված մարդկային կապիտալ, որը Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախի ազատագրման գոյամարտում հերոսության փայլուն էջեր գրեց:

1990-ական թվականներին մեծ հարված հասցրվեց նաեւ կրթությանը: Հիմնովին կործանվեց նախադպրոցական կրթությունը: Ներկայումս հանրապետության 400-ից ավելի համայնքներում ընդհանրապես չկան նախադպրոցական հաստատություններ (մսուր-մանկապարտեզներ), իսկ 2004թ. երեխաների ընդհանուր ընդգրկվածությունը դրանցում կազմել էր ընդամենը 20% (27,4% քաղաքում, 8,7% գյուղում), 2011թ. 26%, երբ աշխարհի առաջավոր երկրները (Ճապոնիան) հասել են 90% ընդգրկվածության:

Հայաստանի կառավարությունը 2008թ. հաստատեց «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թ. ռազմավարության ծրագիր», որով նախատեսվում է մինչեւ 2015թ. ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկաններ) ընդգրկվածությունը հասցնել մինչեւ 90%: Եղած փաստական աճի ցածր տեմպերով դա իրականանալ չի կարող:

Հանրապետությունում մտահոգող խնդիր է նաեւ երեխաների ընդգրկվածությունը հանրակրթական դպրոցներում: Ըստ պաշտոնական վիճակագրական ծառայության աղբյուրներիՙ 2002-2004 թվականներին դպրոց չհաճախող երեխաների թիվը կազմել է համապատասխանաբար 1531, 4823 եւ 7630 հոգի: Անգրագիտությունը ոչ թե վերացման, այլ աճի միտում ունի: 2011թ. մարդահամարի արդյունքներում մոտ 108169 տղամարդիկ չունեն տարրական կրթություն, իսկ 9864-ը տառաճանաչ չեն: Ընդ որում, կրթական մակարդակով, 2011թ. գյուղական համայնքները շուրջ երեք անգամ զիջում են քաղաքայինին: Անգամ 2011թ. երկրում հազարավոր մարդիկ ուղղակի անգրագետ էին, որը անհամատեղելի է 21-րդ դարի մարտահրավերներին: Այդ բոլորի հետեւանքով Հայաստանն այսօր կրթության որակի ցուցանիշով գրավում է 105-րդ տեղը:

Մարդկային կապիտալի կորուստներից են գործազրկությունը, աշխատունակ բնակչության թերզբաղվածությունը եւ ոչ մասնագիտությամբ աշխատելը: 1990-ական թվականների խոր ճգնաժամը հանգեցրեց աշխատունակ բնակչության զանգվածային գործազրկության: 1998թ. հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկությունը 9,4% էր, իսկ ոչ պաշտոնական հետազոտության արդյունքներով իրական գործազրկությունըՙ 27,3%: 2007-2008թթ. մեր հետազոտության նյութերով հիմնական աշխատանքում զբաղվածների 71,4%-ն աշխատել է լրիվ աշխատօրով, իսկ 14.4%-ը` ոչ լրիվ աշխատօրով: Ընդ որում, ոչ լրիվ աշխատաշաբաթով աշխատողների տեսակարար կշիռն ամենաբարձրը Սյունիքի մարզում էր (72,1%), Լոռու մարզում (64,3%) եւ Տավուշի մարզում (62,9%): Գործազրկությունը բարձր է հատկապես երիտասարդների շրջանում: Համաձայն Հայաստանի երիտասարդների ազգային զեկույցիՙ զբաղված երիտասարդների 56%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ, որը մարդկային կապիտալի որակական մեծ կորուստ է: Զբաղվածությունը ցածր է հատկապես բարձրլեռնային գյուղերում: Հանրապետությունում այժմ կա շուրջ 200.000 գործազուրկ, իսկ աշխատողների մի զգալի մասը իր մասնագիտությամբ չի աշխատում: Հենց դրանք են բնութագրում մարդկային կապիտալի հսկայական կորուստները:

Արտագաղթը մարդկային կապիտալի բացահայտ կորուստ է: Արտագաղթը մեր պատմության անբաժան մասն է: Այն զանգվածային բնույթ ընդունեց 1915թ. ցեղասպանության տարիներին: Հայաստանը փոքրացավ, բնակչության մի մասը տեղում կոտորվեց, մյուս մասըՙ անապատներում: Հայ մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցը դառնացած գրեց. «Աշխարհը, այդ թվում եւ Խորհրդային Ռուսաստանը, անտարբեր մնաց այդ բոլորին, եւ Մեծ Հայաստանի փոխարեն «երազների բոցավառ խարույկից մնաց միայն մի աղքատ ճրագ, որ առկայծում է Արագածի ստորոտին, ավաղՙ այնքան թույլ, որ նրա շողերը հազիվ են հասնում մինչեւ Արաքսի ջրերը եւ անզոր են լուսավորելու Մասիսի մռայլ ճակատը»: Ձեւավորվեց հայրենիքից դուրս հայկական Սփյուռքը, որում այսօր ապրում է աշխարհի 10 միլիոն հայերից շուրջ 7 միլիոնը: Ահա մեր ժողովրդագրական այսօրվա տխուր պատկերը: Ճիշտ է, 1921թ. մինչեւ 1973թ. Հայաստան ներգաղթեցին 200 հազարից ավելի մարդիկ, բայց հայրենադարձությունը հետագա զարգացումներ չունեցավ: Ընդհակառակը, 1988թ. երկրաշարժով եւ ԽՍՀՄ փլուզումով նորից զարգացան հակառակ միտումները: Երկրաշարժից 25.000 մարդ զոհվեց, իսկ 50.000-ը արտագաղթեցին: Դա բնական աղետից արտագաղթ էր: Դրան հաջորդեց Ղարաբաղյան հակամարտությունով եւ պատերազմով պայմանավորված արտագաղթը:

Արտագաղթի ծավալները մեծ չափերի հասան հատկապես 1992-1994 թվականներին: Երկրաշարժի ավերածություններին գումարվեց ատոմակայանի եւ «Նաիրիտ» արտադրական միավորման հանցավոր փակումը: Դա կաթվածահար արեց երկրի տնտեսությունը. փակվեցին հարյուրավոր ձեռնարկություններ, հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ` ապրելով առանց աշխատանքի ցրտի եւ մթի պայմաններում: Հայաստանի բնակչության համար սոցիալ-հոգեբանական մեծ աղետ էր շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք ընտանիքների ավանդների սառեցումը: Այդ բոլորի հետեւանքով Հայաստանում միջին դաս, փոքր եւ միջին ձեռնարկատիրություն չկայացավ: Բնակչության հարստության եւ եկամուտների բեւեռացումը ահռելի չափեր ընդունեց: Ըստ 1998-1999 թվականների ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գնահատումներիՙ 20% ամենաշատ եւ 20% ամենաքիչ ապահովված բնակչության եկամուտների տարբերությունը հասավ 32 անգամի (Ռուսաստանի Դաշնությունում 16 անգամի դիմաց): Այդ բոլորի հետեւանքով բնակչության 56%-ը դարձավ աղքատ, եւ ընդամենը երեք տարում շուրջ մեկ միլիոն մարդ երկրից արտագաղթեց: Վերադարձավ միայն 370 հազարը: 610 հազարը չվերադարձավ: Դա ազգային աղետ էր` մարդկային կապիտալի մեծ կորուստ:

Մեր եւ վերջին տարիներին մի շարք հետազոտություններով պարզ դարձավ, որ արտագաղթ կամ միգրացիա ծնող պատճառները շատացել են: Բացի աղքատությունից, աշխատատեղերի բացակայությունիցՙ միգրացիայի լուրջ պատճառներ են դարձել աշխատավարձի ցածր մակարդակը, ապագայի անվստահությունը կամ անորոշությունը, կոռուպցիան, սոցիալական ընդգծված անարդարությունը եւ անպատժելիությունը, օրենքի բացակայությունը, հարստության ու եկամուտների գնալով աճող բեւեռացումը եւ այլն:

Որո՞նք են միգրացիոն հոսքերի ժամանակակից միտումները: Մինչեւ 2000-ական թվականները միգրացիան հիմնականում կարճաժամկետ էր, ընտանիքի մեկ կամ երկու անդամով` վերադառնալու ակնկալիքով: Ընտանիքի մայրը, որպես կանոն, արտերկիր չէր մեկնում, մնում էր տանը:

Ժամանակակից միգրացիան դառնում է երկարաժամկետ. ամբողջ ընտանիքով եւ անվերադարձ ակնկալիքով: Դրանք հիմնականում գնացած եւ վերադարձած միգրանտներն են, որոնց շուրջ 43%-ը նորից աշխատանք չի գտնում եւ ընտանիքի հետ անվերադարձ հեռանում է: Դա սոսկալի է, որը շարունակվելու դեպքում կարող է հայաթափել Հայաստանը:

Մասնավորապես ակտիվացել է դեպի արտերկիր երիտասարդության միգրացիոն վարքագիծը: Պրոբլեմի հետազոտողները ուսումնասիրել են մարդկանց երկրից դուրս մղող գործոնները, արտերկրի գրավիչ գործոնները եւ վերջապես Հայաստանում մնալու եւ ապրելու գրավիչ գործոնները: Պարզվել է, որ մարդկանց երկրից դուրս մղող գործոններն են աղքատությունը, գործազրկությունը, ցածր աշխատավարձը, հարստության ու եկամուտների ահռելի բեւեռացումը, համընդհանուր կոռուպցիան, օրենքով ապրելու վստահ համակարգի բացակայությունը, Ադրբեջանի բանակի հզորացումը, ապագայի նկատմամբ անվստահությունը:

Արտերկրի գրավիչ գործոններն են. աշխատատեղերի առկայությունը եւ բարձր աշխատավարձը, օրենքի գերակայությունը եւ սոցիալական արդար մթնոլորտը, որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը, հզորացած սփյուռքը:

Հայաստանում մնալու եւ ապրելու ռեալ ու միակ գործոնը հայրենիքն է. Հայաստան աշխարհը. մեր մշակույթը ու պատմությունը, մեր նախնիների սուրբ գերեզմանները: Այդ գործոնները դժբախտաբար տարբեր պատճառներով շատ թուլացած են դրսեւորվում եւ այսօր վճռող չեն:

Ժամանակակից միգրացիան շատացել է հատկապես սահմանամերձ եւ բարձրլեռնային գյուղերից: Դրանով մենք կորցնում ենք դարեր շարունակ մեր ժողովրդի գոյության հուսալի հենարանը` ավանդական գյուղը եւ ավանդական ընտանիքը:

Ժամանակակից միգրացիայի անցանկալի առանձնահատկություններից է նաեւ այն, որ հատկապես արտերկիր են ձգտում մեկնել բարձր որակավորման մասնագետները, գիտնականները` ակնկալելով այնտեղ ստանալ շատ բարձր աշխատավարձ: Կրթության մեծ ծախսերը կատարում է մեր պետությունը եւ ընտանիքը, իսկ դրանց բերած մեծ հատույցը ստանում է արտերկիրը:

Որոնք են արտագաղթը կանխելու ուղիները:

Հարկային եւ մաքսային բարեփոխումներով փոքր եւ միջին ձեռնարկատիրության համակողմանի զարգացումը:

Պետական օգնությամբ սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրերին հարկերից ազատելը, հայ գյուղի եւ նահապետական ընտանիքի ավանդույթների վերակենդանացումը:

«Ուղեղների արտահոսքի» կանխումը բարձր աշխատավարձով:

Կոռուպցիայի հաղթահարման միջոցով- պետության հեղինակության բարձրացումը եւ նրա հումանիստական քաղաքականությունը:

Բանակի մարտունակության մշտական բարձրացումը համընդհանուր խնայողության եւ շռայլ ծախսերը կրճատելու միջոցով: Հզոր բանակը ապագայի նկատմամբ ժողովրդի վստահության հիմնական երաշխիքն է:

Բնակչության հարստության եւ եկամուտների ահռելի բեւեռացման կրճատումը եւ արդարացի բաշխման հաստատումը:

Լրատվության բոլոր միջոցներով, մշակույթով եւ արվեստով, կրթական ողջ համակարգով Հայաստանը սիրելու արդյունավետ ու նպատակասլաց քարոզչության իրականացումը:

Արտագաղթի հաղթահարումը ողջ ժողովրդի, ՀՀ Ազգային ժողովի, քաղաքական բոլոր կուսակցությունների, իշխանական բոլոր օղակների, հարգարժան վարչապետի սրբազան ու անհետաձգելի գործն է` Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահի անմիջական գլխավորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ