ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿՄԱՔՍԱԶԵՐԾՎԵՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ Ա. Մ. Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ առաջարկեց ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրի մեջ ներառել Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ծրագիրը ներկայացնում էր պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, որին էլ նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին այս փաստաթղթի մասին: Պատասխանելով դրանցՙ նա նշեց, որ փաստաթուղթը առաջին հերթին վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից փոստային եւ սուրհանդակային ծառայությունների միջոցով ապրանքների ներմուծմանը: Ըստ Վախթանգ Միրումյանիՙ ներդրվելու է ընթացակարգ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները, որոնք էլեկտրոնային եղանակով առեւտուր կանեն, կարողանան պարզեցված եղանակով կատարել մաքսազերծում: «Օրինակՙ մենք նախատեսում ենք փոստային բաժանմունքներում ունենալ ներկայացուցիչ, որոնք իրականացնելու են մաքսային գործառույթ: Այսինքն, մեր քաղաքացիները այլեւս կարիք չեն ունենա գնալու համապատասխան մասնագիտացված մաքսատուն ու կատարել մաքսազերծում: Մաքսազերծումը կատարվելու է հենց փոստային բաժանմունքներում», հայտնեց ՊԵԿ փոխնախագահը: Ինչ վերաբերում է մաքսային արժեքը որոշելուն, ապա դա կատարվելու է ոչ թե ընդհանուր կանոններով, այլ պարզեցված սուրհանդակային հայտարարագրերով, որտեղ նշված կլինեն ապրանքային արժեքները: «Այսինքն` միանգամից մի վճարում է կատարվելու», պարզաբանեց Վախթանգ Միրումյանը, միաժամանակ նշելով, որ փոստային առաքումները պետք է արվեն այնպես, որ չվերածվեն առեւտրային քանակությունների: |