RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 705, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Երեկ շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները մեկնեցին Վարշավա, որտեղ նոյեմբերի 8-ին կմեկնարկի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են 5 շախմատիստներ, որոնցից մեկը պահեստային է:

Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 37 հավաքականներ, կանանց մրցաշարում հանդես կգան 31 թիմեր: Տղամարդկանց մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 27 հազար եվրո է, որից 13 հազարը կստանա Եվրոպայի չեմպիոնը: 2-րդ մրցանակակիրը կպարգեւատրվի 9 հազար եվրոյով, բրոնզե մեդալակիրը կստանա 5 հազար եվրո:

Տղամարդկանց մրցաշարում միջին վարկանիշով Հայաստանի հավաքականը 2-րդն էՙ զիջելով միայն Ռուսաստանին: Վերջինս Եվրոպայի առաջնությանը մասնակցում է ոչ ուժեղագույն կազմով. բացակայում են Վլադիմիր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը: Ռուսների կազմում Վարշավայում հանդես կգան Ալեքսանդր Գրիշչուկը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Եվգենի Տոմաշեւսկին ու Դմիտրի Անդրեյկինը:

Իսկ ահա Հայաստանի հավաքականը հանդես է գալու իր մարտական կազմով: Թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ խաղատախտակների առջեւ կնստեն Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Ուկրաինայի հավաքականն էլ հիմնական շեշտը դրել է Թուրքիայում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնության վրա, ուստի Վարշավայում չեն խաղա Վասիլի Իվանչուկն ու Ռուսլան Պոնոմարյովը: Իսկ ահա կանանց մրցաշարում Ուկրաինայի հավաքականն ամենաբարձր միջին վարկանիշն ունի: Ուկրաինուհիների հիմնական մրցակցուհիները կլինեն Վրաստանի եւ Ռուսաստանի շախմատիստուհիները:

Հայաստանի կանանց հավաքականը եւս կփորձի խառնվել մրցանակային տեղերի համար մղվող պայքարին: Մեր հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություններն անցկացվում են 1957-ից: Սկզբում որոշվել էր մրցաշարերն անցկացնել 4 տարին մեկ անգամ, սակայն հետագայում ժամկետները մշտապես փոփոխվել են: 1997-ից սկսած մրցաշարն անցկացվում է 2 տարին մեկ: Մրցակարգը եւս բազմիցս փոփոխվել է: Սկզբում պարտիաներն անցկացվում էին 10 խաղատախտակների վրա: Հետագայում թիվը նվազեց (8, այնուհետեւՙ 6): 1992-ից սկսած յուրաքանչյուր թիմ խաղում է 4 խաղատախտակի վրա: Այդ տարվանից սկսած անցկացվում է նաեւ կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը:

Մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, 1957-1989-ին անցկացված Եվրոպայի բոլոր 9 առաջնություններում էլ հաղթող է ճանաչվել ԽՍՀՄ հավաքականը: Առաջին 8 մրցաշարերին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել եւ ոսկե մեդալի է արժանացել Տիգրան Պետրոսյանը, ընդ որումՙ 1965-ին եւ 1970-ին նա եղել է մեր թիմի առաջատարըՙ խաղալով 1-ին խաղատախտակի վրա: Այդ տարիներին ԽՍՀՄ հավաքականի հիմնական մրցակիցներն էին Հարավսլավիայի եւ Հունգարիայի շախմատիստները: Հարավսլավացիները վեց անգամ դարձել են Եվրոպայի փոխչեմպիոններ, մեկ անգամՙ բրոնզե մեդալակիրներ: Հունգարացիները 4 անգամ նվաճել են արծաթե, 5 անգամՙ բրոնզե մեդալներ:

Հայաստանի հավաքականները Եվրոպայի թիմային առաջնություններին մասնակցում են 1992-ից: Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր ամենամեծ հաջողությանը հասել է 1999-ին Բաթումում անցկացված մրցաշարումՙ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Մեր թիմում ոսկե մեդալների արժանացան Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Լեւոն Արոնյանը եւ Արշակ Պետրոսյանը:

Իսկ մինչ այդ, 1997-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում անցկացված մրցաշարում մեր շախմատիստները բրոնզե մրցանակակիր էին դարձել: Թիմի կազմում էին Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանն ու Աշոտ Անաստասյանը:

Վերջին հաջողությանը Եվրոպայի առաջնություններում մեր թիմը հասել է 2007-ին Հունաստանի Իրակլիոն քաղաքում անցկացված մրցաշարումՙ դառնալով արծաթե մրցանակակիր: Հաջողությունում իրենց ներդրումն ունեցան Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանն ու Սմբատ Լպուտյանը:

Եվրոպայի գործող չեմպիոնը Գերմանիայի հավաքականն է:

Հայաստանի կանանց հավաքականն էլ վայելել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի նվաճման բերկրանքը: Մեր ընտրանին 2003-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Այն ժամանակ ընդամենը 2 խաղատախտակի վրա էր անցկացվում մրցաշարը: Մեր թիմի կազմում էին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, պահեստայինն էր Նելլի Աղինյանը:

2007-ին էլ մեր շախմատիստուհիները Հունաստանում բրոնզե մեդալների են արժանացել: Թիմի կազմում հանդես էին գալիս Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանն ու Լիանա Աղաբեկյանը:

Հուսանք, որ Վարշավայից էլ մեր հավաքականները կվերադառնան մեդալներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ