RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 893, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱԶԳԱԴԱՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԿԱՅՔԵՐ, ՈՐ ՈՉ ՈՔ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ...

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կարծես ավանդույթ է դառնում իմ կողմից արդեն իսկ որերորդ անգամ անդրադառնալ արատավոր մի երեւույթի, որ այսօր առկա է մեզանում: Գտնվելով դե ֆակտո «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակում, անխոսՙ երկրի գլխավոր ուղղություններից է արտաքին քաղաքականությունը, եւ սա մեծ գաղտնիք չէ: Այսօր որոշ լրատվամիջոցների համար հայրենասիրությունը դարձել է բավականին յուրատեսակ ընկալմամբ մի հասկացություն, եւ տառացիորեն հայրենիքի համար այս կարեւոր ուղղությունն ու նրա ղեկավարին ծաղրուծանակի առարկա սարքելն, ինքնին, շահեկան են միմիայն մեր ոխերիմ հարեւան երկրի համար: Այսօր Ադրբեջանը ծախսում է հսկայական գումարներՙ բացահայտ սուտ քարոզչության միջոցով Հայաստանի վարկանիշը գցելու համար, իսկ մենք ակամա «նվերներ» ենք մատուցում նրանցՙ այդ գործում օգտագործելու համար:

Որքան մեծ հարգանքով եմ մոտենում բազմակարծությանը եւ խոսքի ազատությանը, երբ իրական բովանդակային քննադատությունը ծնում է ճշմարիտ առողջ միջավայր եւ ապահովում առաջընթաց, այնքան էլ անընդունելի եւ անհասկանալի են ինձ համար սին, սակայն ամպագոռգոռ, «սենսացիոն», հատկապեսՙ հուրախություն հարեւան երկրի արված արտահայտությունները եւ հրապարակումները:

«Քանի դեռ Հայաստանի արտգործնախարարին չեն ասել վայրենի», «Թշեր, որ ոչ ոք այլեւս չի ուզում համբուրել կամ քաշել», «Նալբանդյանին այլ ինքնաթիռ են նստեցրել», «ԱԳՆ դուռը Նալբանդյանի համբույրին է սպասում», «Նալբանդյանին փակելու են», «Էդվարդ Նալբանդյանի լեզուն եւ հրաժարականը»: Սրանք վերնագրեր են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությանն ու անձամբ նախարար Նալբանդյանին վերաբերող եւ ապատեղեկատվության ու վիրավորանքի վրա հիմնված տողերից, որոնք համապատասխան լրատվական կայքը կայուն պարբերականությամբ հրապարակում է, ընդ որում նույն անձը նույն կայքում հանդես է գալիս տարբեր անուններով (արական եւ իգական):

«Եթե որեւէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել եւ չլսել պատասխանը, ապա, կարծում եմ, որ պատասխան չկա». սա հատված է դեռեւս այս տարվա սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում արտգործնախարարի` լրագրողների հետ ճեպազրույցից: Թեեւ նախարար Նալբանդյանի խոսքերն այդ ժամանակ այլ թեմային էին վերաբերում, սակայն խիստ արդիական են նաեւ տվյալ դեպքում, երբ «լրագրական» գործունեությամբ զբաղվող մեկը (կամ երկուսը) իրեն իրավունք է վերապահում տեղի-անտեղի «քննադատել» ու վիրավորել պետական գերատեսչության աշխատանքն ու նրա ղեկավարին: Դիվանագիտությունը չի ենթադրում համարժեք ձեւով պատասխանել էմոցիոնալ տարբեր աստիճանների վրա գտնվող ԶԼՄ-ների ներկայացուցիչների հրապարակումներին: Խնդիրը լուռ աշխատանքի եւ գործով արդյունքի հասնելու մեջ է: Բացի դրանիցՙ արտաքին քաղաքականության աշխատանքի եւ բանակցությունների զգալի մասը հրապարակման ենթակա չէ, եւ միայն ապագայում կերեւան գերատեսչության եւ նրա ղեկավարի գործունեության արդյունքները:

Ամեն գործում առողջ ու խելամիտ քննադատություն եւ խորհուրդ լսելը միմիայն դրական կարող է ազդել աշխատանքի վրա, սակայն անատամ ու անհիմն, բացառապես վիրավորանքի ու «քլիք» հավաքող վերնագրերով նյութերի հրապարակումը չի դիմանում որեւէ փաստարկի եւ չի կարող տեղավորվել որեւէ տրամաբանության մեջ, բացի նրանից, որ կոչվում է «դեղին ԼՐԱԳՐություն»: Այդպիսի տրամաբանությամբ շարժվողները կարող են «հսկայածավալ վերլուծություններ» գրել անգամ ԱԳՆ-ում լսված ճանճի տզզոցի վերաբերյալ: Հենց որ կայքի համար անհրաժեշտ լուրերն ու նորությունները սկսում են պակասել կամ չբավարարել, անմիջապես գործի են դրվում «իրազեկ եւ մոտ կանգնած աղբյուրի» ինստիտուտը կամ ֆուտուրիստական ու գիտաֆանտաստիկ դիտարկումների մեթոդը: Չեղած տեղից սկանդալներ ու ինտրիգներ որոնելը, ամենատարբեր պաշտոնյաների անձի շուրջը խարդավանքներ հյուսելը դարձել են սովորական վարքագիծ հայրենական ԶԼՄ-ներից շատերի համար, եւ դա լուրջ մտածելու տեղիք է տալիս: Ամենաթողությունն ու լկտիությունը չի կարելի խառնել խոսքի ազատության հետ:

Նմանատիպ վերջին օրինակն օրեր առաջ Երեւանումՙ «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» միջազգային խորհրդաժողովին մի խումբ ակտիվիստների խորհրդաժողովի սրահ մուտք գործելն ու բողոքի ակցիա անցկացնելն էր: Միանգամից հայտնվեցին մեկնաբանություններ, թե ակտիվիստները տապալել են, վիժեցրել են խորհրդաժողովի բնականոն ընթացքը: Իրականում, սակայն, նույն այդ ակցիայի մասնակիցներն էլ իրենց հարցազրույցներում նշում էին, որ ազատորեն իրականացրել են իրենց ակցիան, իսկ խորհրդաժողովը որեւէ ձեւով չի ընդմիջվել եւ բնականոն հունով ընթացել ու ավարտվել է: Կողմնորոշվե՛ք, ուրեմն, պարոնա՛յք ԼՈՒՐ գրողներ, «սենսացիոն» վերնագրերը չեն կարող մշտապես աշխատել եւ արդարացնել իրենց: Օտարերկրյա մասնակիցները տարբեր տեղեր նշում էին, որ վերջիվերջո անհասկանալի էր, թե ինչ էին ուզում այդ ակցիայի մասնակիցները: Ըստ իսՙ նրանք ցանկանում էին սուր արձագանքՙ օրինակ, որ իրավապահները նրանց դուրս հրավիրեին, դրանից առաջանար սկանդալ, աղմուկաղաղակ, եւ հաջորդ օրը բոլոր լրատվամիջոցները դրա մասին գրեին: Բայց նրանց որեւէ մեկը չդիպավ, եւ այլընտրանքային պլանի բացակայության պարագայում նրանք անգործության մատնվեցին: Զարմանալ եւ ցավել կարելի է, թե ինչքան չպետք է մարդ սիրի իր երկիրը, որ ամեն կերպ փորձի խայտառակել այն ուրիշի աչքերում, ինչքան անհայրենիք պետք է լինի մարդ, որ Հայաստանի մասին խոսելիս անվանի ֆաշիստական կամ ռասիստական, կամ, ինչն ավելի վատ էՙ «այդ երկիր»: Թեեւ սա խոսակցության այլ թեմա է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ