RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿԱՏՎԻ ԿԵՐ ԵՆ ՈՒՏՈՒՄ ԵՎ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ ՄԵՌՆՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ոչ հումոր ենք անում, ոչ կեղծախոսում. զինված ուժերի աղետալի վիճակի մասին հրապարակային ասել է ադրբեջանցի լրագրող Ջանմիրզա Միրզոեւը, որը նախկինում եղել է ՊՆ աշխատակից եւ այնտեղից հեռացվել Սաֆար Աբիեւի հրամանով:

Ըստ Միրզոեւի, ANS հեռուստաընկերության լրագրողները պարզել են, որ փաստաթղթերով Ադրբեջանի զինված ուժերի N զորամասին են «մատակարարվել 6 տոննա շոկոլադային կարագ» եւ այլ դելիկատեսային սնունդ, բայց 5 տարվա կտրվածքով հարցման ենթարկված ոչ մի նախկին զինվոր չի հիշել դեպք, երբ բանակային ճաշացանկում նման ուտելիք եղած լինի, բացառությամբ չամիչի, որ տրվել է «նոր տարվա փլավի հետ»:

Լրագրողական հետաքննության տվյալներով, միայն մսի գնի տարբերությունից մեկ զինվորի հաշվով «պաշտպանության նախարարությունը տարեկան յուրացնում է 73 մանաթ, ինչը ընդհանուր հաշվով կազմում է 5 մլն մանաթ»: Պաշտոնական տվյալներով, ադրբեջանական բանակը տարեկան սպառում է 510 000 տուփ լուծվող սուրճ, «բայց իրականում զինվորներին օրվա մեջ մեկ անգամ, նախաճաշին մի բաժակ պղտոր թեյ է տրվում»:

ՊՆ նախկին աշխատակից Միրզոեւը վերհիշել է դեպք, երբ Սաֆար Աբիեւի կարգադրությամբ զինված ուժերի թիկունքային ծառայությունը «երրորդ երկրից ձեռք է բերել խոզաճարպ, ընդ որում` կասկածելի որակի»: Կարելի է միայն պատկերացնել, թե զինվորները, որ գրեթե առանց բացառության իսլամադավան են, ինչ «հաճույքով պիտի վայելեին» խոզաճարպը:

Բայց դա դեռ բոլորը չէ: Միրզոեւը պնդում է, որ ադրբեջանական բանակում զինվորներին, որ մարտական հերթապահություն են անցնում «խրամատներում, իբրեւ չոր օրապահիկ տալիս են Wiskas արտադրության կատվի կեր»: Նա առանց երկմտանքի գրում է, որ «խրամատի զինվորները մեռնում են թերասնումից:

Միրզոեւը պնդում է, որ այդպես եղել է Սաֆար Աբիեւի պաշտոնավարման բոլոր 18 տարիներին` սկսած 1995թ.-ից: Նա խոսում է առարկություն չհանդուրժող ձեւակերպումներով եւ վստահեցնում, որ «այդ մասին գիտեն բոլորը»: Բնականաբար, գիտի նաեւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, որ մի քանի անգամ անսպասելի ստուգումներ է նախաձեռնել, սակայն այդպես էլ չի համարձակվել հեռացնել Սաֆար Աբիեւին:

Աբիեւն այսօր պաշտպանության նախարար չէ, իսկ լրագրող Միրզոեւը կարծում է, որ «աբիեւյան ախոռները մաքրելու համար երկար ժամանակ է պետք, եւ արդյունքները զգացնել կտան շատ ուշ»: Պաշտպանության նոր նախարար Հասանովը պաշտոնավարում է արդեն շուրջ կես ամիս, բայց զինված ուժերի սննդային մատակարարման գործում որեւէ փոփոխություն չի կատարվել: Հակառակ դեպքում Միրզոեւը կխոսեր «հույս ներշնչող քայլերի մասին»:

Իսկ նա, ընդհակառակը, կարծում է, որ «արդյունքներն զգալ կտան ուշ», ինչը պիտի հասկանալ այնպես, որ զինվորական լրագրողը թերահավատ է: Եւ, իրոք, մի՞թե Աբիեւը կարող էր կատվի կերը որպես «չոր օրապահիկ» մատակարարել խրամատներում մարտական հերթապահություն անցկացնող զինվորներին, եթե համոզված չլիներ, որ մնալու է անպատիժ:

Երբ անկախ փորձագետները նշում են, որ բանակին հատկացված աստղաբաշխական գումարներն Ադրբեջանում «վերստին վերադառնում են չինովնիկների գրպանը», Բաքվում իշխող վարչախմբի սպասարկուները վայնասուն են բարձրացնում, ասվածի մեջ իսկույն «հայկական հետք տեսնում»: Այսօր այդ մասին բացեիբաց խոսում է ադրբեջանցի լրագրողը: Խոսում է փաստերով, հասցեներով, ենտաքտեքստային ակնարկներով, ինչից հասկացվում է, որ սլաքն ուղղված է Իլհամ Ալիեւի դեմ, որը բանակի նյութատեխնիկական եւ պարենային մատակարարման գործը դարձրել է չափազանց շահավետ բիզնես:

Ուշագրավ է, որ երեկ ժամը 11-ի սահմաններում Ջանմիրզա Միրզոեւի հոդվածը haqqin. az եւ virtualaz.org կայքերից արդեն ջնջված էր: Ըստ երեւույթին, պատկան մարմինները բավական ուշացումով հասկացել են, որ պաշտպանության նախկին նախարարի դեմ տեղեկատվական արշավը գնալով իշխող վարչախմբի համար վտանգավոր երանգներ է ստանում եւ կարգադրել են «հետքերը մաքրել»:

Ավելի վաղ ՊՆ նախկին աշխատակից, պահեստազորի սպաների իրավունքների պաշտպանության հ/կ նախագահ Յաշար Ջաֆարլին հանդես էր եկել հայտարարությամբ, որ «Սաֆար Աբիեւը խաղաղ պայմաններում սովից մահացած զինվորների ծնողներին պետք է ծնկաչոք ներողություն խնդրի, հետո ինքնասպանություն գործի»:

Սա չափազանց բնութագրական խոսք է: Ջաֆարլին չի հավատում, որ պաշտպանության նախկին նախարարը գործած հանցանքների համար կենթարկվի օրինական պատասխանատվության, ուստի նրան ինքնասպան լինելու հորդոր է արել: Բայց ասվածը կարելի եւ պետք է հասկանալ նաեւ այնպես, որ նա «ինքնասպանության» կոչ է անում նաեւ իշխող վարչախմբին, որը Սաֆար Աբիեւին դատելու քաջություն չունի:

Ադրբեջանում նախընտրել են մոռանալ Աբիեւին: Ինչպես լրատվամիջոցներից մեկն է հաղորդել, օրերս պաշտպանության նախկին նախարարն ամուսնացրել է որդուն, «բայց իշխող դասից ոչ ոք հարսանյաց հանդիսությանը ներկա չի եղել»:

Դա էլ, ինչ խոսք, «պատժելու» ձեւ է, բայց ի՞նչ կանի Իլհամ Ալիեւը, եթե պաշտպանության նախարարը չհաշտվի մոռացության մատնվելու հետ եւ իր մասին սկսի հիշեցնել: Ասում են, նորանշանակ Զաքիր Հասանովը «մասնագիտությամբ քաղաքագետ է եւ 4 լեզվի է տիրապետում»: Նրան, երեւի, արժեր ԱԳ նախարար նշանակել, թե չէ սովահար զինվորի ինչի՞ն է պետք նախարարի «պոլիգլոտ»-ությունը: Իսկ գուցե Իլհամ Ալիեւը հենց դա՞ է հաշվի առել, որպեսզի նախարարն անձամբ գլուխ հանի` թիկունքի պետը որպես «չոր օրապահիկ» կատվի՞, թե՞ շան կեր է ուղարկում զորքին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ