RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2013-11-06 19:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 654, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՌՈՄԱՆՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երեկ Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Ռոմանոս Սարգսյանի (1928 թ. Թբիլիսի-1985 թ.) ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ռ. Սարգսյանն աշխատել է զանազան ժանրերում, նրա ստեղծագործությունները ռեալիստական արվեստի արժեքավոր նմուշներ են: ՀԱՊ-ում կազմակերպվող ցուցահանդեսը Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսն է հայրենիքում: Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի ընտանիքի հավաքածուի որոշ մասը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Ելույթներով հանդես եկան Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ ժողովրդական նկարիչ Արմեն Սարգսյանը, նրանք ներկայացրեցին նկարչի անցած ուղին ու ձեռք բերած վաստակները:

«Գեղանկարիչ Ռոմանոս Սարգսյանը մոտ անցյալի այն արվեստագետներից է, որ առ այսօր շարունակում է ապշեցնել իր արվեստի վեհությամբ եւ բարձր վարպետությամբ: Նկարչի բարոյական տոկունությունը դրսեւորվել է ինչպես գեղանկարչության, այնպես էլ մանկավարժության ասպարեզում: Երկար տարիներ նա եղել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի պրոռեկտոր, որպես դասախոս բարձր է գնահատել բոլոր իր ուսանողներին, նրանց համարել է վառ անհատականություններ եւ ապագա գործընկերներ:

Ռ. Սարգսյանը երբեք չի հակադրվել սիստեմին եւ պաշտոնական արվեստին, չի էլ հարմարվել ղեկավար կարգախոսներին: Իր ողջ կարողությունն ու տաղանդը արտացոլվել է ամեն ստեղծագործության մեջ: Մեր օրերում նրա, մահվանից տարիներ անց պարզ է դառնում նրա էության հատկանշական գիծը. բարոյական բարձր պաթոսը եւ համոզմունքը, որ յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է ունենա ոչ միայն գեղարվեստական, այլեւ հոգեւոր արժեքներ:

Ռ. Սարգսյանի արտասովոր երփնագրային ձիրքը ապշեցնում է իր հզորությամբ: Նա ստեղծագործում էր բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում, շարունակ ներդնելով զգացմունքային եւ գաղափարային նորույթները: Նրա հայկական կամ ռուսական բնանկարները կարծես թույլ են տալիս դիտորդին ինքնամոռաց խորասուզվել պատկերի մեջ, զգալ ներքին կապերի ամրությունն ու հստակությունը, երախտագիտության զգացմունք են արթնացնում բնության հանդեպ: Եվ որքան էլ սովորական է թվում բնօրինակը, նկարիչն այն դարձնում է բացառիկ, խորհրդավոր եւ հրապուրիչ: Դրանով է արվեստագետի վարպետությունը մղել հանդիսատեսին աշխարհին նայելու իր սեփական աչքերով: Ռոմանոսին պետք չէին դրա համար ոչ դրամատիկ կերպարներ, ոչ դինամիկ գործողություն կամ այլաբանությունների քողարկված լեզու: Նրա աշխատանքները չափազանց բնական են, բայց ամենեւին էլ իրականության ուղղակի արտացոլում չեն: Նրա գլխավոր թեման մարդու ներքին աշխարհն է եւ շրջապատի կապն այդ աշխարհի հետ, նկարիչը դա բացահայտում է իր հզոր երփնագրի միջոցով:

Ռ. Սարգսյանը փորձում է արտացոլել եւ փառաբանել տիեզերական գեղեցկությունն ու կատարելությունը: Նրա յուրաքանչյուր բնանկար որոշակի հոգեվիճակների արտահայտությունն է:

Նրա նատյուրմորտները բացահայտում են արվեստագետի հիացմունքը բնության կատարելությամբ: Թվում է, Ռ. Սարգսյանի գեղանկարչության տեխնիակական կատարելությունը բավական է հաջողակ համարվելու համար: Սակայն նկարիչը յուրաքանչյուր ստեղծագորության մեջ ձգտում է համաձայնեցնել գեղագիտական ապրումները անհայտության հուզիչ, երբեմն դրամատիկ սպասումների հետ:Առավել ցայտուն է դրսեւորվել այդ միտումը նրա դիմանկարներում: Նկարչի համար միեւնույն է, ով է նստած իր առջեւ` հարազատը, թե անծանոթը: Ամեն բնորդի մեջ նա տեսնում է թաքնվածը, եւ դիտողը հավատում է նրա սուբյեկտիվ մեկնաբանումներին: Այս ամենը հաստատում է, որ Ռ. Սարգսյանը իսկական նկարիչ է, որը ձգտում է բացահայտել իր արվեստում հարափոփոխվող կյանքի գաղտնիքները: Ահա թե ինչու նրա բեղուն տաղանդը եւ կյանքի ծարավը բացահայտվեցին ոչ միայն կերպարվեստում, այլեւ պոեզիայում, որի մասին քչերը գիտեն»,- նկարչի արվեստի բնութագրությունըՙ ըստ ՀԱՊ-ի:

Հուսանք, որ նմանատիպ ցուցահանդեսները կլինեն շարունակելի, մեր արվեստասեր հասարկությանն ավելի մոտիկից ծանոթացնելու հայ երախտավորներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ