RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-06 19:22:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1022, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԳԵՆԵՐԱԼ ՎԱՍՅԱԿԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ «ԲՈՍՅԱԿԸ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ինչ ուզում եք` ասեք, բայց Ադրբեջանն իրոք բացառիկ երկիր է: Նախագահական վերջին «ընտրությունների» իշխանական քարոզարշավն այնտեղ անցկացրին «տնտեսական աննախադեպ թռիչքի», «բանակի արդիականացման եւ մարտունակության» մասին դափուծնծղաների նվագակցության ներքո:

«Վերընտրվելուց» հետո, սակայն, Իլհամ Ալիեւը պաշտոնանկեց եւ պաշտպանության, եւ սոցապ նախարարին: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի պետական կառավարման ամենաթույլ օղակը ռազմական եւ քաղաքացիների սոցիալական ապահովության ոլորտն է: Իսկ դրանից տրամաբանորեն ենթադրվում է, որ Հարավային Կովկասի «վագրն» ամենեւին էլ կուշտ չէ եւ սուր մագիլներ չունի: Այսինքն` բառիս բուն իմաստով սատկած կատու է:

Մենք չենք չարախոսում, եզրակացնում ենք ըստ ադրբեջանական կողմից տրված գնահատականների: Խնդրեմ. «Վերջին շրջանում ադրբեջանական բանակի կայացումը ձեռք է բերել ստագնացիային բնորոշ երանգներ», haqqin.az-ի փոխանցմամբ ասել է Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում օրերս նշանակված գեներալ-մայոր Անատոլի Վասյակը:

Նրա բնութագրմամբ, «զինված ուժերում բարեփոխումներն սկսել են տեղապտույտ տալ, եւ դրա համար անհատական պատասխանատվություն է կրում պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւը»: Ըստ Վասյակիՙ «Աբիեւը բանակը վերակառուցել է ըստ իրեն ենթակայության, պաշտոնից հեռացրել է բարձրակարգ սպաների, նրանց զորացրել»:

Բանակի կառավարումից մեկուսացվածների թվում Անատոլի Վասյակը նշել է նաեւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովի անունը: Ստացվում է, որ գեներալ-գնդապետի զինվորական կոչում ունեցող Սադիխովը բոլոր այս տարիներին ոչ թե գլխավոր շտաբի պետ է եղել, այլ պարզապես աշխատավարձ է ստացել եւ իրականում ոչ մի ազդեցություն չի ունեցել զինված ուժերի կառավարման վրա:

«Այդ ամենը չէին կարող ազդեցություն չունենալ ազգային զինված ուժերի վրա` կոռուպցիայից եւ պատեհապաշտությունից մինչեւ ոչ պրոֆեսիոնալիզմ, մինչեւ աչքակապություն եւ զինվորականների միջեւ ոչ կանոնակարգային հարաբերություններ, մինչեւ անարդարություններ եւ ստորացումներ, ինչը, վերջին հաշվով, հանգեցրել է մարտական պատրաստության եւ մարտունակության մակարդակի նվազման», ասել է Անատոլի Վասյակը:

Նրա ներկայացմամբ, «Աբիեւի պաշտոնանկությունը եւ Զաքիր Հասանովի նշանակումը նախագահի կողմից հստակ ուղերձ է հանրությանը, որ բանակը գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում»: Աբիեւը պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցրել է 18 տարի անընդմեջ, որից 10 տարին` Իլհամ Ալիեւի կառավարությունում:

Փաստացիՙ գեներալ Վասյակը խոստովանում է, որ առնվազը 10 տարի ադրբեջանական զինված ուժերում գերիշխել է կոռուպցիան, պրոֆեսիոնալ սպաները հեռացվել են ծառայությունից, նրանց փոխարեն նշանակվել են Աբիեւին անձնական հավատարմություն հայտնածները, զինվորականների միջեւ գործել են ոչ կանոնակարգային հարաբերություններ, նվազել է զինված ուժերի մարտական պատրաստությունը, ցածր է բանակի մարտունակությունը, բայց այդ ամբողջ ընթացքում գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը հանդուրժել է երկիրը դեպի ռազմական աղետի տանող պաշտպանության նախարարին:

Որ ադրբեջանական բանակում վիճակն իրոք խայտառակ է, հայ եւ օտար փորձագետներն ու լրագրողները մեկ անգամ չեն պնդել: Բայց ամեն անգամ Բաքվից հակադարձում էին, որ «ադրբեջանական զինված ուժերն, ինչպես երբեք, մարտունակ են եւ պատրաստ են գերագույն գլխավոր հրամանատարի առաջին իսկ կոչով կատարելու իրենց առջեւ դրված մարտական խնդիրները»:

Այսօր, ինչպես տեսնում ենք, գեներալ Անատոլի Վասյակը հակառակն է պնդում: Տարբերությունն այն է, որ նա ողջ պատասխանատվությունը բարդում է պաշտպանության նախկին նախարար Աբիեւի վրա: Թեեւ ակնհայտ է, որ զինված ուժերը փաստացի եւ օրենքով գտնվում են Իլհամ Ալիեւի անմիջական ենթակայության տակ: Եվ եթե վիճակն աղետալի է, իսկ գեներալ Վասյակը դա է վկայում, ուրեմն ադրբեջանական հանրությունն առաջին հերթին պետք է պատասխանատվության ենթարկի Իլհամ Ալիեւին:

Ո՞րն է իրավիճակի զավեշտը: Նույն haqqin.az-ը բառացիորեն նախօրեին գրել էր, որ Աբիեւը չէր պաշտոնազրկվի, եթե իշխող վարչախումբը բացահայտած չլիներ, որ նա «մասնակցում է Իլհամ Ալիեւի դեմ դավադրությանը»: Ըստ այդմ, Աբիեւին թոշակի ուղարկելու որոշման վերջին կաթիլը Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպման ձախողումն է եղել:

Ինչպես հայտնի է, «ընտրությունների» հաջորդ օրը Սաֆար Աբիեւն ընդունել էր Բաքվում ԱՄՆ դեսպանին եւ նրա անունից մամուլի հաղորդագրություն տարածել, թե Միացյալ Նահանգները «չի կասկածում Իլհամ Ալիեւի լեգիտիմությանը»: Հետեւել էր ԱՄՆ դեսպանատան կոշտ արձագանքը, որից հետո Աբիեւն սպառնացել էր «գաղտնազերծել ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ձայնագրությունը»:

Այս դիվանագիտական խայտառակությունից հետո, ինչ խոսք, Իլհամ Ալիեւը չէր կարող Աբիեւին վերանշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում: Բայց դա ի՞նչ կապ ունի ադրբեջանական զինված ուժերի «ռեֆորմացիայի եւ բանակի մարտունակության բարձրացման նպատակադրվածության» հետ: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Ադրբեջանի ՆԳ 20-ամյա նախարարի դրածոն` ներքին զորքերի նախկին հրամանատար Զաքիր Հասանովը:

Ի՞նչ տարբերություն, թե որ «բոսյակն» է փաստացի կառավարում զինված ուժերը` Սաֆար Աբի՞եւը, թե՞ ծնունդով խոջալուեցի, ՆԳ ԼՂԻՄ վարչության նախկին օպեր Ռամիլ Ուսուբովը: Երկու դեպքում էլ կոռուպցիան մնում է կոռուպցիա, ոչ կանոնակարգային հարաբերությունները, աչքակապությունը եւ բանակի թույլ պատրաստականությունը` նույնպես:

Փոխվել է իրավիճակի փաստացի տերը, Աբիեւի փոխարեն այսուհետեւ պայմաններ է թելադրելու Ուսուբովը, որ մինչ այդ էլ իշխող վարչախմբի առանցքային դեմքերից էր: Իսկ գեներալ Վասյակը պարտադրված է փառաբանել գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Չէ՞ որ երկարամյա «ծոմապահությունից» հետո նրան թույլատրվել է մոտ լինել ադրբեջանական զինված ուժերի կերակրատաշտին: Իսկ ախորժակը, հայտնի է, բացվում է ուտելիս: Անկախ նրանից, որ Վասյակը բոլորովին էլ գեներալ չէ, այլ ընդամենը` «բոսյակ», որ հայրենի Ուկրաինան փոխարինել է կերով համեմատաբար առատ Ադրբեջանով: Կամ, ով գիտի, Ուկրաինայում նրան գուցե նույնիսկ խոզաճարպ էլ չեն առաջարկել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ