ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸՙ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՆ Բրիտանական հատուկ ծառայությունները Գերմանիայի տարածքում գաղտնալսում են գերմանացի քաղաքական գործիչներին: Այդ մասին նոյեմբերի 5-ին հաղորդել է «Ինդիփենդենտ» թերթը, վկայակոչելով Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը: Թերթի տվյալներով, Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տանիքի վրա տեղակայված են հատուկ հարմարանքներ, որոնց միջոցով գաղտնալսվում են քաղաքական գործիչների եւ լրագրողների խոսակցությունները: Դեսպանատունը Բունդեսթագից եւ կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու: Լրտեսման հարմարանքները դեսպանատան տանիքի վրա են դրա բացման պահիցՙ 2000 թվականից: Սարքերի իրական նպատակը հայտնի է դեսպանատան միայն սակավաթիվ աշխատակիցների: Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք «չեն մեկնաբանում հետախուզության հետ կապված հարցեր»: Գերմանիայի իշխանություններն առայժմ չեն արձագանքել «Ինդիփենդենտի» հրապարակմանը: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը Բեռլինում դադարեցրել էր իր դեսպանատան տանիքի վրա գտնվող գաղտնալսման համանման կայանի աշխատանքը: ԱՄՆ-ի իշխանությունները այդ հարկադիր քայլին դիմել էին Անգելա Մերկելի հեռախոսի գաղտնալսման վերաբերյալ մամուլում հայտնված հրապարակումից հետո: |