RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 906, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԲՈՒՅՍԸ ԿԱՄ ԿՅԱՆՔԻ ԲԱԼԱՍԱՆԸ...

ԺՈՐԺ ՎԱՆԼՅԱՆ, Երեւան

Բեմադրիչ Հրաչյա Աշուղյանի հոբելյանի առթիվ

«Ազգ»ը անդրադարձել է արվեստի նշանավոր գործիչ, ռեժիսոր, մանկավարժ Հրաչյա Աշուղյանի 75-ամյակին: Ստորեւ հրատարակվող սրտի խոսքը դարձյալ ադամանդյա այդ հոբելյանին է վերաբերում: Հեղինակը հալեպահայ դեղագործ, տեղի Համազգային թատերախմբի վաստակավոր (շուրջ 40 տարի) դերասան, թատերական գործիչ է, որ հասկանալի պատճառներով ներկայումս բնակություն է հաստատել Երեւանում:

Այս առեղծվածը կամ անորոշ ու անգտանելի հանելուկը, որուն փնտրտուքն ու որոնումը դարձեր է տեւական ու կշարունակվի մշտապես մինչեւ օրս էլ որպես կարիքՙ հօգուտ մարդկային երկարակեցության...

Աշխարհի վրա ամեն մարդ կերազէ ու կփափագի հասնիլ հավերժության, ինչ-որ գանձեր դիզելով, հսկայական ապարանքներ կառուցելով, նույնիսկ կեղեքումներով, բռնատիրությամբ ու դաժանությամբ հասնելու իր փափագներուն ու նպատակներուն, որոնց բոլորի ետին պահվածքը գոյատեւության իղձն է, այսինքնՙ ի խնդիր ամենաերկար ժամանակ ապրելու աշխարհի վրա...

Վերջերս կիմանանք, թե հույսի նշույլներ ի հայտ են եկած գիտական երկնակամարին վրա, հասնելու համար գաղտնիքներու գաղտնիքին ու երազներու երազին, որ կկոչվի հավերժություն, կամ երկար ժամանակ մը գոյատեւել այս կյանքին մեջ: Բայց, ի դեպ, անպայման այդ գոյատեւումն ալ վերջ մը պիտի ունենա անկասկած եւ այս պահուն հարցում մը կուգա տողանցել մտքիս մեջ. արդյոք կյանքը երկարությամբ եւ օրերու ու տարիներու թիվով կհավերժանա՞. չեմ կարծեր, քանի որ ամեն բան զենիթ մը, գագաթնակետ մը ունի ու վերջ մը, եւ որքան որ ալ բարձրանա վիճակագրական գիծը, դատապարտված է ի վերջո խոնարհիլ դեպի ցածը... Իսկ երբ գա ու հասնի այդ վերջը, մարդ արարածին հույսերն ու երազները կրկին հօդս պիտի ցնդին, դիզած գանձերն այստեղ կմնան, կառուցած պալատներն ալ հոս կմնան, իսկ ինք կերթա կորչիլ անհայտ մթության գիրկըՙ հսկայական այն դարպասի ետին, ուր երբեք արեգակը չի ծագիր... Այստեղ կարելի չէ չհիշել անմահն Թումանյանի ոսկեղեն քառյակըՙ «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»: Ուրեմն ի՞նչ հարկ կա հավերժության ու երկարատեւ կյանք փնտրել դեղաբույսերու եւ կամ այլ բալասաններու մեջ ի խնդիր կյանքի գոյատեւման...

Եթե իսկապես հավերժանալ կուզեսՙ փորձե միշտ Աստուծո քեզ բաշխած շնորհները փայլեցնել, հղկել ու զարգացնել, որպեսզի այդ ձիրքերուդ պտուղները բարգավաճին, հասուննան ու քաղցրանան ու բոլորի քիմքին ու ճաշակին հաճելի թվին երկար տարիներու ընթացքին: Ահա ա՛յդ պարագային է, որ դուն հավերժ ես, երկարակյաց ես ու գոյատեւությանդ իղձը գոհացուցած կըլլաս:

Այս օրերուն այդպիսի օրինակելի ու խորհրդանշական բարեկամ ու գործակից մը ունեցած ըլլալու հաճույքն է, որ կվայելեմ հանձին պրոֆեսոր Հրաչյա Աշուղյանիՙ բեմադրիչ, դերասան ու մտքի մարդ, բեմի երկար տարիներու խնկարկու, որ հոկտեմբերի 15-ին արժանացավ արվեստի վաստակավոր գործիչի կոչման, որուն իսկապես արժանի է ան բառին բովանդակ առումով: Նույն օրը յիշատակվեցավ նաեւ անոր 75-ամյա հոբելյանը: Հոբելյար արվեստագետին հետ միատեղ աշխատելու հաճույքն եմ վայելածՙ Ժիրայր Անանյանի «Կարուսել» ներկայացման պատրաստության չորս ամիսներու ընթացքին, Հալեպի մեջ:

Այսօր ինձի համար ամենագեղեցիկ առիթն է ի սրտե շնորհավորելու հարգարժան ու սիրելի բարեկամս իր առաջին կարգի արվեստագետի կոչման, նաեւ 75-րդ հոբելյանի զույգ առիթներով, եւ իր անձնավորությունը որպես օրինակելին ներկայացնելու բոլոր անոնց, որոնք կձգտին ու կերազեն հասնիլ հավերժության, ինչ-որ գանձեր դիզելով, ապարանքներ կառուցելով: Գոյատեւելու ու շատ երկար ապրելու համար անօգուտ ու անիմաստ ջանքեր, եթե այդ բոլորը պիտի չծառայեն իսկական ազգօգուտ նպատակներու: Մարդիկ կրնան ձիրքերով չծնիլ, բայց կրնան շատ հաճախ իրենց կարողություններն ի նպաստ դնել ձիրքերու ու անոնց տերերուն օժանդակության ծառայեցնել: Ահա՛ ճիշտ այն ատեն է, որ անոնք կհավերժանան ու կհիշվին առհավետ ու կգոյատեւեն, կանմահանան...

Արդարեւ, «Մահը մերն է, մենք մահինը, մարդուս գործն է միշտ անմահ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ