RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
2020-09-21 16:07:40Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում
2020-09-21 16:06:48Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
2020-09-21 14:37:26Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Երախտավորը

Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 769, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ, ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Ս.Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ս.Ս. ԴԱՐԲԻՆՅԱՆ, Ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր

Լրացավ տաղանդավոր եւ վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Արմենակ Գեւորգի Նազարովի ծննդյան 105 եւ մահվան 30 տարին:

Ա. Գ. Նազարովը ծնվել է 1908թ. Փարիզում, 1911-ին տեղափոխվել է Երեւան, այնուհետեւ` Թբիլիսի: 1932-ին ավարտել է Թբիլիսիի Ինդուստրիալ ինստիտուտը: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Վրաստանի կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում: Հինգ տարի անց, այդ ինստիտուտում շինարարական մեխանիկայի եւ սեյսմակայուն շինարարության բնագավառում կատարած ինքնատիպ աշխատանքների համար, առանց դիսերտացիայի պաշտպանության, նրան շնորհվել են տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան եւ պրոֆեսորի կոչում:

1945-ին «Սեյսմակայունության գործիքային տեսության կառուցման փորձ» թեմայով պաշտպանել է դոկտորական դիսերտացիա: 1946-ին Թբիլիսիից տեղափոխվել է Երեւան եւ անցել աշխատանքի շինանյութերի եւ կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտում որպես փոխտնօրեն, այնուհետեւ` տնօրեն: Շատ կարճ ժամանակում իր գիտական աշխատանքներով Նազարովը հայտնի դարձավ նախկին ԽՍՀՄ-ում: Դրա վառ վկայությունն այն է, որ Ստալինի հրամանով նա ընդգրկվեց Աշխաբադում 1948 թվին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովի կազմում:

1945-ին Ա. Գ. Նազարովն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1960-ին ` ակադեմիկոս: 1958-ին նրան շնորհվում է ՀԽՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում: 1961-ին Ա.Գ. Նազարովն ընտրվում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային կից սեյսմաբանության եւ սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի բյուրոյի անդամ: Նրան է հանձնարարվում կազմել սեյսմակայուն կառուցվածքների հարցերով զբաղվող ԽՍՀՄ բոլոր ինստիտուտների հետազոտությունների ծրագրերը եւ կոորդինացնել միության ինժեներային սեյսմաբանության ուղղությամբ տարվող ողջ աշխատանքը: Հետագայում Ա.Գ. Նազարովը նշանակվում է այդ խորհրդի ինժեներային սեյսմաբանության գծով հանձնաժողովի նախագահ:

Ա. Գ. Նազարովի գիտական հետազոտությունները նվիրված են դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի, շինարարական մեխանիկայի, սեյսմակայուն շինարարության եւ ինժեներային սեյսմաբանության, մաթեմատիկական անալիզի բնագավառներին: Նշված տարբեր բնագավառներում նա ստացել է հիմնարար արդյունքներ, որոնք համընդհանուր ճանաչում են ստացել գիտական աշխարհում:

Նրա ստացած արդյունքներից հատկապես նշանակալից են կառուցվածքների սեյսմակայունությանը վերաբերող հետազոտությունները, որոնք ամփոփված են նրա «Սեյսմիկ ուժերի ինժեներային վերլուծության մեթոդ» (1959թ.), «Պինդ դեֆորմացվող մարմինների մեխանիկական նմանության մասին» (1968թ.) մենագրություններում եւ դարձել են այդ բնագավառների մասնագետների սեղանի գրքերը: Նա նաեւ համահեղինակ է «Շենքերի եւ կառուցվածքների սեյսմակայունության տեսության հւմունքները» մենագրության (1970թ.):

Նրա կողմից ստացված տեսական հիմնարար արդյունքները ունեն խիստ պրակտիկ կիրառություն: Ստացված ընդլայնված մոդելացման տեսության հիման վրա ուսումնասիրվել է մի շարք պատասխանատու կառույցների սեյսմակայունությունը, այդ թվում նաեւ Հայաստանի ատոմակայանի սեյսմակայունությունը: Ա. Գ. Նազարովի կողմից ուսումնասիրվել են ատոմային ռումբի պայթեցման դեպքում կառուցվածքների վրա դրա ազդեցության հարցերը: Պայթեցումների միջոցով ստացվել են լուրջ արդյունքներ շենքերի դիմացկունության բնագավառում, ինչպես նաեւ ինժեներային սեյսմաբանության բնագավառում: Առաջարկվել է երկրաշարժերի ուժի որոշման նոր չափանիշ: Դրա հիման վրա մշակվել է սեյսմիկ նոր սանդղակ, որը հավանության է արժանացել տվյալ բնագավառի մասնագետների կողմից: Այդ արդյունքները ամփոփվել են «Երկրաշարժի ինտենսիվության քանակական գնահատականը» (1974թ.) մենագրության մեջ:

Ա. Գ. Նազարովի կողմից ստեղծվել են նաեւ սարքեր երկրաշարժի ուժը չափելու համար: Օրինակ` բազմաճոճանակավոր սեյսմոմետրը, որը օրիգինալ սեյսմոմետր է:

Նազարովն իր աշխատանքներում ստացել է լուրջ արդյունքներ երկրաշարժերի կանխագուշակման պրոբլեմի լուծման ուղղությամբ:

Երկար տարիներ Ա. Գ. Նազարովն աշխատել է այլ բնագավառներում, ինչպիսին է տրանսֆինիտիվ անալիզի բնագավառը, որի շուրջը կատարած աշխատանքի արդյունքներն ամփոփվել են նրա «Տրանսֆինիտիվ անալիզի էլեմենտները» աշխատությունում, որտեղ բերված են սկզբունքորեն նոր արդյունքներ:

Զարմանալի է, թե ինչպես մարդը կարող է ստանալ հիմնարար արդյունքներ իրարից բավական տարբեր բնագավառներում: Սա էլ հենց նրա տաղանդի արտացոլումն է:

Ա. Գ. Նազարովի աշխատությունները թարգմանված են աշխարհի մի շարք լեզուներով: Նա հեղինակ է մոտ 140 գիտական հոդվածների: Լինելով սեյսմակայունության դինամիկական տեսության հիմնադիրներից մեկըՙ իր ստացած գիտական արդյունքներով Նազարովը համարվում էր տվայլ բնագավառի նախկին ԽՍՀՄ ամենաճանաչված գիտնականը, եւ ուներ համաշխարհային ճանաչում:

Ա. Գ. Նազարովն օժտված էր նաեւ գիտակազմակերպչական ունակություններով:

1961-ին նրա ղեկավարությամբ հիմնադրվեց ԳԱ Գյումրիի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը, որը շատ կարճ ժամանակում ստացավ համընդհանուր ճանաչում եւ պարգեւատրվեց Կարմիր դրոշի շքանշանով: Այդ ինստիտուտը ներկայումս կոչվում է Ա. Գ. Նազարովի անունով: Նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվեց Գառնիի երկրաֆիզիկական ստորգետնյա դիտարանը, որը ունիկալ դիտարան է աշխարհի մասշտաբով: Այստեղ նախատեսված էր կատարել գիտական լուրջ հետազոտություններ երկրաֆիզիկայի եւ սեյսմաբանության բնագավառներում: Նա զբաղեցրել է նաեւ ՀԽՍՀ ԳԱ «Գիտություններ երկրի մասին» բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը:

Ա. Գ. Նազարովը կատարում էր նաեւ հասարակական լայնածավալ աշխատանքներ: Նա ԽՍՀՄ ԳԱ նախագահությանը կից սեյսմաբանության եւ սեյսմակայուն շինարարության խորհրդի շրջանակներում ղեկավարել է մի շարք հանձնաժողովներ, որտեղ լուծվել են գիտական եւ կազմակերպչական շատ կարեւոր հարցեր: Նա եղել է նաեւ «Սեյսմաբանություն» եւ ՀԽՍՀ ԳԱ «Զեկույցներ» հանդեսների գլխավոր խմբագիր:

Ա. Գ. Նազարովը մի քանի անգամ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, Երեւանի քաղխորհրդի, Գյումրի քաղխորհրդի պատգամավոր: Պարգեւատրվել է Լենինի եւ Կարմիր դրոշի շքանշաններով ու մի շարք մեդալներով:

Ա. Գ. Նազարովն ուներ նաեւ մարդկային անգնահատելի հատկանիշներ: Նա չափազանց բարձր ինտելեկտով օժտված եւ բազմակողմանի զարգացած մարդ էր, չափազանց ուշադիր էր իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ եւ միշտ պատրաստ էր օգնել նրանց ու լինել օգտակար: Նա աներեւակայելի պատասխանատվությամբ էր մոտենում իր պարտականություններին: Նրա ղեկավարությամբ տասնյակ մարդիկ պաշտպանել են թեկնածուական եւ դոկտորական թեզեր:

Ա. Գ. Նազարովի աշակերտները եւ նրան ճանաչողները պետք է վառ պահեն նրա հիշատակը, եւ գալիք սերունդներին ներկայացնեն նրան որպես հանճարեղ մարդու, գիտնականի եւ քաղաքացու:

Հայերն անկախ դավանանքից եւ կուսակցությունից պետք է իրար սիրենք ու գովենք եւ ոչ թե ատենք ու փնովենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ