RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 991, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ» ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակալի են ոչ միայն վրացիների, այլեւ Հայաստանի եւ տարածաշրջանի մյուս բնակիչների համար: «Վրացական երազանքը» քաղաքական կոալիցիա է, ի մի բերված վրացի միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլու ջանքերովՙ տապալելու նախագահ Սաակաշվիլու եւ նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տասնամյա իշխանությունը:

Միխեիլ Սաակաշվիլին իշխանության ղեկն ստանձնեց «վարդերի հեղափոխության» շնորհիվ, որը քաղաքական ասպարեզից դուրս մղեց նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին եւ Վրաստանը դրեց քաղաքական նոր ուղու վրա: Դա մի ժամանակաշրջան էր, երբ քաղաքական ակտիվիստները, ֆինանսավորված եւ վերապատրաստված Սորոսի հիմնադրամի միջոցներով, սոցիալական եւ քաղաքական խոր փոփոխություններ հրահրեցին նախկին խորհրդային հանրապետություններումՙ նպատակ ունենալով ըստ հայտարարվածի ճանապարհ հարթել ժողովրդավարությանը, բայց իրականումՙ դեպի Արեւմուտք կողմնորոշմանը: Մեկ տարի անց Ուկրաինան «ժողովրդավարություն» ձեռք բերեց «նարնջագույն հեղափոխության» միջոցով:

Ամերիկայում վերապատրաստված Սաակաշվիլին իր երկիրը դրեց հաստատապես դեպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ ուղղորդելու ուղու վրա, այդ գործընթացում թշնամացնելով իր հյուսիսային հարեւանինՙ Ռուսաստանին այն աստիճան, որ 2008-ին պատերազմ ծագեց երկու երկրների միջեւ եւ Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Իշխանության տասնամյակի արդյունքները միանշանակ չէին: Տնտեսությունը զարգացավ, օրինականությունը հաստատվեց, կաշառակերությունը մասամբ վերացավ: Բայց երկրին ժողովրդավարություն պարգեւած արշավն իր հետ բերեց նաեւ բռնությունների, կալանքի եւ կտտանքների մի նոր ալիք, ինչպես նաեւ այս անգամ արդեն նոր վարչակազմի կողմից կաշառակերության նոր դրսեւորումներ: Ընտրարշավի ժամանակ Իվանիշվիլին նշեց, որ թեեւ հարկերի հավաքման մեխանիզմներն ավելի ներգործուն էին դարձել, բայց ավելացել էին հարկերի անօրինական յուրացման դեպքերը:

Սաակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանի կառավարության հարաբերությունները Հայաստանի հետ առնվազն բարեկամական չէին, եթե չօգտագործենք ավելի դիպուկ «թշնամական էին» արտահայտությունը: Վրաստանը ՄԱԿ-ում միշտ էլ քվեարկում էր Հայաստանի դեմ եւ Ադրբեջանի օգտին, հակառակ որ Հայաստանն ու Վրաստանը միակ քրիստոնյա երկրներն են իսլամական երկրների «օվկիանոսում»: Սաակաշվիլու վերջին «ժեստը» անցյալ սեպտեմբերին ՄԱԿ-ում արտասանած իր ելույթն էր, որի ընթացքում տհաճ ակնարկներ կատարեց Հայաստանի հասցեին, վերջինիս Մաքսային միությանը անդամակցելու որոշման առնչությամբ:

Սաակաշվիլին նաեւ Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնության էր եկել մեկուսացնելու Հայաստանին ամեն տեսակի տարածաշրջանային զարգացումների ծրագրերից: Նավթի եւ գազի խողովակաշարերը նախատեսված էին անցնել Վրաստանի տարածքով, որպեսզի Հայաստանը զրկվի այդ էներգաաղբյուրներից օգտվելու հնարավորությունից:

Չորս հիմնական պատճառներ կային Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ նման քաղաքականություն իրականացնելու:

ա) Թբիլիսիի կառավարությունը Հայաստանին ընկալում էր որպես Ռուսաստանի առաջապահ երկիր տարածաշրջանում:

բ) Հայաստանը, որն արդեն շրջափակված էր երկու թշնամական (Թուրքիա եւ Ադրբեջան) երկրներով, չէր համարձակվի բացասաբար վերաբերվել Վրաստանի գործողություններին, որպեսզի աշխարհի հետ շփման երրորդ դուռը չփակի, եւ ստիպված էր, հակառակ մի շարք սադրանքների, հանդուրժել Վրաստանի քաղաքականությունը:

գ) Ջավախքի քմահաճ ինքնավար շրջանը ինքնավարության ձգտումներ ուներ, ուստի Հայաստանը պետք է պատժվեր Ջավախքի քաղաքական նկրտումների համար:

դ) Վրացիք միշտ էլ նախանձել են հայերին, որոնք իրենց մայրաքաղաք Թբիլիսին են կառուցել եւ իրենց հանձնել արծաթե սկուտեղի վրա:

Իհարկե, 2008-ի պատերազմը Ռուսաստանի դեմ էլ ավելի բարդացրեց հարաբերությունները երկու երկրների (Հայաստանի եւ Վրաստանի) միջեւ: Բայց հեղափոխությունը, որը վարդերով էր սկսվել, վրացի ժողովրդին միայն փշեր էր պարգեւում այլեւս, մինչեւ որ թատերաբեմում հայտնվեց Իվանիշվիլին:

Իվանիշվիլու «Վրացական երազանք» կոալիցիան անցյալ տարի ջախջախիչ պարտության մատնեց Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, ապահովելով իր համար 85 աթոռ խորհրդարանում: Դրանով սկսվեց ֆրանսիական ոճով համատեղ գոյակցությունը ընդդիմությունը ներկայացնող անզոր նախագահի եւ մեծամասնությանը ներկայացնող վարչապետի եւ խորհրդարանի միջեւ:

Չնայած Արեւմուտքը այդ գործընթացը որակեց «հասունացող ժողովրդավարություն», այդուհանդերձ նախագահն ու վարչապետը բացահայտ «խայթոցներ» փոխանակեցին ամբողջ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հոկտեմբերի 27-ի ընտրությունները, երբ Իվանիշվիլու ընտրած թեկնածունՙ Գեորգի Մարգվելաշվիլին վաստակեց ձայների 67 տոկոսը, իսկ Դավիթ Բակրաձենՙ 20 տոկոսը, երրորդ տեղում թողնելով (10 տոկոս) Նինա Բուրջանաձեին: Վերջինս Սաակաշվիլու համախոհն էր նախկինում, բայց նրա դեմ էր դուրս եկել 2008-ինՙ հայտարարելով բացահայտորեն, որ պետք է համագործակցել Կրեմլի հետ: Նրա 10 տոկոս վաստակելու փաստը նաեւ կարող է Վրաստանում ռուսական ժողովրդականության ցուցանիշը հանդիսանալ:

Վրաստանի սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, ձեւական դեր պարգեւելով նախագահին եւ թողնելով, որ զինված ուժերի ընդհանուր հրամանատարը լինի, մյուս կողմիցՙ վստահելով ամբողջ գործադիր մարմնի իշխանությունը վարչապետին:

Նոր նախագահը անհայտ մեկն է, քաղաքական ասպարեզում քիչ փորձառությամբ: Բայց նա որպես ղեկավար համապատասխանում է Իվանիշվիլու պատկերացումներին: Միլիարդատերը երդվել էր վրացական քաղաքականությունից հանել իրենց «սուպերմեն» համարող ղեկավարներին:

ՆԱՏՕ-ի, ՓԵՅՍ-ի եւ Եվրոմիության դիտորդական առաքելությամբ Վրաստան ժամանած ներկայացուցիչները ընտրությունները գնահաատել են թափանցիկ եւ արդար: Նրանք գտնում են, որ Վրաստանը գնում է դեպի եվրատլանտյան ոլորտ:

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները ծրագրում են վարել կշռադատված քաղաքականություն: Մինչ առաջ գնալով դեպի եվրոպական ինտեգրացումՙ նրանք փորձելու են իրենց դիրքերն ամրացնել Մոսկվայի հետ հարաբերություններում:

Հայաստանը պատանդ էր Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ առաջացած թշնամանքին: Վրաստանի արդեն նախկին նախագահի անբարյացակամ եւ ոխակալ վերաբերմունքի աստիճանը չափելու համար բավական է ծանոթանալ նրաՙ ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի հասցեին հնչեցրած խոսքերին (այս մասին տե՛ս «Ազգի» հոկտեմբերի 29-ի համարը), որոնցում նա գլուխ էր գովում, որ իրեն հաջողվեց դուրս վանել ռուսական զինվորական բազան հայերով բնակեցված նահանգից եւ վրացերեն լեզուն պարտադրեց երիտասարդ սերնդին, որպեսզի արագացնի ձուլումը:

Սաակաշվիլու քաղաքականությունը երկսայր էր: Երիտասարդ սերնդին ձուլման ենթարկելովՙ նա միաժամանակ տկարացանում էր նահանգի դիմադրողականությունը, քանի որ շատերը թողնում-հեռանում էին բնօրրանից, նվազեցնելով ինքնավարության ձգտումների իրականացումը տարածքում:

Ինչ վերաբերում է Իվանիշվիլուն, վրացահայերի նկատմամբ նրա արտահայտությունները բավականին հակասական են, բայց հայերի մեծամասնությունը քվեարկեց նրա թեկնածուի օգտին, գուցե ելնելով Սաակաշվիլու քաղաքականության հանդեպ ունեցած հակակրանքից: Նաեւ հավանաբար հույսեր փայփայելով, որ որոշ բարելավում տեղի կունենա նահանգի տնտեսության մեջ:

Եթե եւ երբ հարաբերությունները Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ կանոնակարգվեն, առեւտուրը եւ մարդկանց տեղաշարժը արտաքին աշխարհի մի կետից մյուսը անհամեմատ հեշտանալու են:

Գալով բռնագրավված հայկական եկեղեցիների հարցին եւ հայերի հանդեպ լռելյայն խտրականության դրսեւորումներինՙ ապա երեւի ամենաճիշտ ճանապարհը համբերությամբ զինվելն է եւ բռնություններից զերծ մնալը:

Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունները խոստանում են դրական փոփոխություններ տարածաշրջանում: Հույսով լինենք, որ որոշ դիվիդենտներ բաժին կհասնեն նաեւ Հայաստանին:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ