RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1063, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՆԿԵՂԾ ՀԻԱՑՄՈՒՆՔ

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Հակոբ Գույումճյանի ասմունքի երեկոն Թեհրանում

Մշակութային ամսվա ավարտին, ԻԱՄՄ-ի հարկի տակ բախտ ունեցա մասնակցելու լիբանանահայ վաստակավոր ասմունքող Հակոբ Գույումճյանի ասմունքի երեկոյին: Այո՛, չեք սխալվում, ասմունքի երեկոյին, առանց երաժշտական ձեւավորման, առանց պարախմբերի ու երգչախմբերի համակցման, առանց բարձրադիր բեմահարթակի եւ անգամ առանց բարձրախոսի, երկուժամյա, «մերկ» ասմունքի երեկոյին: Թերեւս իմ կյանքում ամենահրաշք երեւույթներից մեկին, ուր ասմունքողը երկար ժամերը պարզապես տարալուծեց իր հզոր էներգիայի հորձանուտում եւ հեղեղեց դրանով ողջ դահլիճն ու ունկնդիրներից յուրաքանչյուրին, որոնցից ոմանք, կանխավ, ձանձրույթի ու թերեւս դահլիճը շուտափույթ լքելու տրամադրվածությամբ էին ներկայացել: Մեծ վարպետը իր հնչեղ ու հոգեթով ձայնով, պարզ ու մաքուր առոգանությամբ, հրաշալի ու ազդեցիկ բեմական կեցվածքով, հնչած ամեն գործի խոր ըմբռնմամբ, անկեղծ վերապրումով ու վերարտադրմամբ հմայեց ու տիրեց բոլորին:

Հակոբ Գույումճյանը ոչ միայն ասմունքում, այլեւ համառոտ ներկայացնում ու վերլուծում էր իր գործերի ընտրության, դրանց ներկայացման եւ իրար շղթայակցման տրամաբանությունը, որը անզուգական էր իր որակով եւ ինքնատիպ խորաթափանցությամբ:

Մասնագիտությամբ նաեւ ճարտարապետ ասմունքողը, նրբանկատ ու բծախնդիր համադրությամբ, հայ պոեզիայի գոհարների հետաքրքրական հաջորդականությամբ մի նոր եւ կուռ ամբողջականություն ու տրամաբանություն էր հաղորդել բազում անգամներ լսված ստեղծագործություններին: Այսպիսով առավել շեշտված ու հզոր էր դառնում դրանց հնչողությունն ու գաղափարը: Հնարամիտ ու ոգեշնչող էր սիրո, հայրենիքի ու կյանքի անզոսպ տարփանքին ձոնվածքների ծաղկաքաղըՙ Չարենց-Սիլվա Կապուտիկյան-Սայաթ Նովա տպավորիչ համակցումով: Այնուհետեւ Համո Սահյանի շողշողուն «մանյակների շարանը» եւ Վահան Թեքեյանի քաղցրահունչ արեւմտահայերեն հոյակապ բանաստեղծությունները բացեցին մեր առջեւ մարդ արարածի հոգու, մտքի ու զգացմունքների կատարյալ, պարզ ու հարազատ պատկերը: Ահա այսպիսի ներշնչված, էլեկտրականացած ու պատրաստված մտքով ունկնդիրը առաջնորդվեց դեպի երեկոյի հաջորդ փուլին, ուր խտացված էր թերեւս վարպետի բուն ասելիքն ու պատգամը: Այստեղ հնչեց տիեզերական, փիլիսոփայական աշխարհըմբռնումի, համամարդկային սիրո ու նվիրումի հզոր մունետիկիՙ Պարույր Սեւակի հանրահայտ «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին ու ճշգրիտ սարքերին» անմահ բանաստեղծությունը: Այս բարդ ու պարտավորեցնող խոհերով պարոն Գույումճյանը մեզ առաջնորդեց դեպի հավերժախոս գերեզմաններըՙ մեր նահատակ, անմեղ զոհերի եւ ստիպեց միասնաբար վերապրել մեր ժողովրդի ու դարի մեծագույն դժբախտությունըՙ Վահագն Դավթյանի «Ռեքվիեմ»-ի սարսափազդու գամմաների տակ:

Երեկոն ավարտվեց Գեւորգ Էմինի գոտեպնդող ու հուսադրող «Սասունցիների պարը» փայլուն ստեղծագործությամբ:

Երեկոն մի անմոռանալի հրաշք հանդիպում էր մեր գրականության հսկաների հետ, որոնք վերակենդանացել էին Հակոբ Գույումճյանի կախարդիչ կերպարում: Սա, իրոք, մի հրաշք, մի կենարար շունչ, մի անմահական հյութ էր այսօրվա դժվարին եւ օրավուր դժգունացող ու գորշ իրականությունում: Հուսով եմ, որ այս մեծ տաղանդը պետք է ավելի լիարժեքորեն ու արժանավույնս հասցնել մեր ժողովրդի լայն խավերինՙ ամենուր ու ամենքին: Հատկապես պետք է նկատի ունենալ այն պարագան, որ այս ազգանվեր ու շնորհալի արտիստը իր արվեստը բաշխում է մեծահոգի նվիրումով ու այսօրվա համար բացառիկ ու անհավատալի համեստությամբ ու անշահախնդրությամբ:

Այս փոքրիկ հոդվածով իմ հիացմունքը, սերը ու շնորհակալոթյունն եմ հայտնում շնորհաշատ ու վաստակաշատ Հակոբ Գույումճյանին: Մաղթում եմ նրան բեղուն, շարունակական գործունեություն, հնարավորինս երկար, որն իր հետեւից, անշուշտ, կյանքի կկոչի բազում սիրահար հետեւորդների. նոր արժանավայել բարձունքում պահելով ասմունքի մեծագույն արվեստը եւ դրան սնող ու ներշնչող մեր հայ հարուստ գրականությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ