RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 792, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՎԻՐԱՀԱՅՈՑ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Վ. Պ.

Վիրահայոց թեմի ուխտավորների խումբըՙ հովանավորությամբ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ղեկավարությամբ ու օրհնությամբ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, ճանաչողական եւ համագործակցության այցով հոկտեմբերի 24-ից 28-ը այցելել է Հայաստան եւ Արցախ:

Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրության համաձայնՙ ուխտավորների կազմում են եղել թեմի աշխատակիցները, երիտասարդներ Թբիլիսիից, Ախալցխայից, Բաթումից եւ Մառնեուլից: Ուխտավորների հետ Հայաստանում ու Արցախում է եղել նաեւ ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանը:

Ուխտավորները Թբիլիսիից Երեւան ճանապարհին Տավուշի մարզի Հաղարծին վանքում մասնակցել են առավոտյան ժամերգությանը եւ հանդիպել վանական համալիրի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանին, որը ուխտավորներին ներկայացրել է վանքի պատմությունը եւ վերջին տարիներին կատարված վերանորոգչական աշխատանքները:

Երեւանումՙ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում նախարարության պաշտոնյաների հետ: Այդուհետեւ ուխտավորներն այցելել են Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե վանքերը, Սուրբ Էջմիածնի Մայր տաճար, ապաՙ Խոր Վիրապի վանք:

Արդեն Արցախում ուխտավորները հյուրընկալվել են Շուշիի առաջնորդարանում եւ հանդիպել թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Թեմակալ առաջնորդը քաջալերել է, որ Արցախի եւ Վրաստանի հայ երիտասարդությունը շարունակեն փոխադարձ այցելություններով ամրապնդել կապը միմյանց հետ: Շուշիում ուխտավորները հյուրընկալվել են նաեւ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, հանդիպել նախարար Նարինե Աղաբալյանի հետ:

Ուխտավորների հաջորդ հանգրվանը եղել է Շուշիի Արվեստի կենտրոնը, որտեղից էլ նրանք մեկնել են Գանձասարի վանական համալիր:

Հոկտեմբերի 27-ին ուխտավորների խումբը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցել է սբ պատարագին: Օրվա պատարագիչը վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն էր: Պատարագից հետո նրանք հյուրընկալվել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Շուշիի առաջնորդարանում, եղել Արցախյան հերոսամարտի ազատամարտիկների թանգարանում:

Հոկտեմբերի 28-ին ուխտավորները Ստեփանակերտում հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահը կարեւորել է նման ծրագրերում ավելի շատ երիտասարդների ներգրավումը, որպեսզի ավելի սերտ լինի նրանց կապը հայրենիքի հետ եւ նաեւ աշխատանքները Արցախի համապատասխան կառույցների հետ լինեն հստակ համակարգված եւ առավել արդյունավետ:

Ուխտավորները մեծ տպավորություններով են մեկնել Արցախից. «առաջընթաց, բարեկարգված ճանապարհներ, պատերազմի հետքերից ձերբազատված քաղաքներ եւ գյուղեր, ժողովրդի մեջ գերիշխող կենսունակ տրամադրություն»:

Վիրահայոց թեմը, հանձին առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխադարձ այցելության հրավերով դիմել է Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությանը, Գրողների միությանը եւ Արցախի թեմի հոգեւոր դասին: Հրավերը սիրով ընդունել են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ