RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԹՈՄԱՍ ՀԵՆԵԿԵ. «ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ» ՍԿՍՎԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

Գերմանական «Kicker» հանդեսի լրագրող Թոմաս Հենեկեն Sport-express-ի թղթակցի հետ զրույցում իր տպավորություններն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին, որը «Շալկե-04-ի» հետ խաղում դարձել էր գոլային 2 փոխանցման հեղինակՙ մեծ ներդրում ունենալով «Բորուսիայի» հերթական հաղթանակում:


- Խաղից հետո Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ 3-րդ գոլը համաշխարհային մակարդակի էր: Անբացատրելի է, թե ինչպես Միկին (Գերմանիայում Մխիթարյանին շատերն են այդպես անվանում) կարողացավ նման ճեղքում կատարել: Դուք համաձա՞յն եք նման գնահատականին:

- Լիովին: Դա պարզապես ֆանտաստիկ էր: Գնդակը ստանալով սեփական տուգանային հրապարակի մատույցներում, Մխիթարյանը 70-80 մետր սրընթաց անցում կատարեց, մրցակցի 3 ֆուտբոլիստների շրջանցեց, ապա հիանալի փոխանցում կատարեց Բլաշչիկովսկուն:

- Նկատենք, որ դա տեղի ունեցավ խաղավերջում: Նշանակում է, որ ֆուտբոլիստը ֆիզիկապես լավ է պատրաստված:

- Դա այդպես է: Նրա հետ իմ առաջին զրույցից տեղեկացա, որ Հենրիխը շատ է վազում, փորձում է դիմացկունությունը բարձրացնել: Նա ֆենոմեն է, ֆուտբոլային ադամանդ:

- «Բորուսիայի» կազմում անցկացրած պաշտոնական 12 խաղերում Մխիթարյանը 5 գոլ է խփել: Ի՞նչ եք մտածում նրա արդյունավետության մասին:

- Կարծում եմ, որ լավ արդյունք է: Ուկրաինայի առաջնությունում նա շատ էր գոլեր խփում ու գոլային փոխանցումներ կատարում: Ուստի Գերմանիայում նրանից սպասելիքները մեծ էին: Սակայն ոչ բոլորն էին վստահ, որ Հենրիխն այդպես արագ կհարմարվի բունդեսլիգային: Կարծում եմ, որ մինչեւ հիմա նա իր աշխատանքը հիանալի է կատարել: Ճիշտ է, եղավ 2-3 խաղ, որոնցում նա այնքան էլ ակտիվ չէր, գուցե ինչ-որ սխալներ էր թույլ տալիս: Սակայն ընդհանուր առմամբ նա «Բորուսիայում» գերազանց խաղ է ցուցադրում:

- Յուրգեն Կլոպը հավանաբար գոհ է նրանից:

- Այո: Ակումբի մյուս ղեկավարները նույնպես գոհ են Հենրիխից: Կլոպը Մխիթարյանին նույնիսկ համարում է «Բորուսիայի» զենքը, քանի որ նա շատ արագաշարժ է, տիրապետում է հիանալի տեխնիկայի, հաջող է եզրափակում գրոհները: Նրան սիրում են նաեւ որպես մարդու: Նա շփվող է, մշտապես լավ տրամադրություն ունի: Կարծում եմ, որ «Բորուսիայի» ղեկավարներից ոչ մեկը չի զղջացել, որ 27 մլն եվրո են վճարել Մխիթարյանի տրանսֆերի դիմաց:

- Շատերի կարծիքով, Մխիթարյանին Դորտմունդ էին հրավիրել Մարիո Գյոտցեին փոխարինելու նպատակով: Նորեկն արդարացրե՞ց սպասելիքները:

- Գտնում եմ, որ այո: Սակայն նա այլ խաղաոճի ֆուտբոլիստ է: Իմ կարծիքովՙ Գյոտցեին եւ Մխիթարյանին համեմատելը ճիշտ չէ: Միկին ավելի վտանգավոր է մրցակցի դարպասի մոտ, ավելի սուր է գործում: Գյոտցեն գուցե իրեն լավ էր զգում մրցակցի շրջապատման մեջ: Կարելի է փաստել, որ «Բորուսիան» այդ դիրքում հիանալի ֆուտբոլիստի գտավ: Գյոտցեի մասին արդեն չեն էլ խոսում: Սկսվել է Մխիթարյանի ժամանակաշրջանը, որը խաղադաշտում ունակ է ամեն ինչի, արագաշարժ է, հիանալի է տիրապետում գնդակին, լավ է հասկանում խաղը:

- Մխիթարյանը 5 լեզուների է տիրապետում: Ինչպիսի՞ն է գերմաներենի նրա իմացությունը:

- Մարզումների ժամանակ թարգմանիչը մշտապես նրա կողքին է, սակայն Հենրիխը շաբաթական 2 անգամ գերմաներենի դասընթացի է մասնակցում: Համոզված եմ, որ նա գերմաներենին էլ կտիրապետի:

- Մխիթարյանից առաջիկայում ի՞նչ եք ակնկալում:

- Հուսով եմ, որ նա կշարունակի գործել նույն կերպ, միաժամանակ կյուրացնի դորտմունդյան խաղաոճը եւ որոշ դրվագներում հանդարտություն կպահպանի: Որոշ խաղերում այնպիսի տպավորություն էր, կարծես Հենրիխը մշտապես ցանկանում էր պահպանել բարձր տեմպը: Բայց երբեմն հարկավոր է ավելի պարզ եւ հուսալի գործել ու այդպես ավելի հեշտ կլինի վերահսկել խաղի ընթացքը:

- Անցած մրցաշրջանում «Բորուսիան» 2-րդն էր բունդեսլիգայում եւ չեմպիոնների լիգայում: Որքանո՞վ է իրատեսական, որ 2 մրցաշարում էլ թիմը եւս մեկ, վճռական քայլ կանի դեպի առաջ:

- Իրատեսական է այն, որ «Բորուսիան» նախորդ մրցաշրջանի պես «Բավարիայից» 20 միավորով հետ չի մնա: Թեեւ իր խաղամակարդակով «Բորուսիան» զգալիորեն մոտեցել է «Բավարիային», սակայն իմ կարծիքով նրանից չեմպիոնի տիտղոսը չի խլի: Չեմպիոնների գավաթը նվաճել ցանկանում են իսպանական եւ անգլիական ակումբները, «Բավարիան» էլ հավակնորդներից մեկն է: Կարծում եմ, որ «Բորուսիան» չեմպիոնների լիգայում առաջ կշարժվի, սակայն հաղթողի գլխավոր հավակնորդների թվում թիմին չէի ընդգրկի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ