RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 866, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 38

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ, ԻՍԿ ԲՐԵՆԴԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Օրանժ Արմենիա» ընկերությունը դիմել էր տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովՙ բողոքելով «Արմենտել» ընկերության դեմ: Դժգոհության պատճառը «Արմենտելի» կողմից վերջերս առաջարկված նոր «Պարզից պարզ» բջջային սակագնային փաթեթն է: «Օրանժ Արմենիան» արդեն ունի «Պարզ» անվանումով սակագնային փաթեթ, որը հնարավորություն է տալիս զանգեր կատարելու դեպի Հայաստանի Հանրապետության բոլոր ցանցեր միեւնույն` 20 դրամ/րոպե սակագնով: «Արմենտելի» «Պարզից պարզ» փաթեթը նույն հնարավորությունն է ընձեռնում 15,9 դրամ/րոպե սակագնով: Ըստ «Օրանժ Արմենիայի»ՙ «Արմենտելն» օգտագործում է իր կողմից մտավոր սեփականության գործակալությունում գրանցված «պարզ» սպասարկման նշանը, համարյա նույնությամբ կրկնելով իր սակագնային փաթեթը:

Բացի դրանիցՙ «Օրանժ Արմենիան» հանձնաժողովին դիմել է «Արմենտելի» կողմից անբարեխիղճ գովազդի համար: Ըստ վերջինիս գովազդային հոլովակիՙ դեղին, այսինքնՙ «Արմենտելի» բրենդային գույնով բիլիարդի գնդակները հարվածում են մյուս օպերատորների բրենդային կարմիր ու նարնջագույն գույնի գնդակներին եւ հաղթում նրանց:

Երեկ հանձնաժողովի նիստի ժամանակ նշվեց, որ հարցը մանրամասնորեն քննարկվել է, եւ հանձնաժողովն այն եզրակացությանն է եկել, որ «Արմենտելի» կողմից տեղի է ունեցել անբարեխիղճ մրցակցություն: Ինչը նկատի ունենալովՙ հանձնաժողովը որոշեց ընկերությանը տուգանել 20 մլն դրամի չափով: Ի դեպ, «Արմենտելի» ներկայացուցիչները նիստին ներկա չէին:

Հաջորդ հարցը, որ ընդգրկված էր հանձնաժողովի նիստի օրակարգում` բրենդային մի շարք խանութների կողմից սպառողներին մոլորեցնող գործողություններն էին, երբ դիմապակու վրա փակցված զեղչերի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ կապակցությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունները բերել են այն եզրակացության, որ տեղի է ունեցել հասարակության մոլորեցում, ինչը նույնպես անբարեխիղճ մրցակցություն է: «Գեսս», «Բեյսիկ Հաուս», «Կաշառել», «Օրկեստրա», «Մի-մի», «Բուգատտի», «Բրենդաութլեթ», «Ռուժ», «Շոկոլադ», «Վենեցիա», «Մոսկինո» խանութ-սրահները եւ «Վարդալ Ֆարմ» դեղատունը նման ձեւով են վարվել: Օրինակ` «Բեյսիկ հաուզ» խանութը փակցրել է 70 տոկոս զեղչի հայտարարություն, բայց իրականում կիրառում է 50 տոկոս զեղչ, «Կաշառելը» փակցրել է 50 տոկոս զեղչ, կիրառում է 20-30 տոկոս, «Մոսկինոն» հայտարարել է 50 տոկոս զեղչ, սակայն միայն որոշ ապրանքների համար է կիրառում զեղչ, այն էլ 20-30 տոկոս: Հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ շատ խանութներ են կիրառում այդ հնարքը, երբ հայտարարում են ընդհանուր զեղչ, բայց կիրառում են ապրանքների միայն մի մասի վրա:

Նիստին ներկա ընկերությունների ներկայացուցիչներն անմիջապես հայտարարեցին, որ ընդունում են սխալը, ասելով, որ դիտավորյալ չի արվել եւ կապված է օրենքի թյուրըմբռնման հետ: Տեղեկացվեց, որ վերոնշյալ բոլոր խանութներում խախտումը վերացվել է: Նկատի ունենալով, որ բոլոր տնտեսվարողներն ընդունել են իրենց մեղքը եւ վերացրել խախտումը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ նրանք այս անգամ միայն կնախազգուշացվեն: «Չտուգանեցինք միայն այն պայմանով, որ այլեւս չկրկնվի, եթե նույնը նկատվի երկրորդ անգամ` մեծ տուգանք կնշանակվի», եզրափակեց Արտակ Շաբոյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ