RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1269, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՄԵՐԿԵԼԻ ՀԵՌԱԳԻ՞ՐԸ, ԹԵ՞ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԾԱՂԿԵՓՈՒՆՋԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ Իլհամ Ալիեւը միանգամից երկու «անակնկալ» նվեր է ստացել: www. president.az-ի` նրա պաշտոնական կայքի փոխանցմամբ, «Ադրբեջանի նախագահը երրորդ ժամկետով պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելից»:

Ճիշտ է, իլհամալիեւյան աշխատակազմում դեռ չեն հասցրել կայքի ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում տեղադրել Մերկելի հեռագիրը, բայց haqqin.az-ը նրբորեն հասկացրել է, որ եթե Իլհամ Ալիեւը Մերկելին չշնորհավորեր երրորդ անգամ կանցլեր ընտրվելու առթիվ, ապա հազիվ թե ֆրաու Անգելան իրեն թույլ տար նրան համարել «Ադրբեջանում ժողովրդավարական պետություն կառուցող»:

Մերկելի հեռագրում, ի դեպ, ակնարկ կա, որ Գերմանիան «պատրաստ է աջակցելու» Իլհամ Ալիեւին բացառապես ԵՄ արեւելյան գործընկերությանն Ադրբեջանի «հետագա ներգրավվածությանը համաչափորեն»: Սա, թերեւս, ամենագլխավոր ուղերձն է, որ Բեռլինից փոխանցվել է Բաքու:

Մինչդեռ Իլհամ Ալիեւը փաստացի երդմնազանց է եղել: Նախագահական «ընտրությունների» օրն ընդունելով Թուրքիայի կառավարող կուսակցությունից դիտորդական խմբին, նա հավաստիացրել էր, որ «արտասահմանյան առաջին ուղեւորությունը կկատարի եղբայրական Թուրքիա»: Երեկ Իլհամ Ալիեւը գտնվել է... Մինսկում եւ մասնակցել ԱՊՀ հերթական գագաթաժողովին:

Բացառված է, որ երբ հոկտեմբերի 9-ին նա խոստանում էր, որ առաջին ուղեւորությունը կկատարի Թուրքիա, տեղյակ չէր, որ հոկտեմբերի 25-ին տեղի է ունենալու ԱՊՀ գագաթաժողովը: Հետեւաբար, նա ծրագրել էր Թուրքիայում լինել մինչ այդ, բայց կամ Անկարայում նրան չէին սպասում, կամ ինքն է հուսախաբ արել «ավագ եղբորը» եւ նախապատվությունը տվել շրջագայության հյուսիսային ուղղությանը:

Իսկ Մինսկում, կարելի է ասել, նրան գոնե Բելառուսի նախագահ Լուկաշենկոն սպասում էր անհամբեր: Ալեքսանդր Գրիգորեւիչը նախ փայլեց նրանով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում դրեց «Ադրբեջանի տեսակետը հաշվի առնելու» հանգամանքը, ապա ավելացրեց, թե տեղյակ է, որ Իլհամ Ալիեւն արդեն իսկ այդ կապակցությամբ հարցրել է Ղազախստանի կարծիքը:

Երեկ էլ Լուկաշենկոն, մինչ ԱՊՀ գագաթաժողովը կանցներ հարցերի քննարկմանը, որպես «բոլորի ընդհանրական կարծիք, հարգելի Իլհամ Ալիեւին շնորհավորել է ընտրություններում համոզչագույն հաղթանակի կապակցությամբ եւ նրան Ադրբեջանի նախագահի պաշտոնում հանուն այդ պետության եւ ժողովրդի ծաղկման հաջողություններ մաղթել»:

Լուկաշենկոյի այս բարեմաղթանքներից հետո «ազգային տարազով աղջիկներն Իլհամ Ալիեւին ծաղկեփունջ են մատուցել»,- գործակալությանը հղելով` տեղեկացրել է haqqin.az-ը: Ընդ որում, Բելառուսի նախագահը կատակով ավելացրել է, որ «երեկ փող հավաքեցինք, Վլադիմիր Վլադիմիրովիչը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) առաջարկեց ծաղիկներ գնել», ինչին ի պատասխան Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել եւ ասել, թե «դա մի փոքր անսպասելի էր»:

Պետք է արժանին մատուցել Բելառուսի նախագահի ռեժիսորական տաղանդին. «անակնկալն», իրոք, չափազանց խորհրդանշական է ստացվել: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Բաքվում իշխող վարչախմբին մոտ կանգնած virtualaz.org-ը, հղում անելով «սեփական իրազեկ» աղբյուրներին, չի բացառել, որ «ԱՊՀ գագաթաժողովի փակ հանդիպումների ձեւաչափով կքննարկվի Մաքսային միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը»:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահը խոսել էր «Մաքսային միությանն անդամակցելու Թուրքիայի ցանկության» մասին, բայց ինչո՞ւ բացառել, որ հենց Ադրբեջանի նախագահն է Նազարբաեւին խնդրել, որպեսզի այդ մասին բարձրաձայնի: Չէ՞ որ Թուրքիան եւ Ադրբեջանը «երկու պետություն, բայց մեկ ազգ են»: Երեկ Մաքսային միությանն Ադրբեջանի հավանական անդամակցության խնդրին անդրադարձել է նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

Նրա կարծիքով, եթե Ադրբեջանն անդամակցի ՄՄ-ին, ապա «նավթային եկամուտները կվերահսկվեն Ռուսաստանի կողմից, Ադրբեջանը կհայտնվի Օրհան Զեյնալովի (Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվողի) վիճակում»: Գուլուզադեն նաեւ ասել է, որ «Ռուսաստանը երբեք չի լուծի Ղարաբաղի հարցը», իսկ Ադրբեջանի համար «միակ նախընտրելի ճանապարհը եվրոինտեգրացիան է»:

Նախկին պետական խորհրդականն, այդուհանդերձ, անզգուշություն է թույլ տվել եւ քննադատել այն մարդկանց, որ «այստեղ (Բաքվում) քարոզում են Ադրբեջանի մուտքն այդ կազմակերպություն (Մաքսային միություն)»: Կարելի է, ուրեմն, եզրակացնել, որ Ադրբեջանի իշխող վարչախմբում աշխարհաքաղաքական վերակողմնորոշման հարցն առնվազը քննարկվում է:

Ստեղծված իրավիճակում ո՞ւմ հույսերը կարդարանան` Գերմանիայի կանցլեր Մերկելի՞, ով Ադրբեջանը տեսնում է ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում, թե՞ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի: Մերկելի չոր հեռագի՞րն է ընդունելի, թե՞ Լուկաշենկոյի մատուցած ծաղկեփունջը: Մանավանդ որ Մերկելը խոսել է միայն իր անունից, իսկ Լուկաշենկոյի ծաղկեփունջը, ինչպես ինքն է ասել, «գնվել» է Վլադիմիր Վլադիմիրովիչի առաջարկությամբ եւ «կոլեկտիվ հանգանակությամբ»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ