RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Տեղադրվել է` 2013-10-24 23:04:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1140, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԿԱՐԵՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ՈՒ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ԳԱԱ հրատարակչությունը լույս է ընծայել երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության (կենտրոնըՙ Գյումրի) երկարամյա ղեկավար Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակի 1988 թ. երկրաշարժի գոտու քաղաքների տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը» մենագրությունը: Գրքում ներկայացված են սեյսմիկ վտանգի եւ սեյսմիկ ռիսկի գնահատման նոր մեթոդներ, որոնց հիմքում դրվել են 88-ի դեկտեմբերյան երկրաշարժի հետեւանքների վիճակագրական տվյալներն ու դրանց վերլուծության արդյունքները:

Սպիտակի երկրաշարժը, ինչպես օրերս Շիրակի մարզպետարանի դահլիճում կազմակերպված շնորհանդեսի ժամանակ նշել է աշխատության հեղինակը, համարվում է աշխարհի այն քիչ երկրաշարժերից մեկը, որ լավ է ուսումնասիրված: Սպիտակի երկրաշարժից հետո ավելի քան 50 երկրների գիտնականներ եկել, այստեղ ուսումնասիրություններ են կատարել: Այս աշխատությունը, որը փաստորեն «բնական լաբորատորիայում» կատարված բազմամյա եւ բազմակողմանի ուսումնասիրություն է, իր պարունակած տվյալներով եւ մշակված մեթոդիկայի առումով որոշակի ընդհանուր հետաքրքրություն է ներկայացնում, դրա արտահայտությունը նաեւ աշխարհի մեկ տասնյակ հայտնի գիտնականներից ստացված արձագանքնեն են: Այդ ընդհանուր հետաքրքրությունը բավարարելու եւ մասնավորապես ԱՊՀ շրջանակներում կիրառելի լինելու համար աշխատանքը հրատարակվել է ռուսերեն:

Գրքում ներառված են ՀՀ 12 քաղաքների վերաբերյալ ստեղծված սեյսմիկ ռիսկի գնահատման թվային բազաներ, որոնք ներկայացնում են մանրամասն տվյալներ դրանց սեյսմիկ պայմանների, շենքերի, բնակավայրերի արտաքին ու ներքին կենսապահովման գծերի, բնակչության, հրդեհավտանգ եւ այլ տարածքների մասին: Ներկայացված են երկրաշարժի գոտու 50 վնասված եկեղեցիների շենքերի ուսումնասիրության տվյալները: Դրանց վերաբերյալ արվել են անհրաժեշտ գիտական եզրակացություններ: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա գրքում արվում են 12 առաջարկություններ ՀՀ երկրաշարժակայուն շինարարության նախագծման 2006 թվականի նորմերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար:

Մենագրությունը ներկայացնելիս անդրադառնալով մի քանի բնակավայրերի սեյսմիկ ռիսկերին, հեղինակը նշել է որ, օրինակ, Գյումրիում այդ առումով ամենավատը «Մսի կոմբինատ» թաղամասի շենքերի վիճակն է: Մտահոգիչ է քաղաքի 88 վթարային շենքերի հարցը, որոնցից շատերը 9-բալանոց հնարավոր երկրաշարժի դեպքում հաստատ կփլվեն: Արթիկ քաղաքում խոցելի են ԽՍՀՄ տարիներին կառուցված 4-5 հարկանի շենքերը: Սեյսմիկ ռիսկերի առումով ամենամտահոգիչ պատկերը, մասնագետի գնահատմամբ, մայրաքաղաք Երեւանում է:

Սեյսմաբանն անդրադարձել է նաեւ հայկական ատոմակայանի սեյսմիկ վտանգին, որը, նրա գնահատմամբ, 9 բալից ավելի է եւ մեծ խոչընդոտ է աէկի նոր էներգաբլոկի կառուցման համար:

Մասնագետները նշում են, թե Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակի 1988 թ. երկրաշարժի գոտու քաղաքների տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը» աշխատությունը անցած 25 տարիների ընթացքում աղետի գոտու վերաբերյալ առաջին համապարփակ վերլուծությունն է: Նրանում ներկայացված մեթոդները կիրառվում են ԱՊՀ որոշ երկրներում: Արտակարգ իրավիճակների նախարարության գիտական խորհուրդը մենագրությունը ներկայացնելու է ՀՀ պետական մրցանակի:

Գիրքը հասցեագրված է կիրառական ու ճարտարագիտական սեյսմաբանությամբ զբաղվող գիտաշխատողներին, ասպիրանտներին, մասնագետներին եւ ուսանողներին, ՀՀ պետական տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ