RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-24 23:04:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 866, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՕՐԵՆՔԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՋՈՐԴ ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ

Մ. Խ.

«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի` երեկ խորհրդարանում շարունակվող քննարկումը նույնիսկ նույն կուսակցությանը պատկանող պատգամավորների տարակարծության շարժառիթ դարձավ. օրինակ` ՀՀԿ խմբակցությունից Սամվել Ֆարմանյանը մի այնպիսի ելույթ ունեցավ, որ ընդդիմադիր պատգամավորներից ավելի թունդ էր` թե պետհամակարգում ոչ թե ցածր աշխատավարձերն են խնդիր ստեղծում, այլ` կոռուպցիան: Եվ անգամ 1 մլն դրամ եթե վճարես պետպաշտոնյային, հազիվ թե նա իր այսօրվա գործելակերպից հետ կկանգնի: Նա նույնիսկ առաջարկեց առկախել օրինագիծը մինչեւ... լավ ժամանակներ, քանի որ իրավիճակը փոխելու համալիր քայլեր նախ պետք է ձեռնարկել, իսկ դրանք չիրականացնելով աշխատավարձերի բարձրացաումը պետական միջոցների անարդյունավետ վատնում կլինի:

Զարմացա՞ք: Բայց նրա խմբակցության անդամները նրան չերկրորդեցին եւ այդպիսի ելույթներ չունեցան, ԱԺ ՀՀԿ-ական նախագահն արձագանքեց, թե ինքն այդպես չի մտածում, բոլոր պատգամավորները նորից խիստ մտահոգվեցին, որ ԱԺ դերն է նսեմացվում, երբ պատգամավորը ավելի պակաս է ստանում, քան նախարարը: Պատգամավորն իր լիազորություններն իրականացնելու գումար չունի, մինչդեռ նախարար ու փոխնախարար` էլ ծառայողական մեքենաներ, էլ քարտուղարուհիներ եւ այլն: Մի քիչ Կորյուն Նահապետյանը քննադատեց, թե նախագծով սահմանված սկզբունքները հենց նույն նախագծում բազմիցս խախտված են, Դավիթ Հարությունյանն , այնուամենայնիվ, օրենքը որակյալ չհամարեց եւ քաղաքական փաստաթուղթ որակեց, քանի որ աշխատավարձերով ցույց է տրվում, թե ով` ինչ դերակատարում պետք է ունենա երկրում (բոլորին բարկացրել էր, որ երկրորդ ինստիտուտ ԱԺ-ն` վարձատրությամբ երրորդն է դառնում փաստորեն): Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը , պատասխանելով Զարուհի Փոստանջյանի այն մտքին, թե վատ ենք աշխատել բոլորս, ու պետք չէ մեր աշխատավարձերը բարձրացնել, խորհուրդ տվեց բարձրացնելուց հետո ստանալ ու տալ հարեւանին, կամ փոխանցել մանկապարտեզ ու ծերանոց: Նա նշեց, որ համակարգային հարց է լուծվում ու պետք չէ անձնավորել, քանի որ ներկաները հավերժ չեն պատգամավոր լինելու` մատնացույց անելով օրենքի բարեմասնությունները, իսկ ԱԺ-ին վերաբերող մասով ակնարկելով հնարավոր սրբագրումները:

Նախագծի ուղղությամբ հատկապես համազարկ տվեցին ընդդիմադիրներից Արամ Մանուկյանը («Ներքեւիՙ խոցելի խավին, 5000 դրամ աշխատավարձ ենք բարձրացնում, բարձրաստիճան պաշտոնյաներինըՙ 200 տոկոսով: Ահռելի տարածություն է, սոցիալական լարվածությունը մեծանում է»), Նիկոլ Փաշինյանը (նա հատկապես դեմ էր երկրի առաջին դեմքերի աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ նրանց օրոք երկրի գործերը վատացել են): ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը թեեւ նշեց, թե նոր են որոշելու դեմ-կողմ քվեարկելը (սա արդեն մնաց հաջորդ քառօրյային), սակայն չխուսափեց տեղը-տեղին քննադատել եւ նախագիծը, եւ կառավարությանը:

Իսկ ահա օրենքը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նորից հավաստիացրեց, որ քաղաքական ենթատեքստ նախագիծը չունի, մեթոդաբանությունը մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում է ընտրվել, հետո` իրենք առաջարկում են ոչ թե աշխատավարձ բարձրացնել, այլ կարգավորել աշխատավարձերի համակարգը, նորություն էլ կա` նվազագույն աշխատավարձի հիման վրա հաշվարկումը: ԱԺ-ի մասով էլ նա ուղերձ էր անում պատգամավորների ներկայացնելիք առաջարկներին: Իսկ սպասվելիք գնաճը նա կառավարելի անվանեց:

Հ. Գ. - Նախագծի ընդունումից հետո նախագահը 2014 թ. հուլիսի 1-ից կստանա 1.322.800 դրամ, ԱԺ նախագահն ու վարչապետըՙ 1.190.520 դրամ, փոխվարչապետը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ դատարանի նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանըՙ 992.100 դրամ, ԱԺ նախագահի տեղակալըՙ 925.960 դրամ եւ այդպես` դեպի ներքեւ նվազմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ