RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



Տեղադրվել է` 2013-10-24 23:04:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1277, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻՑ, ԲԱՅՑ «ՉԳԻՏԻ»ՙ ՈՒՐ ԳՆԱ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Եվրոնեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովի անունից Բաքվի լրատվամիջոցները մի հայտարարություն են տարածել, որի առիթը նախօրեին Եվրոխորհրդարանի բանաձեւում Ադրբեջանի նախագահական «ընտրություններին» տրված անաչառ գնահատականն է, ըստ որի դրանք «չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին»:

Սուլեյմանովը Եվրոխորհրդարանի բանաձեւը գնահատել է որպես «Ադրբեջանում անկարգություններ հրահրելու միտումնավորություն»: Ադրբեջանցի խորհրդարանականի կարծիքով, Եվրոխորհրդարանը «ծայրահեղ հիասթափված է ընտրությունների դրական գնահատականներից հետո սաբոտաժի, մասնավորապես Ադրբեջանը Լիբիա կամ Սիրիա դարձնելու ծրագրի ձախողումից»:

Համաձայնենք, որ սա եվրոպացի խորհրդարանականներին ներկայացված խիստ պատասխանատու մեղադրանք է: Էլխան Սուլեյմանովն, անկասկած, այս բառերի հեղինակը չէ, նրա թիկունքից երեւում են Իլհամ Ալիեւի իրոք երկար ականջները: Փաստացիՙ Բաքվում իշխող վարչախումբը եվրոպական կառույցներին մեղադրում է Ադրբեջանում «հետընտրական քաոս կազմակերպելու ծրագիր ունենալու» մեջ եւ «ընտրություններին» տրված անաչառ գնահատականը որակում «ձախողումից դառնացածության արդյունք»:

Սուլեյմանովի հայտարարության «զարդը», սակայն, եզրափակիչ պնդումն է, որով նա ծանուցում է Եվրոնեսթին ադրբեջանական պատվիրակության մասնակցության կասեցումը` «քանի դեռ «քննություն չի կատարվի եւ չեն ընդունվի համապատասխան միջոցներ»: Ադրբեջանը, փաստորեն, Եվրոխորհրդարանից պահանջում է վերանայել «ընտրություններին» տրված գնահատականը, իսկ մինչ այդ` սառեցնում հարաբերությունները Եվրոմիության հետ:

Ավելի վաղ մենք կանխատեսել էինք, որ «ընտրություններից» հետո Իլհամ Ալիեւը կօգտագործի արեւմտյան կառույցների անաչառ գնահատականների առիթը, որպեսզի արհեստական լարվածություն ստեղծվի: Կարծես դառնում ենք դրա ականատեսը, որովհետեւ Եվրոխորհրդարանի բանաձեւի, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների լեգիտիմությանը չկասկածող ձեւակերպումն ըստ տրամաբանության չպետք է դառնար Եվրոնեսթում ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը դադարեցնելու պատճառ:

Խնդիրն, ամենայն հավանականությամբ, ավելի խորքային է եւ կապված է ԵՄ արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի հետ: Բանն այն է, որ Ադրբեջանը նույնպես դրան մասնակցելու հրավեր ստացել է, բայց պաշտոնական Բաքուն հայտնվել է երկմտանքի մեջ: Օրեր առաջ 1news.az կիսապաշտոնական կայքի գլխավոր խմբագիր Ռահման Հաջիեւի եւ եւս երեք հոգու ստորագրությամբ Իլհամ Ալիեւին ուղղված «բաց նամակ» էր հրապարակվել, որով կասկածի տակ էր առնված Վիլնյուսի գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցության նպատակահարմարությունը:

Իսկ նույն հարցի վերաբերյալ փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ասել էր, թե «որոշում կընդունվի ամենաբարձր (Իլհամ Աիեւի) մակարդակով», բայց եւ ակնարկել, որ «ԵՄ-ից ակնկալում են առանձնահատուկ մոտեցում»: Ըստ երեւույթին, Ազիմովը նկատի էր ունեցել հենց Եվրոխորհրդարանի վերաբերմունքը, որն, ինչպես տեսնում ենք, բոլորովին էլ «առանձնահատուկ» չէր: Եվ դրան հետեւել է Բաքվի «դեմարշը»: Իլհամ Ալիեւն անկասկած հասկանում է, որ Եվրոխորհրդարանը ոչ մի «քննություն» չի անցկացնելու, «համապատասխան միջոցները» չի ընդունելու, այսինքն` չի վերանայելու ադրբեջանական «ընտրություններին» տված անաչառ գնահատականը:

Կարելի է ենթադրել, որ «դեմարշի» իմաստը Վիլնյուսի գագաթաժողովին Իլհամ Ալիեւի բացակայության «հիմնավորումն է»: Դա է վկայում Եվրոնեսթում ադրբեջանական պատվիրակության անդամ, կայուն արեւմտամետի համարում ունեցող Ասիմ Մոլլազադեի արձագանքը: Նա ասել է, որ «Ադրբեջանի շահերից չի բխում եվրոպական կառույցների, այդ թվում Եվրոնեսթի հետ հարաբերությունների խզումը» եւ ավելացրել, որ իրենք «պարզապես ասում են, որ ոչ ոք չի կարող պաշտոնական Բաքվին պայմաններ թելադրել»:

Ասված է պարզ` այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպան կխոսի մարդու իրավունքներից եւ ազատություններից, ընտրակեղծարարությունից եւ այլն, պաշտոնական Բաքուն կմնա «երկու ոտքով մի չմուշկի մեջ»: Իսկ թե ի՞նչ է սպասվում, Մոլլազադեն կարծել է, որ «արտաքին քաղաքական ուզեգծի արմատական փոփոխություն չի լինի», քանի որ «ադրբեջանական ժողովրդի ցանկությունն է` առավելապես ինտեգրվել եվրոատլանտյան կառույցներին»:

Թե ո՞րն է ադրբեջանական ժողովրդի ցանկությունը, հստակ իմանալու համար կարելի էր ընտրությունները չկեղծել եւ չարժանանալ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի (եվրոատլանտյան կառույցների հենասյուների) քննադատությանը: Բայց քանի որ այդ դեպքում Իլհամ Ալիեւը կզրկվեր իշխանությունից, ուրեմն Ադրբեջանը կնախընտրի «ինտեգրվել» այնտեղ, որտեղ ավտորիտարիզմի անթույլատրելիությունից, էթնիկ փոքրամասնությունների կամ քաղաքացիների իրավունքներից եւ ազատություններից չեն խոսում: Կամ կմնա «հպարտ» առանձնության մեջ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ