RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:32:23Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
#147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #149, 07-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-06 23:28:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1375, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԵՄ «ԹՎԻՆԻՆԳ» ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հետեւաբար չէր կարող կասեցվել կամ չկասեցվել

Հայաստանի դեգերումներին Մաքսային միության եւ Եվրոմիության միջեւ դեռ առիթ կունենանք անդրադառնալու: Առայժմ սահմանափակվենք նշելով, որ այստեղ գործընթացները որոշակի շարունակություն եւ հստակեցումներ են ունենալու: Մինչդեռ հայաստանյան լրատվամիջոցներն ու քաղաքական որոշակի շրջանակներ այնքան են «ոգեւորվել» Հայաստանիՙ Մաքսային միությանը միանալու որոշումից, այնքան են ճգնում ցույց տալ, որ դրանից հետո մենք, ոչ ավել, ոչ պակաս, գրեթե կորցրել ենք անկախությունն ու վերադարձել Սովետական Միություն, որ իրենք են ընկնում ծիծաղելի վիճակի մեջ:

Լրատվական կայքերից մեկում երեկ օրվա առաջին կեսին հաղորդագրություն տարածվեց, որ Եվրոմիությունը Հայաստանում կասեցրել է «Թվինինգ» (Twinning) ծրագրի իրագործումը, ինչի մասին, ըստ տվյալ լրատվամիջոցի «տեղեկությունների», Եվրոհանձնաժողովը տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը: Բնականաբար, որպես պատճառ նշվում է Հայաստանիՙ Մաքսային միությանը միանալու որոշումը: «Սակայն պարզ չէՙ կասեցումը վերջնակա՞ն է, թե՞ ժամանակավոր», հավաստիության տպավորության համար վերոնշյալ հրապարակման մեջ նաեւ այսպիսի հարցադրում էր արվում:

Մի քանի ժամ անց այս տեղեկության վերաբերյալ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հետեւյալ հայտարարությունը տարածեց.

«Կասեցման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով Հայաստանի ընդունած վերջին որոշումը, մեզ բնականաբար անհրաժեշտ է վերանայել ԱԱ/ԽՀԱԱՀ-ի ստորագրմանն անմիջականորեն առնչվող ծրագրերը, եւ Հայաստանի ղեկավար մարմինների հետ որոշել հետագա գործողությունները: Այնուամենայնիվ, ինչպես արդեն հայտարարվել է, այս փուլում մենք շարունակում ենք գնահատել ներկա իրավիճակը, տեղեկացնել եւ խորհրդակցել անդամ պետությունների հետ: Մենք նաեւ հետամուտ ենք լինելու շարունակել հայաստանյան մեր գործընկերների հետ ընթացող խորհրդակցությունները»:

Ուշադիր ընթերցելու դեպքում դժվար չէ տեսնել, որ ԵՄ պատասխանում գրված չէ, որ այս ծրագիրը Հայաստանում շարունակվում է: Ինչը շատ բնական է, քանի որ հակառակ վերոնշյալ լրատվամիջոցի հրապարակման եւ նրանից անմիջապես «սենսացիոն» լուրը տարածած այլ կայքերի, այդ ծրագիրը Հայաստանում վաղուց արդեն ավարտվել է եւ հետեւաբար հիմա դրա` իբր կասեցման մասին տեղեկությունը չի կարող համապատասխանել իրականությանը:

«Ազգ»-ի ընթերցողներին հիշեցնենք, որ այս տարվա մարտին տեղի ունեցավ «Թվինինգ» ծրագրի ավարտվելու ամփոփիչ համաժողովը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որը լուսաբանվեց նաեւ մեր թերթում («Եվրոպական օգնության ծրագիրն ավարտվեց», «Ազգ» 14.03.2013): Հիշեցնենք «Թվինինգ» ծրագրի եւ այդ միջոցառման մասին:

Եվրոմիության (ԵՄ) «Թվինինգ» ծրագիրը տեւել էր 2 տարի եւ ուղղված էր Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանը: Ծրագրի արդյունքներն ամփոփող համաժողովին մասնակցում էին կառավարության անդամներ, դեսպաններ, միջազգային փորձագետներ:

Էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Տիգրան Դավթյանն իր ելույթում կարեւորել էր «Թվինինգ» ծրագրի նշանակությունը Հայաստանի տնտեսական դաշտում, նշելով, որ այդ նպատակով հատկացված միջոցները արդյունավետ են ծախսվել, ինչը թույլ է տվել եվրոպական փորձը ներդնել Հայաստանում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել էր, որ ծրագրի իրականացումը նպաստել է հանձնաժողովի կարողությունների զարգացմանը, ԵՄ փորձագետների մասնակցությամբ իրականացրած օրենսդրական փոփոխությունների, հարուցված վարույթների, դատարանում առկա գործերի վերաբերյալ խորհրդատվությունների շնորհիվ բարձրացել է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը:

Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան այն տեսակետն էր հայտնել, որ Հայաստանի համար մրցակցային միջավայրը կարեւոր նշանակություն ունի ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ասոցիացման գործում, եւ նշել էր, որ որոշ` մասնավորապես կարտելների, մոնոպոլիաների, հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարի, պետական աջակցության վերահսկողության հարցերում Հայաստանը պետք է մոտենա Եվրոպային, ուստի Եվրոմիութունը կշարունակի աջակցել այս ծրագրին:

Դժվար չէ հասկանալ, որ այս ամենը ենթադրում է, որ ծրագիրն ավարտվել է եւ խոսք կարող է լինել միայն դրա առանձին մասերին աջակցելու մասին: Այսինքն, եթե կասեցվեր էլ, ապա խոսքը նոր աջակցության մասին պետք է լիներ, որը չէր կարող ծրագրի ավարտից մի քանի ամիս հետո սկսված լինել, քանի որ նման ծրագրերի հաստատումը ժամանակատար գործընթաց է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #149, 07-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ