RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 18:17:40Դատախազի պահանջը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ
2020-08-12 18:07:17Ոստիկանները տուգանում են հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին. տեսանյութ
2020-08-12 18:05:44ՀԲԸՄ- հայտարարությունը. Հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
2020-08-12 15:08:51Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
#140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013



Տեղադրվել է` 2013-08-28 23:10:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԼՈՒՍԱՎՈՐ ԹԱԽԾԻ ՆԿԱՐԻՉԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կյանքից հեռացավ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը

Հայ գեղանկարչությունը ցավալի կորուստ ունեցավ: Կյանքից հեռացավ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան), մեկը սփյուռքի մեր անվանի արվեստագետներից, որի արվեստի ներքին տրամադրությունները որքան ազգային, նույնքան համամարդկային են, եւ որից բխող զգացմունքների աշխարհը մտերիմ-հաղորդական կարող է լինել յուրաքանչյուրին: Ֆրանսիացի տեսաբանները նրան համարել են միզերաբլիստՙ թշվառների նկարիչ: Սա թերեւս նրա նկարչության ընդհանուր ոգուց, պատկերած պերսոնաժներից եկող տպավորություն է: Նրա վրձինը փնտրում էր մարդու հոգու տխրության մեղեդին: Կյանքի թշվառությունը, դառնությունը կամ զրկանքը, որ ապրում է մարդկային էությունը, նկարիչը վերափոխում էր բանաստեղծական-քնարական թախծի: Նա կարծես ցավի բանաստեղծը լիներ նկարչության մեջ:

Սուր զգացմունքները, անկումային տրամադրություններն արվեստում ավելի ներազդող ուժ ունեն իհարկե, սակայն այս պարագայում նկարչի ներքին վիճակն է այդպիսին, որի հարազատ ունկնդիրն է եղել նա միշտ:

Տարագիր արեւմտահայի ճակատագիրը կրող նկարիչը կյանքիՙ իրեն բաժին ընկած վիշտը կտավին գունանկարեց զարմանալի մեղմությամբ: Նրա հատկապես կանացի կերպարների փխրուն աննյութայնությունը, դեմքի դալուկ արտահայտությունները, մարմինների գծապատկերի նրբությունը իրականի ու վերացականի սահմաններին են պահում նրանց, որ բացարձակապես համակրանքի զգացում է արթնացնում, եւ բնավՙ խղճահարության: Ժանսեմը մարդկային կյանքերի նկարիչ է, մարդկային խորը ապրումների ու զգացողությունների արտահայտողը: Նրա տխրությունը, անկասկած, քնարական է, գունային թափանցիկությունը միայն հրճվանք է ծնում, չնայած կիսատ ապրած կյանքի զգացողությամբ նրա հերոսների, կտավներից ուղղակիորեն հոսում է լույսի մեղեդին: Նրա բաց կապույտի, դեղնի ու կանաչի սքանչելի համադրությունները կյանքի ցավը վերածում են բանաստեղծական այնպիսի տխրության, որ դիտվում է իբրեւ ձոն գեղեցկության, ձոն բարության ու հույսիՙ առավոտվա օդի մաքրության հանգույն: Նա նկարիչ էր, որ կյանքի ստվերագծերի արանքում անպայման լույսն էր տեսնում:

Իբրեւ ցեղասպանված ժողովրդի զավակ, այդ ցավն իր մեջ մշտապես կրող արվեստագետ, նրա կտավներին 1915-ի սոսկալի արձագանքը հայտնվեց գեղարվեստական նատուրալիզմի ընդգծված ոճով, սակայն դաժան, դժոխային պատկերների մեջ անգամ թաքնված է Ժանսեմին հատուկ գույնի լուսավորությունը: Նկարների այդ շարքըՙ 34 կտավ, 2001-ին Հայաստան կատարած իր երկրորդ այցելությանը Ժանսեմը նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, որտեղ հիմա դրանք ցուցադրված են:

Առաջացած տարիքը մեծ արվեստագետի պարագայում նկատվո՞ւմ է արդյոք: Իհարկեՙ ո՛չ: Այդպես երբեք չի լինում: Մեծերի կորուստը մշտապես ամայության զգացում է բերում, մեծ ափսոսանք է ծնում: Այսպես է նաեւ Ժանսեմի հեռացումը: Կյանքին հրաժեշտ տվեց նա 93 տարեկանումՙ ապրած կյանքը թողնելով իր կտավների թափանցիկ լռության մեջ, վրձնի գունագեղ հետքերում...

Ժանսեմը ծնվել է Սելեզում, (Թուրքիա), շատ չանցած ընտանիքը գաղթում է Հունաստան, Սալոնիկ, 1931-ին մայրը ամուսնու մահից հետո տեղափոխվում է Ֆրանսիա, բնակություն հաստատում Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում: Նրա մասնագիտական առաջին դպրոցը Մոնպառնասի ազատ ակադեմիաներն էին, ապա սովորել է Փարիզի դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցում: Առաջին ցուցադրությունը 1944-ին «Անկախների սալոնում», «Ջութակահարը» կտավն է եղել: 1956-ին ընտրվել է երիտասարդ նկարիչների միության նախագահ, անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում եւ այլուր: Ժանսեմը նկարչական թեմատիկ շարքերով մտածող արվեստագետ էՙ ոճական անհատական նախասիրությամբՙ «Պարուհիներ», «Ցլամարտ», «Դիմակահանդես», ուշագրավ են նաեւ դիմանկարների շարքը եւ հատկապես ինքնատիպ, նուրբ նատյուրմորտները: Նրա աշխատանքները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում եւ մասնավոր հաքավածուներում: Նա այն բացառիկ նկարիչներից է, ում անունով կենդանության օրոք բացվել է երկու թանգարան, երկուսն էլ Ճապոնիայում: Ժանսեմը արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում` Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի: 2010-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նրան շնորհվել է «Պատվո շքանշան»:

Նկար 1. «Տոնահանդեսի ավարտը»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ