RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1416, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՌՈՒՍՆԵՐԸ...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուսական պարբերականներից մեկը այս օրերին հրապարակում է հոդվածաշար, որը վերնագրված է` «Ռուսական հոգու գաղտնիքները»: Շարքից մեկ-երկու հոդված կարդալուց հետո, անկեղծ ասած, այդ գաղտնիքներն այդպես էլ հասանելի չդարձան ինձ, գուցե դրանք պարզ լինեին հոդվածաշարը մինչեւ վերջ կարդալուց հետո... Էական չէ, կարեւորն այն է, որ այս օրերին Հայաստանում, իսկ ոմանք էլ` Արեւմուտքում, փորձում են հասկանալ ոչ այնքան ռուսական հոգու, որքան ռուսական քաղաքականության գաղտնիքները: Արեւմուտքում` Սիրիայի ու Իրանի հարցով, Հայաստանում` ռուս-ադրբեջանական թարմացող ու նոր երանգներ ստացող հարաբերությունների մասով:

Թողնենք Արեւմուտքի հետաքրքրությունները, մանավանդ որ դրանք առանձին խոսակցության թեմա են:

Պուտինի` Բաքու կատարած այցի մասին արդեն բազմիցս է խոսվել: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Բաքվում էր աշխատանքային այցով, որի ֆորմատը չի պարտավորեցնում հյուրին այցելել Բաքվի Շեհիդների պուրակ, ինչն, օրինակ, պարտադիր կլիներ, եթե Պուտինը Բաքու այցելեր պաշտոնական, մանավանդ պետական այցերով: Հետեւաբար, Պուտինը չի այցելել Շեհիդների պուրակ ոչ թե որովհետեւ «չի ցանկացել շատ նեղացնել Երեւանին», ինչպես հնչեցրին Երեւանում, այլ որովհետեւ նա Բաքվում էր աշխատանքային այցով:

Հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ փաստաթղթեր ստորագրվեցին Բաքվում ռուսական ու ադրբեջանական հատկապես բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջեւ, կարելի է պնդել, որ ՌԴ նախագահի այցը Բաքու հաջողված էր, չնայած Պուտինը Ալիեւի հետ, ինչպես ավելի վաղ արդեն ասել ենք, որեւէ միջպետական փաստաթուղթ չի ստորագրել: Սակայն հաշվի առնելով Պուտինի` Բաքու այցելելու, եթե կարելի է ասել` բարոյահոգեբանական ֆոնը, մթնոլորտը, Լավրովի հետ կապված հայտնի «թյուրիմացությունը», ապա կարող ենք պնդել, որ Պուտինի այցը Բաքու ձախողված էր, քանի որ «ադրբեջանական հյուրընկալությունը», մեղմ ասած, չփայլեց:

Այս համատեքստում, դառնալով ռուսական քաղաքականության գաղտնիքներին, նշենք, որ այս օրերին այդ քաղաքականության հետ կապված շրջանառվում են բավականին իրարամերժ լուրեր: Մասնավորաբար, ըստ հայկական պարբերականներից մեկի տեղեկությունների, օգոստոսի 30-ին Երեւանում ՌԴ դեսպանի մոտ խորհրդակցության են հրավիրվելու «Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների տնօրենները», ինչպես ենթադրում է պարբերականը` «Հայաստանի եվրոինտեգրմանը խոչընդոտելու նպատակով»: Մյուս կողմից, սակայն, այս օրերին Երեւան ժամանեց, իսկ այստեղից էլ Արցախի Հանրապետություն մեկնեց ռուսաստանյան բավական հանրահայտ անդամներով խումբ, որի կազմում են ռուսաստանցի նախկին հետախույզ, հանրահայտ Աննա Չապմանը, Դենիս Դվորնիկովը, մի շարք լրագրողներ եւ այլք: Հասկանալի է, որ «նախկին հետախույզ» չի լինում, անհասկանալի է, թե ի՞նչ գործ ունի ռուս հետախույզը Ղարաբաղում: Այս համապատկերում ուշագրավ է, որ Պուտինի Բաքու կատարած այցից հետո ռուսական մեդիայում նկատվում է վերլուծությունների, հրապարակախոսությունների մի հոսանք, որոնք ընդհանուր առմամբ կոչ են անում Մոսկվային` ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` «տարածաշրջանում ռուսական ներկայության հարցը հավերժ լուծելու նպատակով»: Այսինքն, ըստ կոչի հեղինակների տրամաբանության, եթե Մոսկվան ճանաչում է Ղարաբաղը, ապա վերջինս, ինչպես օրինակ, Հարավային Օսիան ու Աբխազիան, «ամբողջ կյանքում» պարտավորված կլինի ապահովել ռուսական ներկայությունը տարածաշրջանում:

Այստեղ, սակայն, ռուսաստանցի վերլուծաբանները ակնարկում են մեկ այլ, շատ կարեւոր նրբություն եւս: Եթե Մոսկվան ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա ոչ միայն ԼՂՀ-ն է պահում «ռուսական տիրույթում», այլեւ ինչ-որ ճակատագրական պահի կարող է դառնալ այն ծանրակշիռ պատճառը, հանուն որի Երեւանը կարող է հրաժարվել Եվրոմիությանը առավել մոտենալու իր հռչակած քաղաքականությունից ու քայլել դեպի Մաքսային (Եվրասիական) միություն:

Իհարկե, Ռուսաստանում այս նրբությունը հասկանում են, սակայն դեռեւս այդ մասին չեն խոսում, փոխարենը գոնե վերլուծական մակարդակով բարձրաձայնում են` Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության փոփոխման անհրաժեշտության մասին. այն է, Երեւանին այլեւս նպատակահարմար չէ ճնշելը, որովհետեւ Երեւանն այսօր հստակ այլընտրանք ունի, փոխարենը Երեւանին պետք է առաջարկել մի բան, որից, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, Երեւանը չի կարող հրաժարվել: Այդ «մի բանը» Երեւանի համար եղել ու մնում է Ղարաբաղը:

Ի դեպ, ռուս հետախույզ Աննա Չապմանն ու նրա ընկերները արդեն իսկ Ադրբեջանի հանրահայտ «սեւ ցուցակում են», որի մեծության ու հանրահայտ անուններով լեցուն լինելու մասին օրերս համոզվեցինք: Չի բացառվում, որ Չապմանը Ղարաբաղում է հատուկ առաջադրանքով...

Ի վերջո ռուսական հոգին ու քաղաքականությունը գաղտնիքներով լի են:

Նկար 1. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ռուսաստանյան պատվիրակությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ