RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 807, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՌԱԶՄԱՕԴԱՆԱՎԵՐ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Պ. Ք.

ԱՄՆ-ը «կբավարարվի» Սիրիայի հրթիռակոծմամբ

Վերջին երկու օրերին բրիտանական օդուժի ռազմական եւ ռազմափոխադրական օդանավեր են կուտակվում Կիպրոսի «Ակրոտիրի» ռազմակայանում, որը Սիրիայից ընդամենը 160 կմ հեռավորության վրա է: Այդ մասին հաղորդում է «Գարդիան» թերթը, հիշեցնելով, որ բրիտանացիներն այդ ռազմակայանը տնօրինում են 1960 թվականից:

«Գարդիան» եւ «Դեյլի մեյլ» թերթերի տեղեկությունների համաձայն, Մեծ Բրիտանիան ընդհանուր առմամբ մոտ 10 ռազմական թիրախ է նախատեսել Դամասկոսի շրջակայքում: Թիրախների ցանկում ընդգրկված են նաեւ Հալեպից հարավ, Դայր ազ Զաուրից հյուսիս, Հոմսից հարավ-արեւելք ընկած օդուժի, հրթիռային եւ զրահատանկային զորքերի ռազմակայանները:

Նախատեսվում է հարվածներ հասցնել Սիրիայի հակաօդային պաշտպանության զորքերի հենակետերին, հրամանատարական բունկերներին եւ կառավարման համակարգերին, հաղորդակցական կենտրոններին, կառավարական շենքերին:

Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը պատրվակ դարձրած բրիտանացիները, ըստ «Գարդիանի», հնարավոր են համարում «հատուցման գործողության» երկու տարբերակ: Առաջինը թեւավոր հրթիռների ճշգրիտ հարվածներն են: Երկրորդը առավել հուժկու գրոհն է ռմբակոծիչների կիրառությամբ: Առաջին տարբերակը կունենա ավելի շուտ քաղաքական, քան ռազմական նշանակություն եւ չի ազդի հակամարտության ընթացքի վրա, թեեւ կարող է հարուցել Սիրիայի հարվածները հարեւան երկրներին, առաջին հերթինՙ Իսրայելին: Երկրորդ տարբերակը կարող է Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին եւ հակասիրիական կոալիցիայի մյուս երկրներին ներքաշել երկարատեւ զինված հակամարտության մեջ, որը նախագահ Բաշար Ասադը կմեկնաբանի որպես «պատերազմ արեւմտյան իմպերիալիզմի դեմ»:

Ըստ «Դեյլի մեյլ» թերթի, զինվորական փորձագետներն առավել հավանական են համարում առաջին տարբերակի կիրառությունը, որի իրականացումը կտեւի 1-2 օր:

Ի դեպ, նման տարբերակի օգտին հանդես է գալիս նաեւ ԱՄՆ-ի ղեկավարությունը: Նախագահ Բարաք Օբաման ներկայումս քննարկում է Սիրիայի դեմ «սահմանափակ» ռազմական գործողություն ձեռնարկելու հնարավորությունը: «Վաշինգտոն փոստ» թերթը տեղեկացնում է, որ եթե հայտնաբերվեն Սիրիայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ, ապա ամերիկացիները «կբավարարվեն» այդ երկրի երկօրյա հրթիռակոծումներով:

Նախագահ Օբամայի վարչակազմում նման հրթիռակոծությունն անվանում են «դաստիարակչական միջոցառում»: Թերթը նշում է, որ Սպիտակ տան վարչակազմը այդ որոշումը համարում է իդեալական: ԱՄՆ-ը չի ուզում Սիրիայում ներքաշվել երկարատեւ ռազմական գործողությունների մեջ, բայց միեւնույն ժամանակ ուզում է թույլ չտալ գազային գրոհների կրկնություն:

Սպասվում է, որ կառավարական զորքերի դիրքերը կգնդակոծվեն ռազմանավերից, թեպետեւ չի բացառվում ռազմավարական ռմբակոծիչների կիրառությունը: Ամերիկյան հետախուզությունն առայժմ չի զեկուցել քիմիական գրոհի սեփական հետազոտության արդյունքների մասին, բայց Սպիտակ տունը Կոնգրեսի եւ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ արդեն քննարկում է հարվածներ հասցնելու հնարավորությունը, ինչպես նաեւ նախապատրաստում է նմանօրինակ գործողությունների իրավաբանական հիմնավորումներ:

Ներկայումս, ամերիկյան հետախուզությունից բացի, քիմիական գրոհի հետաքննությամբ զբաղվում են օգոստոսի 18-ից Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի տեսուչները: Նրանք օգոստոսի 21-ի քիմիական գրոհի վայրում աշխատանքներ սկսեցին ուշացումովՙ օգոստոսի 26-ին: Այդ ուշացման համար իշխանությունները եւ ընդդիմությունը մեղադրում են միմյանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ