RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 16:57:37Ալիևն անվանեց Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման պայմանը
2020-09-30 13:59:17Իրավիճակը Արցախում․ ոչնչացվել է ՏՕՍ-1Ա
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1235, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԱՐԴԵՆ ԾԻԾԱՂԵԼԻ ՉԷ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը առաջին անգամ ցանկություն հայտնեց առաջադրելու իր թեկնածությունը Ադրբեջանի նախագահի պաշտոնին, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ հատկապես Հայաստանում դա ծիծաղ առաջացրեց: Երկու երկրներում էլ հրաշալի հասկանում էին, որ Ադրբեջանում չի կարող նախագահական ընտրություններին ազգությամբ հայ, թեկուզ եւ ադրբեջանահայ թեկնածու մասնակցել, հետեւաբար Այվազյանը պարզապես ծիծաղելի շոու է անում:

Իրոք, երբ մեկը շրջապատի համար ինչ-որ ծիծաղելի բան է անում, սկզբում ծիծաղ է առաջացնում, սակայն երբ շրջապատը համոզվում է, որ տվյալ մարդն իր այդ «ծիծաղելի» գործողությունները միշտ է կրկնում, դրանք այլեւս ծիծաղ չեն առաջացնում, գոնե չպետք է առաջացնեն: Գրիգորի Այվազյանը վերստին հայտարարել է գալիք հոկտեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում իր մանակցության մասին. եւ սա արդեն ծիծաղելի չէ, ահա թե ինչու:

Տարբերակները երկուսն են. կամ Ադրբեջանի ԿԸՀ-ն թույլ է տալիս Այվազյանին` գրանցվել որպես նախագահի թեկնածու, այսինքնՙ մասնակցել ե՛ւ նախընտրական քարոզարշավին (ինչը ենթադրում է, որ հայազգի Այվազյանը իր թիմով պետք է Բաքու մեկնի), ե՛ւ ընտրություններին, կամ ադրբեջանական ԿԸՀ-ն նման որոշում չի ընդունում եւ հրաժարվում է գրանցել Այվազյանին: Ադրբեջանական ԿԸՀ-ն, որքան էլ հակառակը պնդի ինքը` Այվազյանը, նման իրավասություն ունի, քանի որ, եթե անգամ Այվազյանը ծնվել է Բաքվում, մեծացել է այդ քաղաքում, այսօր չունի անկախ Ադրբեջանի անձնագիր, ինչի առկայությունը հասկանալի է, որ պարտադիր է` Ադրբեջանի նախագահ դառնալու ցանկություն ունեցողի համար: Իհարկե, գուցե եւ Այվազյանն ունի այդ անձնագիրը (ինչ-որ կերպ, Բաքվում ընկերների ու ծանոթների միջոցով նրան հաջողվել է ձեռք բերել), սակայն այդ պարագայում առաջանում է երկրորդ հարցը. Այվազյանը մինչեւ օրս չի ստացել ՀՀ քաղաքացիություն, չնայած բնակվում է ՀՀ-ում, հետեւաբար ինչպե՞ս է նա իր ենթադրյալ ադրբեջանական անձնագրով բնակվում Հայաստանի տարածքում:

Ստացվում է, որ Այվազյանը կամ ունի Ադրբեջանի քաղաքացու անձնագիր, այդ պատճառով էլ վստահ պնդում է, որ ադրբեջանական ԿԸՀ-ն իրեն պաշտոնապես գրանցի, կամ չունի: Իսկ եթե չունի, ուրեմն շոու է անում, իսկ եթե շոու է անում, ուրեմն պատվեր կա, եթե պատվեր կա, ապա ի՞նչ պատվեր, ի՞նչ նպատակով: Եթե Այվազյանին հերթական անգամ հրաժարվում են գրանցել` որպես նախագահի թեկնածուի, ապա ոչինչ չի փոխվում, ՀՀ-ն չի տուժում, Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է իր այլատյացությունը: Միջազգային հանրությունը ընդունելու է պարզապես փաստը, որ Ադրբեջանում հրաժարվում են գրանցել ազգությամբ հայ նախագահի թեկնածու, որն ամբողջ ձայնով բղավում է, թե իր թեկնածությունը չգրանցելու իրավունք ադրբեջանական ԿԸՀ-ն չունի: Հետեւաբար, գուցե Այվազյանի պարբերական «առաջադրումը»` հարեւան երկրի նախագահական ընտրություններին, նպատակ ունի հերթական անգամ ապացուցել միջազգային հանրությանը ադրբեջանական այլատյացությունը: Կնշանակի այս պարագայում, որ Այվազյանով «զբաղվում» են Ադրբեջանի «թշնամիները»: Սակայն բանն այն է, որ այս նպատակի իրագործման համար, այսինքն ադրբեջանական այլատյացությունը հերթական անգամ ցույց տալու համար միջազգային հանրությանը, ամենեւին կարիք չկա ավելորդ գումարներ ծախսելու, իսկ եթե այս նպատակով Այվազյանին պատվեր են տալիս, ուրեմն նաեւ գումար են ծախսում: Մինչդեռ հարեւան երկիրն առանց դրա էլ ցույց է տալիս իր այլատյացությունը, ուրեմն առնվազն անմտություն կլինի դրա համար լրացուցիչ գումար ծախսել: Հետեւաբար, Այվազյանին (նրա հավանական պատվիրատուներին) սա պետք չէ: Ստացվում է, որ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն ու իր երեւացող ու աներեւույթ թիմը նպատակ ունեն ոչ թե հերթական անգամ չգրանցվելու, այլ գոնե մեկ անգամ գրանցվելու: Դա արդեն կնշանակի, որ Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է, որտեղ «ապրող» յուրաքանչյուր ազգության ներկայացուցիչը կարող է հավակնել ադրբեջանական պետության ղեկավարի աթոռին: Նման Ադրբեջանը նորություն կլինի միջազգային հանրության համար, եւ նման Ադրբեջան ստեղծելու համար արժե փող ծախսել:

Եվ կստացվի այնպես, որ նման Ադրբեջան կստեղծվի նաեւ հայազգի Գրիգորի Այվազյանի անձնական ջանքերով: Իսկ սա արդեն ծիծաղելի չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ