RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 16:57:37Ալիևն անվանեց Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման պայմանը
2020-09-30 13:59:17Իրավիճակը Արցախում․ ոչնչացվել է ՏՕՍ-1Ա
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1098, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՆԵՐ Է ԽԱԽՏՈՒՄ. ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած կրակոցից 5 օր անց սկսվեց ապատեղեկատվությունների բուռն ալիք: Գլխավոր հեղինակները Սյունիքի մարզպետարանն ու զինվորական դատախազությունն էին: Ապատեղեկատվությունների մեկնարկը համացանցում տարածված տեսագրության կեղծ, մոնտաժված տարբերակն էր: Սակայն լրատվամիջոցների ակտիվ աշխատանքով հասարակությունն իմացավ, թե ինչ է կատարվել: Այժմ ապատեղեկատվության տարածման երկրորդ փուլն է սկսում եւ կրկին զինդատախազության գլխավորությամբ»: Տեսակետը Բուդաղյանների ընտանիքի պաշտպան Հայկ Ալումյանինն է:

Ըստ փաստաբանիՙ զինդատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի գործը գլխիվայր շուռ տա եւ այդ կերպ կարողանա պաշտպանել Խաչատրյաններին: Հենց դա է պատճառը, որ զինդատախազությունը տարբեր շրջանակներում Արտակ Բուդաղյանին ներկայացնում է որպես ագրեսորի, հրահրողի: Ըստ փաստաբանիՙ զինդատախազությունը նման գործելաոճով ստիպում է, որ տուժող կողմը պահանջատեր լինելուց վերածվի պաշտպանվող կողմի, որ այդ կերպ Բուդաղյաններն ու Խաչատրյանները հավասար հարթության վրա գտնվեն, եւ այս նպատակին հասնելու համար նրանք ամեն կերպ նվաստացնում ու ճնշում են Արտակ Բուդաղյանին:

Փաստաբանը հավաստիացնում է, որ իր հայտարարությունները զգացմունքային չեն, եւ բազմաթիվ փաստերն ապացուցում են, որ զինդատախազությունը, իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են Սուրիկ Խաչատրյանին պաշտպանելու համար: «Դեպքից հետո զինդատախազությունը հայտարարեց, որ զենքը, որով կրակել է Տիգրան Խաչատրյանը, պատկանում է Սուրիկ Խաչատրյանին: ՔՕ 239 հոդվածի համար պետք է մեղադրանք առաջադրվեր, որ իր զենքը մեկ ուրիշ անձն օգտագործել է եւ հասցրել մարմնական ծանր վնասվածք: Ինչո՞ւ չի առաջադրվում մեղադրանք այն բանի համար, որ Սուրիկ Խաչատրյանին պատկանող ինքնաշեն զենք են գտել, որով կրկին առաջացրել են մարմնական լուրջ վնասվածք: Նորից եմ կրկնումՙ ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել: Սուրիկ Խաչատրյանի կատարած գործողությունների փոխարեն այսօր քննարկման առարկա է Արտակ Բուդաղյանը, ու նրան տուժողից դարձնում են մեղադրյալ»:

Թե ինչո՞ւ է զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը այդքան ջանում փրկել նախկին մարզպետին, որի կյանքի ուղին, մեղմ ասած, հանցավոր է, Հայկ Ալումյանը պատասխան չունի, սակայն նա հիշեցնում է, որ դեպքից մեկ ամիս անց Սուրիկ Խաչատրյանը հրապարակավ շնորհակալություն հայտնեց իր բարձրաստիճան ընկերներին, ովքեր իրեն աջակցեցին: Չի բացառվում, որ այդ ցանկում առաջին հորիզոնականում Գեւորգ Կոստանյանն է, որն անգամ հրապարակավ չխուսափեց Խաչատրյանի փաստաբանի դերը ստանձնելուց:

Այսքանով զինդատախազության գործած խախտումները չեն ավարտվում: Կառույցի ներկայացուցիչները տարբեր շրջանակներում հայտարարել են, թե Բուդաղյանը դեպքի վայրում եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Ալումյանը նման հայտարարությունները որակում է կեղտոտ տեխնոլոգիա:

«Դեպքից 6 օր հետո Բուդաղյանից արյան անալիզ են վերցրել եւ հայտարարել, թե Բուդաղյանի արյան մեջ ալկոհոլի քանակը 4 պրոմիլ է, մինչդեռ իրականում եղել է 1 պրոմիլ: Սա էլ այն դեպքում, երբ Բուդաղյանը 6 օր եղել է հիվանդանոցում, նրան միացված է եղել սիստեմ, եւ նրան ներարկված դեղերի մեծ մասը պարունակել է սպիրտ: Զավեշտալի է, որ զինդատախազությունը չեղած բանն այսքան ուռճացնում եւ տարածում է, սակայն չի անդրադառնում այն փաստին, որ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Խաչատրյանի փաստաբանն էլ չի հերքել, որ Տիգրանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել, սակայն փաստաբանը հերքում է, որ Տիգրանը եղել է թմրանյութի ազդեցության տակ դեպքի ժամանակ: Սա նույնպես լուրջ հարցեր է առաջացնում: Եթե դեպքի վայրից հետո Խաչատրյանը կալանավորվել է եւ պահվել է խցում, ապա ինչպե՞ս է նա թմրանյութ օգտագործել եւ ո՞ւմ օգնությամբ»:

Անդրադառնալով տարածված տեսանյութինՙ Ալումյանն ասաց, որ բացահայտվել է, որ առկա է երկու տեսանյութ, եւ փորձաքննությամբ պարզվել է, որ քննիչի մոտ գտնվող տեսանյութը կեղծված չէ: «Սա ահագին հնարավորություն է տալիս հետեւություններ անելու համար: Եթե դուք նայեք մոնտաժված եւ չմոնտաժված տեսանյութերը, շատ բան պարզ կդառնա: Չմոնտաժված տեսանյութում երեւում է, որ Ավետիք Բուդաղյանը մեքենայի մեջ է, նրան են մոտենում Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ-մերձավորները, որոնցից մի քանիսը զինված են, եւ սկսում են քաշքշել: Երբ Արտակ Բուդաղյանն է մոտենում տանը, ապա նույն զինված տղաները ագրեսիվ պահվածքով մոտենում են Բուդաղյանի մեքենային: Եվս մեկ հետաքրքրական փաստ, առաջին երեք կրակոցները հնչել են Բուդաղյանների ուղղությամբ, երբ նրանք դուրս էին եկել տանից, երբ խոսակցությունն արդեն ավարտված էր, երբ այլեւս ոչինչ չէր կատարվում: Այս առնչությամբ եւս մեկ փաստ, որը հաստատված է եւ զինդատախազությունը չի կարող հերքել. Արտակ Բուդաղյանի մոտ գտնվող ատրճանակը հավաքված եւ լիցքավորված չի եղել, Բուդաղյանի մոտ փամփուշտ էլ չի եղել»:

Տեսանյութի առնչությամբ փաստաբանին հետաքրքրում է, թե ո՞վ է կեղծել այն, ո՞ւմ պատվերով, եւ արդեն առգրավված տեսանյութն ո՞վ է տրամադրել, որ կեղծեն:

Զինդատախազության մեկ այլ հայտարարություն, թե Բուդաղյանը հրաժարվում է ցուցմունք տալուց եւ առերեսումից, նույնպես չի համապատասխանում իրականությանը:

«Արտակ Բուդաղյանը չի հրաժարվել ցուցմունք տալուց: Նա ավելի քան 2 ժամ խոսել է եւ պատմել, թե ինչ է տեղի ունեցել: Բացի դրանիցՙ նա դիտել է տեսանյութը: Նրան ավելի քան 60 անգամ ցույց են տվել տեսանյութը, թե ինչպես են կրակում իր ուղղությամբ եւ ինչպես է մահանում եղբայրը: Նա ժամը երեքից մինչեւ ժամը 8-ը եղել է քննչականում: Դուք պատկերացնո՞ւմ եքՙ մարդը հոգեկան ինչպիսի ապրումներ կարող է ունենալ, երբ մի քանի տասնյակ անգամ տեսնի, թե ինչպես է իր եղբայրը մահանում: Բայց Արտակը դիմացավ, թեպետ հոգեպես ընկճված էր: Ու չգիտես ինչու, երեկոյան ժամը 8-ին քննիչը որոշում է, որ Բուդաղյանը պետք է 4 առերեսում կատարի, իսկ յուրաքանչյուրը առերեսումը տեւում է 1,5-2 ժամ: Արտակն ասաց, որ հոգնած է, իրեն լավ չի զգում եւ չի կարող առերեսում կատարել, եւ խնդրեց, որ ուրիշ օր տեղափոխեն առերեսումը: Դա չի նշանակում, որ նա հրաժարվել է առերեսումից, ինչպես ներկայացնում է զինդատախազությունը, այլ օրն է փոխել: Ի դեպ, այսօր Բուդաղյանը առերեսվելու է մի քանի կասկածյալների հետ»:

Մեկ ամիս առաջ Հայկ Ալումյանը նամակ էր ուղարկել դատախազությունՙ պարզելու, թե մամուլում Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների վերաբերյալ նյութերի առնչությամբ որեւէ գործ սկսվե՞լ է: Դատախազությունից զավեշտալի պատասխան է եկել. ի՞նչ հոդվածներ, ի՞նչ հանցագործություններ: Փաստաբանը չի ալարել ու թերթերի մի մեծ կապոց է ուղարկել դատախազությանը նաեւ տեղեկացնելով, որ դա հրապարակված նյութերի մի մասն է ընդամենը: Դատախազությունից գործը տեղափոխվել է հատուկ քննչական ծառայություն, եւ այնտեղ էլ փաստաբանին պատասխանել են, թե կատարված հանցագործությունների մի մասի վերաբերյալ ժամանակին քրեական գործ է հարուցվել: Թե մասնավորապես ո՞ր հանցագործությունների վերաբերյալՙ չի մանրամասնվել: ՀՔԾ-ից նաեւ հայտնել են, որ կատարված հանցագործությունների մի մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չէր:

Չհավատալով իրավապահ մարմինների արդարությանն ու նաեւ համոզված լինելով, որ Հայաստանում ամեն ինչ որոշվում է մեկ կենտրոնիցՙ Բաղրամյան 26-ից, երեկ Արտակ Բուդաղյանի հայրըՙ Էմիլ Բուդաղյանը, բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինՙ խնդրելով իր անմիջական հսկողության տակ առնել գործը, որպեսզի պատժվեն իրական մեղավորները:

«Ես կորցրել եմ իմ որդուն, նրան այլեւս հնարավոր չէ վերադարձնել: Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարության: Այդ պատճառով դիմում եմ Ձեզ, խնդրելով այս գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության ներքո: Խնդրում եմՙ թույլ մի տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը», գրել է Բուդաղյանը Սերժ Սարգսյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ