RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1235, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՄԻԱՆԱ՞ ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Թուրքիան կմիանա Բաշար Ասադի ռեժիմի դեմ ցանկացած դաշինքի, եթե անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական որոշում չլինի»,- երեկ հայտարարել է Ահմեդ Դավութօլուն: Այդ մասին տեղեկացրել է ադրբեջանական virtualaz.org-ը` հղում անելով Ռոյթերին: Ընդսմին, Թուրքիայի ԱԳ նախարարը պարզաբանել է, որ «ներկայումս 36-37 երկիր քննարկում է այդ այլընտրանքը (առանց ՄԱԿ-ի ԱԽ որոշման Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառումը- Վ. Ա.), եթե այդ քննարկումների ընթացքում Սիրիայի դեմ կոալիցիա ձեւավորվի, Թուրքիան կլինի այնտեղ»:

Միջազգային ազդեցիկ լրատվամիջոցները գրեթե «որոշված են» համարում Սիրիայի դեմ ուժի կիրառման հարցը: Որոշ աղբյուրներ նույնիսկ հայտնում են, որ «Հորդանանի տարածքից Սիրիա են մտել ամերիկյան եւ իսրայելական հատուկջոկատայիններ եւ միացել ապստամբական ուժերին, որոնք համառորեն առաջ են շարժվում դեպի Դամասկոս»: Ըստ երեւույթին, Սիրիա ռազմական ներխուժումն այլեւս միայն ժամանակի հարց է: Ու թեեւ Բաշար Ասադը պնդել է, որ «Սիրիան խամաճիկ չի դառնա, ԱՄՆ-ի ներխուժումը կձախողվի»,- Դամասկոսի շուրջը, իրոք, սպառնալիքը խտանում եւ առարկայանում է:

Այս համատեքստում երեկ ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում խիստ ուշագրավ միտք է հնչեցրել ռուսաստանյան «Եվրասիա. Ինֆորմ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Բուկարսկին. «Ռուսաստանը շահագրգռված չէ Իրանի դեմ ագրեսիայի սանձազերծմամբ եւ Ադրբեջանն այդ ագրեսիայի առաջնադիրքերից մեկը դարձնելով: Ռուսաստանը կտրուկ դեմ կլինի, որ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածներ հասցվեն: Կարծում եմ, այդ մասին Պուտինը Բաքվում հայտարարել է ադրբեջանական ղեկավարությանը» (տես http://www.vesti.az/news/170680):

Միջազգային փորձագիտական շրջանակներում իշխող է տեսակետը, որ Բաշար Ասադին տապալելուց հետո հրատապ կդառնա ամենից առաջ Իրանի խնդիրը: Այս իմաստով, թերեւս, ռուսաստանցի քաղաքագետի ասածը պետք է վերագրել նաեւ Սիրիայի դեմ կոալիցիայի հանդեպ Ադրբեջանի հավանական դիրքորոշմանը:

Հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանում անցկացվել են Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ: Ընդ որում` նաեւ Նախիջեւանում, որտեղից, ի դեպ, վերջին տարիներին առաջին անգամ օրերս դիպուկահար կրակոցներ արձակվեցին Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ` սպանելով մեկ եւ վիրավորելով դարձյալ մեկ հայ զինվորի: Եվ դա հազիվ թե «պատահականություն էր»:

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների համապատկերին օրերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, նախագահի թեկնածու առաջադրված Զահիդ Օրուջը ցանկություն էր հայտնել, որ գործի «մեկ ազգ` մեկ միասնական բանակ» սկզբունքը: Օրուջը իշխանամետ խորհրդարանական է, եւ նրա հնչեցրած գաղափարը չէր կարող լինել ինքնագործունեության արդյունք: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան առնվազն քննարկում են միացյալ զինված ուժեր կազմավորելու հնարավորությունը:

Ադրբեջանցի մի շարք քաղաքագետներ եւ վերլուծաբաններ գտնում են, որ «ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը խոչընդոտ չէ, որ Ադրբեջանի հետ ստեղծվեն միասնական զինված ուժեր», ինչը ռուսաստանյան մեկնաբաններից մեկը կասկածել էր այն իմաստով, թե «Ադրբեջանի ղեկավարությունը հազիվ թե համաձայնի ինքնիշխանությունը որոշակիորեն զիջել այլ, թեկուզ անգամ եղբայրական, երկրի»: Բայց հնարավոր է` դա միայն Ռուսաստանի ցանկությունների ոլորտից է:

Այսպիսով, թուրք-ադրբեջանական միացյալ զինված ուժեր ստեղծելու հավանականության մասին համառորեն շրջանառվող խոսակցությունների համապատկերին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է Սիրիայի դեմ կոալիցիային մասնակցելու իր երկրի վճռականության մասին: Այդ դեպքում պաշտոնական Անկարան կտրուկ դեմ է գնում Իրանի եւ Ռուսաստանի ցանկություններին, երկրներ, որ Ադրբեջանին ուղղակիորեն սահմանակից են:

Իր այս որոշումն ընդունելիս Թուրքիան խորհրդատվություններ անցկացրե՞լ է Ադրբեջանի հետ, հաշվարկվա՞ծ են բոլոր քայլերը: Ադրբեջանը նույնպես «տեղ կունենա՞» Սիրիայի դեմ կոալիցիայում, այս հարցերը հազիվ թե Անկարա- Բաքու մակարդակով չեն քննարկվել: Չէ՞ որ նույն Դավութօղլուն բազմիցս է պնդել, որ «Ադրբեջանի խնդիրները Թուրքիայինն են, Թուրքիայի խնդիրները` Ադրբեջանինը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ