RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 884, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՌԱՈՒԼՆ ԱՎԱՐՏԵՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ԿԱՐԻԵՐԱՆ

Համաշխարհային ֆուտբոլի «աստղերից» մեկըՙ իսպանացի Ռաուլն ավարտեց ֆուտբոլային կարիերան: Նա իր հրաժեշտի խաղն անցկացրեց Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ մրցեցին նրա նախկին եւ ներկայիս թիմերըՙ «Ռեալն» ու Քաթարի «Ալ Սադը»: 36-ամյա Ռաուլն առաջին խաղակեսն անցկացրեց «Ռեալի» կազմում իրեն հոգեհարազատ 7 համարի մարզաշապիկով, որը նրան էր զիջել Քրիշտիանու Ռոնալդունՙ հագնելով 11 համարի մարզաշապիկը:

Առաջին խաղակեսում հենց Ռաուլի խփած միակ գոլի շնորհիվ «Ռեալը» հաշվի մեջ առաջ անցավ: Ընդմիջումից հետո Ռաուլը խաղաց «Ալ Սադում», իսկ նրա նախկին թիմակիցները 4 անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկան Իսկոն, Բենզեման, խաղավերջում էլ 2 գոլ խփեց Խեսեն: «Ռեալը» հաղթեց 5-0 հաշվով:

«16 տարի անընդմեջ պաշտպանել եմ «Ռեալի» մարզական պատիվը: Այսօր զգացի իմ հանդեպ մարդկանց մեծ սերը, ուստի ավելի շատ եմ պարտական նրանց: Շատ էի ցանկանում խաղալ այս մարզադաշտում: Կրկին ինձ «Ռեալի» ֆուտբոլիստ զգացի: Դա յուրօրինակ զգացում է: Շնորհակալ եմ բոլորից այս տոնի կազմակերպման համար», խաղից հետո նշել է Ռաուլը:

Արքայական ակումբում Ռաուլը հանդես է եկել 1994-2010-ին, անցկացրել է 550 խաղ, խփել է 228 գոլ: Այս ցուցանիշները ռեկորդային են «Ռեալի» ֆուտբոլիստների համար: «Ռեալի» կազմում Ռաուլը 16 տիտղոսների է արժանացել: Նա Իսպանիայի 6-ակի չեմպիոն է, քառակի սուպերգավաթակիր: 3 անգամ թիմի կազմում նվաճել է չեմպիոնների գավաթը, 2 անգամՙ միջմայրցամաքային գավաթը, մեկ անգամ էլՙ Եվրոպայի Սուպերգավաթը:

«Ռեալից» Ռաուլը տեղափոխվեց Գերմանիաՙ հանդես գալով «Շալկե-04-ում»: Այստեղ նա դարձավ երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր: 2 մրցաշրջանում «Շալկե-04-ում» Ռաուլը 66 խաղում 28 գոլ խփեց: Քաթարի «Ալ Սադի» կազմում էլ իսպանացի ֆուտբոլիստը դարձավ երկրի չեմպիոն, 22 խաղում 9 անգամ գրավեց մրցակիցների դարպասները:

10 տարի շարունակ Ռաուլը հանդես է եկել Իսպանիայի ազգային հավաքականումՙ 102 խաղում դառնալով 44 գոլի հեղինակ: Նա նորամուտը հավաքականում նշել է 1996-ի հոկտեմբերի 9-ին Պրահայում չեխերի հետ կայացած խաղում (0-0): Իսկ վերջին անգամ ազգային հավաքականի մարզաշապիկը Ռաուլը հագել է 2006-ի սեպտեմբերի 6-ին Բելֆաստում Հս. Իռլանդիայի ընտրանու հետ խաղում (2-3): Նա հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի 3 (1998, 2002, 2006) եւ Եվրոպայի 2 (2000, 2004) առաջնությունների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ