RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



Նոր հրատարակություն

Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1359, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԳՐՉԻ ՏԱԿ ՖԻԼԻՊ ՎԻԴԸԼԻԵ

ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ

Ֆրանսիացի երիտասարդ պատմաբան Ֆիլիպ Վիդըլիեն Ֆրանսիայի «Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի» ճանաչված անդամներից է: Մասնագետ է ընկերային մեծ շարժումների, ժողովրդական մշակույթների եւ 20-րդ դարի ցեղասպանությունների պատմության: Նյու Յորքում, Հարվարդում, Լոնդոնում, ինչպես նաեւ Ժնեւում, Մադրիդում, Լիսաբոնում եւ Հռոմում կատարած նրա հետազոտությունները նրան թույլ են տվել հետեւել իրենց բնօրրանից բռնի տեղահանված ժողովուրդների անցած տառապալի ճանապարհին, այն մարդկանց, ովքեր, Փարիզի կոմունայից հետո խույս տալով դաժան հետապնդումներից, իրենց հետ երկրից երկիր տարան առավել արդար մի աշխարհի գաղափարը:

Նա հրատարակել է մի քանի արժեքավոր գրքեր, որոնցից ենՙ «Բակունինի այգին», «Չե Գեւարայի աստղը», «Թուրքական գիշեր» եւ այլ պատմա-գեղարվեստական աշխատություններ:

Պատմաբան Ֆիլիպ Վիդըլիեն միաժամանակ գեղարվեստական բարձր ճաշակով օժտված տաղանդավոր գրող է: Նրա պատմական աշխատություններն ունեն գեղարվեստական զգեստավորում եւ, որպես այդպիսին, դրանք անվարան կարելի է համարել պատմվածքներ կամ վիպակներ: Այս իմաստով առավել հատկանշական է «Թուրքական գիշերը», որը պատմական վավերական փաստերի վրա կառուցված գեղարվեստական յուրօրինակ փայլուն ստեղծագործություն է: Ֆրանսերենից թարգմանել է ՊԱՐԳԵՎ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ:


Հայոց Մեծ եղեռնի վերաբերյալ արխիվներում պահպանվում է ավելի քան 12000 փաստաթուղթ, լույս են տեսել եւ շարունակում են լույս տեսնել վերապրածների, ինչպես նաեւ հայ եւ այլազգի գրողների, պետական ու հասարակական գործիչների բազմաթիվ գրքերն ու հոդվածները: Հիշենք թեկուզ միայն պրոֆ. պրոֆ. Ջոն Կիրակոսյանի եւ Վերժինե Սվազլյանի հատորները...

Հայտնի է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948 թ. դեկտեմբերի 9-ին որոշում ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, եւ աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ իրար հետեւեից ընդունեցին եւ շարունակում են ընդունել այն. 2015 թ. ապրիլին մեծ մասշտաբով նշվելու է ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ամյակը:

Անուրանալի փաստ է, որ Ֆրանսիան աշխարհի առաջին երկիրն է, որ ընդունեց ԳԵՆՈՑԻԴԸ եւ խիստ դատապարտեց այն, եւ Ֆրանսիան այն երկիրն է, որ իր պատմության ու գրականության մեջ բազմիցս է անդրադարձել այս կարեւորագույն հարցին. շատերին է ծանոթ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հրատարակած «ԴԵՂԻՆ ԳԻՐՔԸ» փաստաթղթերի ժողովածուն, ինչպես նաեւ քաղաքական ականավոր գործիչների ու անվանի գրողների հրատարակած շատ գրքեր ու հոդվածներ: Այդ բազմաթիվներից հիշենք թեկուզ մեկինՙ հայ ժողովրդի մեծ բարեկամ Անատոլ Ֆրանսին, որը մինչեւ կյանքի վերջը մնաց հայ ժողովրդի աննկուն պաշտպանը եւ արժանացավ Նոբելյան մրցանակի:

Եվ ահա այսօր էլ հայ ընթերցողի սեղանի վրա է ֆրանսիացի անվանի գրող ու պատմաբան, Ֆրանսիայի «Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի» ճանաչված անդամ, 20-րդ դարի ցեղասպանության, ընկերային մեծ շարժումների եւ Ժողովրդական մշակույթների մեծ մասնագետ Ֆիլիպ Վիդըլիեի «Թուրքական գիշեր» (Երեւան, «Ամարաս», 2010, 204 էջ) փաստերով շատ հարուստ, սահմռկեցուցիչ տեսարաններով ու հոգեցունց պատկերներով լեցուն, թուրք մարդակեր բարբարոսների կողմից կատարված աննախադեպ բազմաթիվ ոճրագործություններ ներկայացնող ոչ ծավալուն, բայց հսկայական նյութ պարունակող գիրքը: Այս պատմական ողբերգությունը հայերեն է թարգմանել ֆրանսերեն լեզվին հրաշալի տիրապետող, Գեւորգյան ճեմարանի եւ այլ բուհերի դասախոս, մեծ մտավորական Պարգեւ Շահբազյանը. նա բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է. վերջերս նրա թարգմանությամբ լույս տեսան Ռոմեն Ռոլանի «Բեթհովենի կյանքը» եւ Անդրե Ժիդի «Հովվերգական սիմֆոնիան»: Նա նաեւ հմուտ բանասեր է. նրա «Մատյան երախտիքի» հոդվածների ժողովածուն շատ արժեքավոր ուսումնասիրություններ է պարունակում: Նաեւ շատ լավ խմբագիր է:

«Թուրքական գիշեր» գրքի թարգմանությունն ու հրատարակությունը հովանավորել է ֆրանսահայ բարերար, «Horizon Armenie» ընկերության տնօրեն ԺԵՐԱՐ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ, որին հայ ժողովուրդը հայտնում է իր խորին շնորհակալությունը:

«Թուրքական գիշեր» գրքի հեղինակը հենց սկզբից հիշեցնում է, որ դեռ հեռավոր դարերից Թուրքիան վատ համբավ է վայելել ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում. բավական է հիշել մեծն Հյուգոյին. «Այստեղով թուրքն է անցել. ամեն ինչ ավեր է, ամեն տեղ սուգ» հրաշալի բնութագրումը:

Իրՙ մի շնչովՙ հափշտակությամբ կարդացվող խիստ արժեքավոր գրքում Ֆիլիպը նախ ներկայացնում է բռնակալ սուլթան Աբդուլ Համիդիՙ չափազանց տգեղ դեմք ու այդ դեմքին համապատասխան հոգի ունեցողի երկաթյա արյունալի վարչակարգը եւ նրա կողմից հայերի նկատմամբ կազմակերպված աննախադեպ վայրագություններն ու սպանդը:

Դիարբեքիրի ֆրանսիացի հյուպատոսը 1895 թ. նոյեմբերի 2-ի եւ նրան հաջորդող 3 օրերի վերաբերյալ գրում է. «Քաղաքը կրակի մեջ է... Երեկոյան գալիս էին նրանքՙ զինված երկաթապատ գավազաններով, յաթաղաններով, խոհանոցի սրածայր մեծ դանակներով, կացիններով. լայնաբերան դանակներով մտնում էին փայտաշեն տները, դուրս քաշում մարդկանց, սկսում դանակահարել, թրատել, կացնահարել: (Շնորհալի նկարչուհի Արմինե Գրիգորյանը այս տեսարանը շատ լավ է պատկերել գրքի շապիկի առաջին էջին եւ ամբողջ գիշերն էլ կարմիր է ներկել):

Ահաբեկված ու սարսափահար ականատես հյուպատոսի վկայությունները ցնցում են ոչ միայն գրքի հեղինակին, այլեւ ընթերցողին... «անշունչ մարմնի անդամներ, թպրտացող ձեռքեր, ոտքեր թռչում էին օդում... արյունը ցայտում էրՙ ուժգնորենՙ առվակներ կազմելով հոսում զառիվայր...»:

Հեղինակը բերում է նաեւ ֆրանսուհի մի կնոջ օրագրություններից հատվածներ. «Շուկայում սպանեցին բոլոր հայերին, ոչ մի հայ չվերապրեց... Զոհերի գարշահոտությունը բռնել էր ամբողջ քաղաքը..., փակ եկեղեցիներում այրվում էին հազարավոր անմեղ հայեր...»: Արյունը հոսում էր առվակներ կազմելով, իսկ թուրքերըՙ թալանելով:

Հայտնի լրագրող-հրապարակախոս Վիլյամ Միթչել Ռեմսը անորակելի այս սպանդի առջեւ մնացել էր ծայրաստիճան ապշած եւ գրում է. «Մի գրող, որ օժտված լինի Ալեքսանդր Դյումային հատուկ աշխույժ երեւակայությամբ եւ ունենա Էմիլ Զոլային հատուկ չարի ճանաչողությունը, իր ամենաճարտար նկարագրությամբ չի կարող գործել այն ազդեցությունը, որ թողնում է կոտորածի այս տեսարանը ականատեսի վրա: Ցավալի աղաղակները, ողբերը, լացուկոծը եղերական դառնությամբ լցրին Դիարբեքիրի, Տրապիզոնի, Երզնկայի, Էրզրումի, Սեբաստիայի, Մուշի, Խարբերդի, Վանի, Մալաթիայի, Բիթլիսի, Ադանայի, Ուրֆայի, Ալեքսանդրետի ցերեկներն ու գիշերները...

Ականատես հյուպատոսների, լրագրողների եւ գրողների վկայությամբ 1895 թվի նոյեմբերի միայն 3 օրերին 119 հայկական գյուղեր մոխրի էին վերածվել միայն այդ գավառում, իսկ մեռածների ու կորածների թիվը հասնում էր 30 հազարի: Եվ այս բոլորը սուլթան Աբդուլ Համիդի օրոք ու միջոցով, որը պատմության մեջ մտել է կարմիր սուլթան անունով. նրա վերաբերյալ նույն վերնագրով (նրա թափած արյան գույնով) 1935 թ. կինոբեմադրիչ Կարլ Գրյունը մի ֆիլմ է նկարահանելՙ անգլերեն լեզվով, որը շատ ուժեղ տպավորություն գործեց Եվրոպայում:

Գրքույկի ավելի ընդարձակ բաժինը նվիրված է երիտթուրքերին ու նրանցՙ ավելի զարհուրելի քաղաքականությանը: 1908 թ. հեղափոխության միջոցով կառավարության գլուխ անցան երիտթուրքերըՙ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշայի, ռազմական նախարար Էնվեր փաշայի, որը դարձավ գլխավոր հրամանատար, եւ ծովային նախարար Ջեմալ փաշայի գլխավորությամբ: Սրանց համալրեցին Նալիմը, Շաքիրը, Սայիդ Հալիմը: Թալեաթ փաշան հրապարակավ հայտարարեց. «Աբդուլ Համիդ, Դուք գահից զրկված եք, Ձեր իշխանությունը վերջացած է... Թուրքիան այլեւս արյուն չի ուզում... Մեր կարգախոսներն ենՙ «Ազատություն», «Հավասարություն», «Եղբայրություն»: Բայց դրանք միայն խոսքեր էին, եւ երիտթուրքերը վերադարձան իրենց նախնիներիՙ Աբդուլ Համիդի եւ մյուսների արյան լոգանքներինՙ ավելի դաժան ու ընդգրկուն ձեւերով... Նրանք մեկ տարի հետոՙ 1909 թ. կազմակերպեցին Ադանայի ջարդերը, որին զոհ գնացին 3 հազար հայեր, իսկ 1915-ինՙ Հայկական Մեծ եղեռնը, որի նմանը պատմության մեջ չի եղել...

«Եվ ահա 1915 թ. ապրիլի 24-ինՙ շաբաթ օրվա գիշերվանից մինչեւ կիրակիՙ 25-ի գիշերը եւ մինչեւ երկուշաբթիՙ ապրիլի 26-ի գիշերը ձերբակալվեցին 500 հայեր հասարակության բոլոր խավերիցՙ մասնավորապես բժիշկներ, լրագրողներ, գրողներ, մտավորականներ, ինչպես նաեւ մի քանի երեսփոխաններ»: Այսպիսի հեռագիր է ուղարկում Բեռլին Կոստանդրապոլսում Գերմանիայի դեսպան բարոն Հանս Ֆոնը:

Գրքում բերված են այդ օրերին Թուրքիայում գտնվող Ամերիկայի, Գերմանիայի, Իտալիայի եւ այլ երկրների ականատես դեսպանների հուշագրություններում ու գրքերում նկարագրված սահմռկեցուցիչ տեսարաններ: Ահա թե ինչ է գրում ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուն. «Մեռածները իրար վրա կուտակված էին ճանապարհների երկայնքին, ջրհորների, ձորերի խորքերում, գետերի եզերքներին, հրդեհված գյուղերի ու եկեղեցիների ավերակների տակ, անապատների քարանձավներում... Կանանց եւ երեխաներին ժայռերի բարձունքներից նետում էին Եփրատ եւ Մուրադ գետերը... խլում էին ամեն ինչ, խուզարկում էին նույնիսկ նրանց ամոթույքըՙ ոսկի եւ դրամ հափշտակելու համար: «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 28-ի եւ 29-ի համարներում հարյուրհազարավոր հայերի կոտորածների մեջ նշվում են նաեւ երեսփոխաններ Վարգեսի եւ Զոհրապի սպանությունները. «Ես պայթեցրի Վարգեսի ուղեղը, ապա բռնեցի Զոհրապին, գետին գցեցի նրան եւ մի մեծ քարով ջարդեցի գլուխը, մինչեւ որ մեռավ»,- պարծենում է թուրք. մի հրեշ (95-96):

Իտալացի հյուպատոսը գրում է. «Ինչ ես տեսել եմՙ իսկապես մի բնաջնջում էր... անմեղների կոտորած, աներեւակայելի ոճիրներ. մի սեւ էջՙ դրոշմված մարդկության ամենասրբազան իրավունքների բացահայտ ոտնահարումով...» (էջ 139):

«Հույները, որ շատ արհավիրքներ տեսած եւ ավելի դիմացկուն ժողովուրդն են, սարսափահար նայում էին տեղի ունեցածինՙ լցված այն նախազգացումով, որ նույն ճակատագիրը սպասում է նաեւ իրենց»,- գրում էին թերթերը:

Ամերիկացի մեկ ուրիշ հյուպատոսՙ Լեսլի Ամմերթոն Դեյվիսը, սարսափահար գրում է. «Ես չեմ հավատում, որ աշխարհի պատմության մեջ երբեւիցե գոյություն ունեցած լինի մի կոտորած այդքան ընդհանրական եւ այդքան արմատական, որքան այն կոտորածը, որը կատարվում է այս պահին, այս շրջանում եւ ոչ մի ծրագիր այն ահավոր եւ այնքան սատանայական, որը երբեւիցե հղացած լինի մարդու մտքում եւ նա, ով եզրակացնում է. «Գաղտնիք չէ, որ նախատեսված ծրագիրը միտում էր կործանել հայ ժողովրդին»:

Ամենաշատ ընթերցվող եւ ամենաշատ տպաքանակով լույս տեսնող «ԻԼՅՈւՍՏՐԱՍԻՈՆ» հանդեսը 1915 թ. հոկտեմբերի 9-ի համարում «Հայերի բնաջնջումը» 20 տողից բաղկացած համառոտ մի տեղեկագրում գրում է, որ հայոց ազգի երեք չորրորդը կամ չորս հինգերրոդը ոչնչացված է, եւ պատմության մեջ չկա մի էջ անշուշտ Լենկթեմուրի ժամանակներից ի վեր, ուր նշված լինի նույնքան զարհուրելի եւ նույնքան մեծ չափի մի այլ կոտորած» (էջ 141): Բոլոր հյուպատոսների ու լրագրողների հաշվարկումներով հայ միայն սպանվածների թիվը անցնում է մեկ միլիոնից, մոտենում է մեկուկես միլիոնի:

Որ եվրոպական ժողովուրդներից հայերի ամենամոտ բարեկամները ֆրանսիացիներն են, դրա լավագույն ապացույցներից մեկն էլ այն է, որ Եղեռնի մղձավանջային օրերին Մուսա լեռան վրա հերոսաբար մաքառող 4000 հայերի ֆրանսիական նավերը ազատագրեցին եւ հանձնեցին Կարմիր խաչի խնամքին:

Ասվածի լավագույն վկայություններից մեկն էլ այն է, որ շնորհալի գրող ու հումանիստ Ֆիլիպ Վիդըլիեն սրտի կսկիծով այնպես է վերարտադրում Եղեռնի սրտաճմլիկ փաստերը, որ կարծես թե ինքն էլ դրա մասնակիցը եղել ու ինքն էլ հայ է:

Գրքի արժեքը ավելի է ընդգծվում, երբ հեղինակն անդրադառնում է երիտթուրքերի վախճանին եւ թուրք փաշաներիՙ հայ երիտասարդ քաջարի վրիժառուների կողմից շանսատակ լինելուն: Թալեաթ փաշան շանսատակ եղավ Բեռլինում 1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանի գնդակով: Էնվեր փաշային Իտալիայում սպանեց Հակոբ Մելքումովը 1922 թ. օգոստոսի 4-ին: Ջեմալ փաշան սպանվեց Ստեփան Ծաղիկյանի կողմից Թիֆլիսում 1932 թ. հուլիսի 25-ին: Շաքիրն ու Ջեմալն սպանվեցին Բեռլինում 1922 թ. ապրիլի 17-ին Արամ Երկանյանի եւ Արշավիր Շիրակյանի կողմից: Նազիմը դատապարտվեց զինվորական ատյանի կողմից եւ ընկերոջՙ Ջալիդի հետ կախաղան հանվեց 1929 թ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ