RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1388, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՉՍԻՐԱԾ ԳՈՒՅՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած հունիսին ՌԴ նախագահ Պուտինը երկու օրենք ստորագրեց: Առաջինը «արգելում է անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը», երկրորդը պատիժ է սահմանում «հավատացյալների զգացմունքների վիրավորման, սրբավայրերի պղծման համար»: Այս երկու օրենքները եւս մեկ անգամ խոսելու թեմա տվեցին ռուսաստանյան լիբերալներին կամ արեւմտյան որոշ շրջանակների, որոնց ներկայացմամբ կամ կարծիքով` Ռուսաստանն ամենաբռնապետական պետությունն է Հյուսիսային Կորեայի ու Իրանի հետ: Իրավիճակն այս օրերին շատ նման չէ 1980-ին Մոսկվայումՙ օլիմպիադայի ժամանակահատվածին, սակայն որոշ նմանություններ, այդուհանդերձ կան: Օրինակ, այն ժամանակ Արեւմուտքը, որը սառը պատերազմի մեջ էր կումունիստական երկրի հետ, բոյկոտեց մոսկովյան օլիմպիադան: Այսօր նույն Արեւմուտքից սպառնում են բոյկոտել հաջորդ տարվա ձմռանը Սոչիում կայանալիք ձմեռային խաղերը, որովհետեւ «Պուտինի Ռուսաստանը ազատական, բաց երկիր չէ, որտեղ պաշտպանված կլինեին մարդու ու քաղաքացու իրավունքները»:

Անցած օրերին Մոսկվայում կայացած թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնության ժամանակ ամերիկացի վազորդ Նիք Սիմոնսը, որն արծաթե մեդալ ստացավ 800 մ վազքի մրցույթում, հայտարարեց, որ իր մեդալը նվիրում է իր «ընկեր համասեռամոլներին», իսկ շվեդ ցատկորդուհի Էմմա Գրին-Թրագերոն եղունգները ներկեց ծիածանի գույներով, ինչը համարվում է սեռական բազմազանության խորհրդանիշներից մեկը: Բայց Պուտինի ստորագրած օրենքներին միայն մարզիկները չէ, որ արձագանքեցին. Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինա Լոյդհոյսեր-Շտարենբերգերը ուղիղ կոչ արեց «ազատ աշխարհին»` պայքարել սեռական փոքրամասնություններին խտրականացման ենթարկելու ռուսաստանյան քաղաքականության դեմ»: Ավելին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Ինձ դուր չեն գալիս երկրները, որոնք փորձում են վախեցնել կամ վնաս հասցնել համասեռականներին, լեսբուհիներին կամ տրանսգենդերներին»: Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նամակ ստացավ իր հայրենակից դերասան-երգիծաբան Սթիվեն Ֆրայից, որտեղ վերջինս հորդորում է Լոնդոնինՙ «հաշվի առնելով, որ Պուտինը երկնագույներից քավության նոխազ է սարքում, ինչպես Հիտլերն էր անում հրեաների հետ», բոյկոտել Սոչիի առաջիկա խաղերը: Կրակի վրա յուղ լցրեց ռուսաստանցի հանրահայտ մարզուհի, օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաեւան, որը հայտարարեց. «Եթե մենք թույլ տանք, որ համասեռականներն իրենց ցուցադրեն փողոցներում, ապա մեր երկրի ապագան վտանգված կլինի»: Ճիշտ է, կարճ ժամանակ անց, անհասկանալի պատճառներով ու անհրաժեշտությամբ, Իսինբաեւան վերաշարադրեց իր խոսքերը. «Այդպիսին լինելը, իհարկե, իրենց կյանքն է, իրենց որոշումը, բայց ես կողմ են համասեռականության քարոզի արգելման օրինագծին»: Գուցե ակամա կամ, հնարավոր է, գիտակցաբար, ռուսաստանցի մարզուհին տվել է համասեռականների հետ շփման թերեւս միակ բանաձեւը. «Մենք դեմ չենք, որ դու կաս, բայց մենք դեմ ենք, որ դու քարոզես ու տարածես քո ապրելակերպը»:

Պուտինը եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են իրենց երկրներում համասեռականության քարոզներին, դեմ չեն, որ դրանք չարգելվեն Արեւմուտքում, այլ կերպ` «ուրիշների մոտ»: Խնդիրն, ըստ էության, համասեռականությունն էլ չէ, որովհետեւ համասեռականների փոխարեն «բոլորից տարբերվողների» դերում կարող էին լինել, ասենք, «երկաթյա մարդիկ» կամ «դեմքերը դեղին ներկող աղջիկներ ու տղաներ», խնդիրը ապրելակերպի, ապրելու ոճի պարտադրումն է: Ոճ, որի հիմքում թերեւս եսակենտրոնությունից բխող գործողություններն ու վարքագիծն է` բավարարելու սեփական էմոցիոնալ պահանջմունքները: Այս կերպ ապրող մարդկանց թվի աճը, անկախ նրանից, թե ինչպես են կոչվում, մեր երկրի ապագան է վտանգում, Երկիր` ոչ թե պետություն առումով, այլ` մոլորակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ