RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 971, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԿՅԱՆՔԸ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԳԵՂԱԳԻՏՈՐԵՆ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՎԱՅԵԼՔԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Էլիբեկյանների արվեստանոցի պատերին, հարեւանությամբ, նկարչական մտածողության տարբեր արտահայտություններից մեկը բնութագրում է հայր Էլիբեկյանի կիսաֆանտաստիկ աշխարհի գունային միրաժներըՙ անհայտին միտվող, մյուսըՙ որդու մոնրեալաբնակ նկարիչ Արեգ Էլիբեկյանի` աշխարհի իրական տեղանքների, մարդկանց ու նրանց զանազան միջավայրերի պատկերումներն են, որոնց խորքում ուշադիր նայելիս գտնում ես թաքնված այն նույն զգացումըՙ դարձյալ անհայտին ուղղված, որ կամրջում է այս ընտանիքի երկու սերնդի արվեստագետներին:

Արեգ Էլիբեկյանը ապրած միջավայրն ու բնակավայրը կտավին «տեղայնացնելու» հատուկ ձիրք ու շնորհ ունի: Նրա նկարներում քաղաքային կյանքն ապրում է իրականի զգացողությամբ: «Ներշնչում է, հոգուս հարազատ է, նույնքան բնական ու հանդարտ ասում է, ինչպես իր նկարներում դա նկարում է: - Սիրում եմ կյանքը, քաղաքներն ու դրանց միջավայրը, փողոցի տեսարանները, փարիզյան բիստրոներն ու սրճարանները»:

Մոլբերտի աջ ու ձախ կողմերում մեկ-մեկ հանդարտ տեղադրում է վերջին շրջանի իր մի քանի գործեր-կտավի փոքր տարածքից փոխանցվում է Փարիզի, Մոնրեալի, Թուլուզի, Մարսելի, Երեւանի ամենահարազատ ու գտնված տրամադրությունըՙ օրվա որեւէ պահի, որեւէ իրավիճակի, հայտնի է դառնում այս քաղաքների հանդեպ նկարչի գորովալի վերաբերմունքը: Նա զգում է յուրաքանչյուր բնակավայրին բնորոշ լույսն ու գույնը, նրա երկնքի ու արեւի ջերմությունը, այն մթնոլորտը, որ ձեւավորել են տվյալ քաղաքի պատմությունը, անցյալն ու այսօրը: Նկարիչն ապրում է այդ վայրերն այնպես, ինչպես գույնը կտավի խորքում:

Արվեստով ապրող մարդու կյանքն առհասարակ ամենուր հեշտ չէ, եւ բարեպատեհություն ու հաջողություն է, եթե նա կարողանում է արվեստի համար անցանկալի այս ժամանակներում ապրուստը հոգալ մասնագիտությամբ: Այդպես ապրում է Արեգ Էլիբեկյանը. նկարչություն է դասավանդում Մոնրեալի Գեղեցիկ արվեստների թանգարանում եւ քաղաքի Սեն Լորան թաղամասի մշակույթի եւ արվեստի կենտրոնում: Թանկ փնտրվող ժամանակը ստեղծագործելու համար, իհարկե, միշտ գտնվում է, եւ որն անհրաժեշտաբար միշտ էլ չի բավարարում: Արեգը սիրով է խոսում նկարչության դասավանդման մասին: Ասում է, աշակերտները ամենատարբեր տարիքիՙ 13-18 եւ ավագ սերնդի մարդիկ, նույնիսկ տարեցներ են, ում համար արվեստը հաճույք կամ կյանքը լցնող հետաքրքրական զբաղմունք լինելուց բացի, հոգեւոր սնունդ է նաեւ, իսկ շատերը նկարչության դասեր առնում են որպես միջոց, այսպես ասած, «բեռնաթափվելու», լիցքաթափվելու համար, ինչպես արդեն հայտնի է վաղուց, որպես արտթերապիայի ձեւերից մեկը:

Արեգի հոգում քաղաքներն ապրում են ասես իրար հերթագայելով, կամրջվում հիշողության մի դրվագով, զգացած ապրումով, կամ զուտ արտաքին գեղեցիկ տպավորությամբ, հայտնվում կտավներին բնական իրենց ընթացքով` առավոտվա թարմությամբ, կեսօրի գործնականությամբ, երեկոյի մտածկոտ «հանդարտությամբ»:

Երեւանյան այս ամռանը ահա այստեղ, արվեստանոցում նա շարունակում է քաղաքային կյանքի նկարչական իր «ռոմանսը»: Ստեղծագործում է, նկարում, մտածում, ապրում կյանքի բերած ամեն նոր իրողություն, տրամադրություն ու վիճակ, դրանք հայտնվում են կտավներին գույնի տարբեր մթնոլորտով, տարբեր խտացումներով: Այստեղՙ Երեւանում «Արամե» պատկերասրահում ներկայացված են իր մի քանի աշխատանքներ: Համագործակցությունը պատկերասրահի հետ սկսվել է բոլորովին վերջերս: Նկարիչը լավատեսորեն է տրամադրված, նպատակ ունի մտնել հայաստանյան արվեստի դաշտ, ավելի շատ գործեր փոխադրել այստեղՙ նկատի առնելով պատկերասրահի պրոֆեսիոնալ գործունեությունը, որ 10 տարվա պատմություն ունի, գնահատելով նկարիչների ընտրության սկզբունքը եւ կազմակերպչական մակարդակը, որով «Արամեն» հայ նկարիչներին կանոնավորապես ներկայացնում է ոչ միայն Հայաստանում, նաեւ արտերկրումՙ Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արեւելքում (Լիբանան):

Արեգի գործերը վաղուց ճանաչում, գնահատում եւ ներկայացնում են մի շարք պատկերասրահներ Մոնրեալում, Փարիզում, Միացյալ Նահանգներում: Վերջերս Ռոդ Այլենդի Պրովիդենս (ԱՄՆ) քաղաքի «Z» պատկերասրահում կայացավ Էլիբեկյան նկարիչների երեք սերնդի աշխատանքների հաջողված ցուցահանդեսը: Եվս մեկ հաճելի անակնկալ, որ պատահեց նկարչին, Հավանայի իր անհատական ցուցահանդեսն էր, Կուբային նվիրված բնանկարների, քաղաքային տեսարանների, դիմանկարների շարքով, քաղաքի լավագույն շրջաններից մեկում (Միրամար), «Սերվանտես Կադրեռա» պատկերասրահումՙ արվեստաբանների, արվեստասերների բավականին լայն հետաքրքրության պայմաններում: Արեգի համար Հավանան Մոնրեալի, Փարիզի ու Երեւանի պես յուրատեսակ բույր ու գույն ունի: Ասում է. «Սիրում եմ այս կղզին ու հաճախ եմ այցելում, ներշնչված եմ այդ ժողովրդով ու նրա մշակույթով: Նրանց մոտ էլ պայմանները հեշտ չեն, ինչպես մեզ մոտ, բայց նրանք կենսուրախ են: Այստեղ, Երեւանում նույնպես արեւի պակաս չկա, բայց տարբեր են աշխարհայացքները»:

«Նկարչությամբ ապրելը որեւէ տեղ հեշտ չի», ասում է այնպես հանդարտ, որ ոչ թե համակերպում է նշանակում, այլ կյանքին դիմադրելու արվեստագետի ենթագիտակցական զգացում ու միտք: «Վերջին շրջանում տնտեսական ճգնաժամի պատճառով շատ պատկերասրահներ փակվեցին: Մասնավոր պատկերասրահ պահելը հեշտ չէ: Հիմա գալերեա պահելը ոչ միայն Երեւանում, նաեւ Փարիզում, Մոնրեալում ճոխություն է»: Հարց է ծնվումՙ այսպիսի պայմաններում մարո՞ւմ է արվեստի հանդեպ հետաքրքրությունը: Իմ զրուցակիցը համեմատության մեջ է դնում երկու տարբեր երեւույթներ. «Արվեստի շուկան եւ հետաքրքրությունը արվեստի հանդեպ տարբեր բաներ են: Արվեստի շուկան ուղղակիորեն կապված է տնտեսական կյանքի հետ: Ճգնաժամային պայմաններում մարդիկ հիմնականում գնում են կայուն արժեքի գործեր, որը ներդրում է, կապիտալ: Ինչ վերաբերում է արվեստի հանդեպ հետաքրքրությանը, ամենօրյա կյանքը հայտնի է դարձնում, թեկուզ նկարչության իմ դասընթացները, եւ դրանց մասնակցության բազմամարդությունն ու վերաբերմունքը արդեն խոսուն փաստեր են»:

Արեգ Էլիբեկյանի ստեղծագործության թեմատիկ սահմանները որոշակի են, քաղաքային պատկերների գերակայությամբ իհարկե, միաժամանակ նրա բնապատկերները բնության մտերիմ զգացողության արտահայտություններն են, որ բացահայտում են նկարչի նուրբ նախասիրություններն ու մոտեցումներն այս ժանրումՙ ջրերի խոհուն հանդարտություն, աշնանային գույնի անդիմադրելի գրավչություն, ձմեռային պեյզաժների զարմանալի քնարականություն:

Ժամանակակից աշխարհը թելադրում է իրենը, իր պահանջները, իր ճաշակն ու անհրաժեշտությունը: Սակայն արվեստը, ստեղծագործական միտքը չեն կարող ենթարկվել կամ սահմանափակվել միայն արտաքին աշխարհից եկած ազդակներով: Ճշմարիտ արվեստը բոլոր ժամանակներում ծնվում է բարձր մտածողության ու զգացողության անհատականացված ապրումից: Ժամանակակից աշխարհում այսօր էլ շարունակում են կողք կողքի ապրել արվեստի, նկարչության ամենատարբեր տեսակներ ու ուղղություններՙ դասականից մինչեւ գերմոդեռն, դրանք բոլորը, ինչպես իմ զրուցակիցն է ասում, ունեն իրենց գալերիստները, քննադատները, ներկայացնողները, նախասիրողները: Խնդիրըՙ ինչպես, արվեստի ինչ մակարդակով, ինչպիսի պրոֆեսիոնալիզմով ներկայացված լինելն է: Այնպես որ դասական արվեստի մոտիվներով ստեղծագործելը կամ այդ սկզբունքներով մտածելը բնավ չի նշանակում լինել ոչ արդիական. գնահատելին միշտ էլ մնում է ստեղծագործական վարպետությունը, ճշմարիտ ապրումը, որ փոխանցում է կտավին արվեստագետը:

Խոսքային, բառային արտահայտություններում շռայլություն չսիրող նկարչի չասված մտքերը փորձում եմ կարդալ իր կտավներում, լույսի ու գույնի անմիջական վերապրումի մեջ զգալ իրականությունից տպավորված, սակայն սեփական կյանքն ու միջավայրը նկարներում ստեղծած եւ իրենը դարձրած մթնոլորտիՙ որքան գրավիչ, նույնքան խոհուն տրամադրության հանդարտությունըՙ ոչ միայն բնանկարների, նույնիսկ քաղաքային բազմամարդ տեսարանների մեջ, որոնց զգացողությունը խորքում, այնուամենայնիվ, մնում է նույնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ