RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Դեմքեր

Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 981, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՆԱ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՆԱՉՄԱՆ, ՍԻՐՈ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մեր հայրենակից, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Սամվել Կարապետյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում ոչ միայն ամեն տարվա օգոստոսյան այս օրերին, ծննդյան տոնի կապակցությամբ, այլեւ տարին տասներկու ամիս` ամենատարբեր առիթներով: Նա բազմաթիվ նամակներ է ստանում ինչպես մտերիմներից եւ ծանոթներից, այնպես էլ Տաշիր աշխարհի հայրենակիցներից, որոնց մտահոգությունները, տխրություններն ու ուրախությունները, չնայած միմյանցից բաժանող հազարավոր կիլոմետրերին, մշտապես եղել են հասանելի եւ ուշադրության կենտրոնում: Շնորհավորողների մեջ զգալի թիվ են կազմում նաեւ Ռուսաստանում բնակվող տարբեր ազգության եւ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց թեեւ երբեւէ չի էլ հանդիպել Սամվել Կարապետյանը, բայց փոխարենը` այդ մարդիկ ուշի-ուշով հետեւելով հայազգի գործարարի աստվածահաճո ձեռնարկումներին` ցանկանում են հայտնել իրենց սրտի խոսքն ու բարեմաղթանքը:

Նրանցից երկուսին ես հանդիպեցի «Տաշիր Գրուպի» կազմակերպած հերթական միջոցառման օրը` Մոսկվայի Կրեմլի դահլիճում մեծ շուքով ընթացող «Տաշիր-2013» ամենամյա երաժշտական ութերորդ մրցանակաբաշխության ժամանակ:

Տեղեկանալով, որ հայազգի լրագրող եմ, ռուս ամուսինները, ինչպես հետո պարզվեց` արվեստագետներ, ինձ մեկնեցին գեղեցիկ ձեռագրով գրված մի թուղթ` ավելացնելով. «2006 թվականից մենք ներկա ենք գտնվում երաժշտական այս անկրկնելի տոնահանդեսներին, եւ յուրաքանչյուր անգամ «Տաշիրը» Ռուսաստանի ամենահեղինակավոր բեմերից ներկայանում է ինքնատիպ եւ յուրահատուկ շոու-ծրագրովՙ համախմբելով ինչպես հայկական, այնպես էլ ռուսական եւ միջազգային էստրադայի ամենահայտնի եւ սիրելի արտիստներին: Շնորհակալություն Սամվել Կարապետյանին` մեզ անկրկնելի տոներ պարգեւելու համար: Ձեր ժողովուրդը պետք է հպարտանա այսպիսի զավակով, որովհետեւ նա հայկական մշակույթը զարգացնելու եւ ամբողջ աշխարհում ներկայացնելու գործում անուրանալի եւ մեծ ներդրում ունի, եւ «Տաշիր»-ի փառատոներին մասնակցում են նաեւ համաշխարհային մեծության աստղեր, որը նույնպես Սամվել Կարապետյանի մտահղացումներից է: Մենք այստեղ գրել ենք Ձեր մեծ հայրենակցին ուղղված մեր սրտի խոսքը...»:

Իսկ ձեռագրում, անկեղծ բարեմաղթանքներից զատ, արվեստագետ ամուսինները Սամվել Կարապետյանին էին ձոնել այս հնամյա զրույցը. «Աստված հանդիպում է մի մարդու եւ հարցնում. կցանկանա՞սՙ ցույց տամ քո անցած կյանքն ու ճանապարհը: -Իհարկե,- զարմացած պատասխանում է մարդը: Աստված նրան վեր է բարձրացնում եւ ցույց տալիս նրա կյանքի անցած ուղին` իրար կողքի քայլող զույգ ոտնահետքեր: - Իսկ ո՞վ է ինձ հետ,- հարցնում է մարդը: - Ես եմ... Աստվածը, ես ուղեկցում եմ քեզ քո ողջ կյանքի ընթացքում: -Իսկ ինչո՞ւ են որոշ տեղերում միայն մեկ մարդու ոտնահետքեր: -Դրանք կյանքիդ դժվար պահերն են: -Դու ինձ մենա՞կ ես թողել, բայց ինչպե՞ս կարող էիր,- հիասթափված եւ զարմացած հարցնում է մարդն Աստծուն եւ ստանում հետեւյալ պատասխանը: -Դրանք իմ ոտնահետքերն են, քո կյանքի դժվարին պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ պահել...»:

Այս հուզիչ պատմությունը հիշատակելուց հետո ամուսինները մարգարտաշար ձեռագրով հավելել էին. «Թանկագին Սամվել Կարապետյան, մենք գիտենք, թե որքան դժվարություններ ես տեսել քո երիտասարդ կյանքի ընթացքում: Հավատացած եղիր, որ այսուհետեւ էլ, դժվարին պահերին, Աստված քեզ պահելու եւ պահպանելու է, քանզի դու արժանի ես Նրա բարեհաճությանը...»:

Ահա այսպիսին է մարդկանց սրտի անկեղծ խոսքը, նրանց ճշմարիտ գնահատականը հասարակության բարօրության համար մտահոգ անհատի, մարդու` իր դրվատելի գործունեությամբ այսօր արդեն ամբողջ Ռուսաստանին հայտնի մեր հայրենակից Սամվել Կարապետյանի մասին, ով ընդամենը 48-րդ ամառն է դիմավորում իր կյանքի, սակայն հասցրել է արժանանալ համընդհանուր ճանաչման, սիրո եւ հարգանքի:

48 տարին ոմանց կարող է ակնթարթ թվալ, բայց մեր հայրենակցին ճանաչողները գիտեն, որ այդ ժամանակահատվածը եղել է նաեւ բազում դժվարություններով լի ուղի, որը Սամվել Կարապետյանը արժանապատվությամբ եւ պատվով է հաղթահարել:

Իսկապես, մինչ օրս էլ շատերի համար մնում է հանելուկ, թե ինչպես կարելի է օտար ափերում, առանց կապերի եւ սկզբնական կապիտալի, շատ կարճ մի ժամանակահատվածում դառնալ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, անել անհնարինըՙ զրոյից հասնել աննախադեպ հաջողությունների, հասնել փառքի գագաթնակետին ու միեւնույն ժամանակ` մնալ մարդ եւ բարոյականության մարմնացում: Եվ պատահական չէ, որ 1999-ին ստեղծված ընկերությունն այսօր ՌԴ-ում ունի շուրջ 200 ձեռնարկություն, որի մեջ մտնում են 24 առեւտրային, 7 բիզնես կենտրոններ եւ 7 հյուրանոց` ավելի քան 35.000 աշխատատեղով:

Լինելով չափազանց պատրաստակամ անհատ եւ ապրելով Ռուսաստանում` Սամվել Կարապետյանը երբեք անտարբեր չի մնում Հայաստանի մտահոգությունների նկատմամբ, նա ակտիվ ու նախաձեռնող է նաեւ հայրենիքի շենացման գործերում եւ մշտապես ցանկանում է իր ներդրումն ունենալ: Մեր ժողովրդին քաջ հայտնի է բարեգործ Սամվել Կարապետյանի առինքնող կերպարը: Այսօր արդեն անուրանալի իրողություն է, որ նա սիրով է բարեգործություններ եւ նվիրատվություններ անում: Անում է սրտի կանչով, անաղմուկ եւ առանց ավելորդ թմբկահարումների: Ամենաթարմ օրինակներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարությանը ցուցաբերած լուրջ եւ ծանրակշիռ աջակցությունն էր: Իսկ մինչ այդ, հավատարիմ նախնյաց կանչին եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատգամներին` Սամվել Կարապետյանը 10 միլիոն դոլար է նվիրաբերել Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցման գործին, դրանից հետո էլ 15 միլիոն դոլար է փոխանցել Սուրբ Էջմիածին Մայր տաճարին... Իսկ ամիսներ առաջ «Տաշիր Գրուպը» Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում հանդիսավորությամբ գործարկեց «Դալմա Գարդեն Մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը, որի բացմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Տաշիր Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ: Առեւտրային գոտում ապրանքանիշներ եւ արտադրողների ներկայացնող վաճառքի սրահներից բացիՙ «Դալմա Գարդեն Մոլ»-ը ներառում է ժամանցի գոտի, կինոթատրոններ, մանկական խաղահրապարակ, սրճարաններ եւ հիպերմարկետ: «Դալմա Գարդեն Մոլ»-ը հավակնում է դառնալ նաեւ տարբեր միջոցառումներիՙ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձեւության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր եւ համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս:

Եվ վերջապես, ինչպես ասում են` բոլորիս աչքը լույս. ամերիկյան «Forbes» ամսագիրը վերջերս հրապարակել է աշխարհի դոլարային միլիարդատերերի` 2013 թվականի ցուցակը: Միլիարդատերերի համաշխարհային ցուցակում ազգությամբ 6 հայ կա: Աշխարհում ամենահարուստ հայը 353-րդ հորիզոնականում գտնվող Սամվել Կարապետյանն է, որի ընդհանուր կարողությունը, ըստ «Forbes»-ի, կազմում է 3,8 միլիարդ դոլար: Անցյալ տարի նրա կարողությունը ամսագիրը գնահատել էր 1,6 միլիարդ: Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում Սամվել Կարապետյանի կարողությունը աճել է 2,2 միլիարդ դոլարով: Դատելով «Forbes»-ի ներկայացրած տվյալներից` մինչ վերջերս աշխարհի ամենահարուստ հայը համարվող Քըրք Քըրքորյանը առաջին անգամ տեղը զիջել է Սամվել Կարապետյանին...

Ահա այս վաստակով եւ ծանրակշիռ «ուղեբեռով» է Սամվել Կարապետյանը դիմավորում իր ծննդյան հերթական տարեդարձը:

Ի սրտե շնորհավորում ենք մեր անվանի եւ տաղանդավոր հայրենակցին: Մեր հիշատակած հնամյա զրույցի պես` դժվարին պահերին Աստված նրան պահապան: Միշտ իր սիրելիների կողքին լինի, նրանցով շրջապատված: Թող անցնող ժամանակը բերկրանք եւ ուրախություն պարգեւի նրան, քանզի նա այդ ամենը վերադարձնելու է մարդկանց` իր ժողովրդին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ