RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1161, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 16

Ի՞ՆՉ Է «ԱՍԵԼ ՊՈՒՏԻՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԻՆ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Նեզավիսիմայա գազետա»-ն Պուտինի Բաքու կատարած այցի «մեխ» է համարել այն, որ ՌԴ նախագահը «չի այցելել «շեհիդների ծառուղի», որ գրեթե պարտադիր արարողակարգ է»: Ի՞նչ է դրանով ակնարկել ռուսաստանյան լրատվամիջոցը: Թերեւս` որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն, այնուամենայնիվ, այնքան էլ կարգավորված չե՞ն: Ըստ երեւույթին, պետք է այդպես հասկանալ:

Այդուհանդերձ, մեկնաբանների մեծ մասը հակված է կարծելու, որ Պուտինը Բաքու էր գնացել, որպեսզի ցուցադրի Իլհամ Ալիեւին իր անձնական աջակցությունը: Ադրբեջանական կողմի համար կարեւորը դա էր, ուստի Բաքվում երեւի այնքան էլ նշանակություն չեն տվել` Պուտինը կայցելի՞ «շեհիդների ծառուղի», թե՞ կգերադասի հին քաղաքում շրջել: Գլխավորը` մի քանի ժամ գտնվելով Ադրբեջանի մայրաքաղաքում, ՌԴ նախագահը հասցրել է ինչ-որ «բան ասել ադրբեջանական ընդդիմության ականջին»:

Այդ տպավորությունն է թողնում այսպես կոչված Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի` օգոստոսի 19-ի ուշ երեկոյան ավարտված նիստի մասին տեղեկատվությունը: Ըստ այդմ, կառույցը «ճգնաժամային ռեժիմով քննարկել է մեկ հարց` ունենա՞լ պահեստային միասնական թեկնածու, թե՞ միանշանակորեն շարունակել սատարել Ռուստամ Իբրահիմբեկովին»: Քվեարկության արդյունքներով մեկ ձայնի`43-ն ընդդեմ 42-ի, հաղթել են առաջին տեսակետի կողմնակիցները:

Արդեն կարելի է ասել, որ Ադրբեջանում միասնական ընդդիմություն գոյություն չունի: Չափազանց մեծ է հավանականությունը, որ «պահեստային միասնական թեկնածուի» հարցում համաձայնություն չի կայանա, եւ Իլհամ Ալիեւի «արմատական» մրցակիցը դարձյալ կլինի «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Գամբարը:

Ավելի վաղ մենք կասկածել էինք Ռուստամ Իբրահիմբեկովի անկեղծությանը եւ նկատել, որ եթե նա իրականում մտադրված էր գլխավորել միավորված ընդդիմությունը, ապա ինչո՞ւ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց չէր սկսել թեկուզ տարեսկզբին: Ֆորմալ առումով հենց Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունն է խոչընդոտ, որ նա ԿԸՀ-ում նախագահի թեկնածու հաստատվի:

Որոշ աղբյուրներ հույս էին պահում, որ ՌԴ նախագահ Պուտինը Իբրահիմբեկովին քաղաքացիությունից զրկելու հարցը «կլուծի արագ»: Դա տեղի չունեցավ, Ադրբեջանում նախագահի թեկնածուների առաջադրումն արդեն սկսված է, մինչդեռ Կրեմլի մամուլի ծառայությունը չգիտի, թե «երբ է իր նախաձեռնությամբ քաղաքացիության հարցերով հանձնաժողովի նիստ գումարելու» Վլադիմիր Պուտինը:

Ակնհայտ է, որ այդպիսի անորոշ ձեւակերպման հասցեատերն ադրբեջանական ընդդիմությունն է, որին Մոսկվայից հասկացնում են «ավելորդ հույսեր չփայփայել»: Այսպիսի իրավիճակը միանգամայն ձեռնտու է «ավանդական ընդդիմությանը», որի` իշխանություննեերի համար ամենականխատեսելի դեմքը «Մուսավաթ»-ի առաջնորդ Գամբարն է:

Վերջինս Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նիստին ասել է, որ «կպաշտպանի Իբրահիմբեկովին, եթե նա կարողանա նախագահի թեկնածու գրանցվել», բայց եւ ավելացրել, որ «հարկ է ունենալ պահեստային միասնական թեկնածու, իսկ եթե այդպիսի համաձայնություն չլինի, ապա «Մուսավաթ»-ն ընտրությունների կգնա իր թեկնածուով»: Սա այլ բան չի նշանակում, քան` որ «Մուսավաթ»-ը հնարավոր եւ անհնար ամեն ինչ անելու է, որպեսզի Իլհամ Ալիեւի հետ «մրցակցի» Իսա Գամբարը:

Այդ դեպքում, ինչպես իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության ներկայացուցիչ Մուբարիզ Գուրբանլին է երեկ ասել, «Ադրբեջանում տեղի կունենան նախագահի իրոք ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ»: Հնարավոր է` ադրբեջանական ընդդիմությունը տրոհվեր նաեւ առանց ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի: Բայց փաստն այն է, որ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդում քաղաքական ճգնաժամը դրսեւորվել է Պուտինի այցից հետո:

Ավելի վաղ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները «նույն կգբ-կոմունիստական խմորից են հունցված» եւ ավելացրել, որ 1990թ. հունվարի 20-ի գիշերը, երբ խորհրդային հատուկ ծառայությունները պետք է սկսեին ԱԺՃ պարագլուխների «որսը», Եվգենի Պրիմակովը ցուցում էր տվել «ամեն գնով խնայել Իսա Գամբարովին»: Խոսքը «Մուսավաթ»-ի ներկայիս առաջնորդ Իսա Գամբարի մասին է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ