RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Տեղադրվել է` 2013-08-20 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1535, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՉՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին այցելեց Ադրբեջան, ինչն, ի դեպ, երրորդ անգամ ՌԴ նախագահությունը ստանձնած Պուտինի` հարեւան երկիր կատարած առաջին այցն էր, «Ազատություն» ռադիոկայանը մի քանի օրից հաղորդեց, որ Հայաստանը Չինաստանից գնել է AR1A հրթիռային համալիրներ, որոնք, ըստ փորձագետների, ռուսական հանրահայտ «Սմերչ» նույնատիպ զինատեսակի ավելի կատարելագործված ու հեռահար տարբերակն են: Եթե «Սմերչ»-ի հեռահարությունը 90 կմ է, ապա չինական համալիրինը` 130: Գործարքի մանրամասնությունները ոչ «Ազատություն» ռադիոկայանը, ոչ էլ ՀՀ ՊՆ համապատասխան աղբյուրները չեն հաղորդում, սակայն պաշտպանական գերատեսչությունը Չինաստանից հրթիռային համալիրներ գնելու հանգամանքը չի հերքել, հետեւաբարՙ գործարքը տեղի ունեցել է:

Հաշվի առնելով, որ զենքի վաճառքը ենթադրում է պարտադիր երկարամյա, հեռահար համագործակցություն, կարող ենք նշել ուրեմն, որ Չինաստանը Հայաստանի հետ գնում է այդ երկարամյա, հեռահար համագործակցությանը: Մասնավորաբար, զենք վաճառելով Հայաստանին, Չինաստանը ընդգծում է, որ իր համար ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, եւ ինքը եւս ցանկանում է անմիջականորեն պայմանավորել այստեղի գործընթացները: Այս համատեքստում նկատենք, որ Պեկինին, որպես Ասիայում գտնվող թերեւս միակ, իրական գերտերության, ամենեւին ձեռնտու չէ Ասիան «տիրելու» Թուրքիայի առայժմ միայն ցանկությունը: Հիշեցնենք, վերջերս լուրեր տարածվեցին, որ «Թուրքիան ու Ադրբեջանը քայլեր են ձեռնարկում` միավորելու իրենց զինված ուժերը»: Այս տեղեկությունը ոչ հաստատվեց, ոչ հերքվեց, ինչպես եւ սրան հաջորդած տեղեկությունը, թե Չինաստանը զենք է վաճառում Հայաստանին:

Իսկ Պուտինը Բաքվում էր բավական ներկայացուցչական ուղեկցությամբ: Մասնավորաբար ՌԴ նախագահի հետ Ադրբեջանի մայրաքաղաք ժամանեցին արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ` Սերգեյներ Լավրովն ու Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԱԻՆ, տրանսպորտի, տնտեսական զարգացման նախարարները, ինչպես նաեւ ռուսական զենքի միջազգային առեւտրով զբաղվող` «Ռոսօբորոնէքսպորտ»-գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի շուրջն ընթացող բազմակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաեւ ռուսական նավթային հսկաներից` «Ռոսնեւթ»-ի ղեկավար Իգոր Սեչինն ու «Լուկօյլ»-ի ղեկավար Վագիտ Ալեքպերովը:

Ընդ որում, վերջինիս համար Պուտինի հետ Բաքու ժամանելը վերջին ամսում երկրորդ այցն էր Ադրբեջանի մայրաքաղաք: Հետեւաբար Ադրբեջանը Ռուսաստանի, հատկապես ռուսական մեծ բիզնեսի համար դիտարկելի է որպես արժեքավոր գործընկեր, ինչը նշանակում է, որ Մոսկվան տարածաշրջանում քաղաքական կայունության է ցանկանում, առանց որի, հասկանալի է, հնարավոր չէ իրագործել ռուս-ադրբեջանական տնտեսական, բիզնես պայմանավորվածություններն ու պայմանագրերը: Այս համատեքստում, հիշենք, Բաքվում, ՌԴ նախագահ Պուտինը վերահաստատեց. «ԼՂ հակամարտությունը պետք է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով...»:

Այդուհանդերձ Պուտինն ու Ալիեւը երկուսով որեւէ պայամանագիր չեն ստորագրել: Այսինքն, ՌԴ նախագահի գլխավորությամբ, ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակության` Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրված ռուս-ադրբեջանական պայմանագրերը ստորագրել են երկու երկրների այս կամ այն գերատեսչությունների ղեկավարները, բիզնեսմեններ, բայց ոչ` նախագահները: Հետեւաբար, ինչո՞ւ էր Բաքու ժամանել Պուտինը` հետեւելու, թե ինչպես են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ պայմանագրեր ստորագրում ռուսաստանցի պաշտոնյաներն ու գործարարնե՞րը: Հասկանալի է, որ` ոչ: Ռուսաստանի նախագահը Ադրբեջան էր ժամանել այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից շուրջ երկու ամիս առաջ ընդամենը: Հետեւաբար Պուտինը Բաքվում էր` հայտնելու իր անմիջական աջակցությունը Իլհամ Ալիեւին, որը, ինչպես եւ ինքը, գնում է նախագահական երրորդ ժամկետին, սակայն, ի տարբերություն իրեն, անընդմեջ: Եվ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի համար տարածաշրջանում կայունությունը խիստ կարեւոր է սեփական տնտեսական նախագծերն իրագործելու ու շարունակելու համար, եթե նկատենք, որ Ադրբեջանում է հենց տարածաշրջանում կայունության բանալին, ապա ստացվում է, որ Պուտինը տարածաշրջանում խաղաղությունն ու կայությունը պայմանավորում է Ալիեւի անձով` վերջինիս սատարելով: Այլ կերպ ասած, նախագահական ընտրություններից շուրջ երկու ամիս առաջ Իլհամ Ալիեւը Պուտինից ստանում է աջակցություն, եւ փոխարենը «խաղաղության խոստում» է տալիս:

Պարզապես չի կարող Մոսկվան տնտեսական խոր համագործակցության մի շարք պայմանագրեր ստորագրել մի երկրի հետ եւ հայտնել այդ երկրի նախագահին սեփական աջակցությունը, որը, վերընտրվելուց հետո, պատրաստվում է պատերազմի: Այս համատեքստում, Ալիեւ-Պուտին հանդիպումից հետո, Ծաղկաձորում ամենեւին էլ պատահական չհնչեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւը հաղթեր»:

Ուրեմն, որքան էլ տարօրինակ հնչի, Ալիեւի հաղթանակը Ադրբեջանի նախագահական ընտրություններում նշանակում է, որ Բաքուն պատերազմ չի նախաձեռնի. այդ մասին Պուտինը հավաստիացել է Բաքվում, անձամբ Ալիեւից, եւ այս մասին, ըստ ամենայնի, գիտի նաեւ նախագահ Սարգսյանը:

Իսկ ինչ վերաբերում է չինական զենքին կամ ռուսական «Սմերչ»-ին, ապա ժամանակակից աշխարհում լավ զինվում են ոչ միայն եւ ոչ այնքան պատերազմելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ